Հրապարակախոս Վահրամ Աթանեսյանի
կարծիքով՝ տպավորություն է, որ հայկական լրատվամիջոցները ավելի հաճույքով են Ալիևին
մեջբերում, քան նույնիսկ Բաքվի մամուլը․ «Ադրբեջանում խնդիր ունեն համոզել իրենց
հանրությանը, որ այն ճանապարհը, որն ընտրել է Իլհամ Ալիևը՝ արդարացի է և համապատասխանում
է բոլոր այն քարոզչություններին, որն ինքը վերջին առնվազն տարիներին ծավալել է իր երկրում։ Մենք ստեղծում
ենք արհեստական կազուսներ ու դրա շուրջ սկսում երևակայական դատողություններ անել»,-Civic.am-ի
հետ զրույցում ասաց նա։
Աթանեսյանի դիտարկմամբ՝ ընդդիմության արձագանքները ոչ միայն
տրամաբանության, այլ բանականության սահմաններից են դուրս գալիս․ «Ես կարդացի մի տեսակետ, որ հարևանների հետ հարաբերությունները
պետք է կարգավորել, բայց ոչ հազարավոր կիլոմետրերի վրա գտնվող երկրի միջնորդությամբ։
Խոսքը Միացյալ Նահանգների մասին է, իսկ իրենք մոռանում են, որ Ռուսաստանն էլ է հազարավոր
կիլոմետրեր հեռու, մեր հետ այլ երկրներով միջնորդավորված՝ կամ Վրաստանով, կամ Ադրբեջանով»,-նկատեց
նա։
Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ որոշ ուժեր 2020 թվականի նոյեմբերի
տասին Ստեփանակերտում պահանջում էին Արայիկ Հարությունյանի հրաժարականը․ «Ինչու՞, որպեսզի իրականություն չդառնա նոյեմբերի 9-ի համաձայնագիրը։
Նրանք Արցախում ամեն ինչ արել են, որպեսզի այդ պայմանավորվածությունները, շատ փխրուն
ստատուս քվոն խախտվի»։
Վահրամ Աթանեսյանի դիտարկմամբ՝ որևէ կողմից նոյեմբերի 9-ի փաստաթղթից
ստորագրություն հետ չի կանչվել, բայց ռեալ քաղաքականության ռեժիմում առկա իրողությունն
իհարկե տարբերվում է ․ «Ինչու՞ չպետք է ասենք,
որ օգոստոսի 8-ը փակել է նոյեմբերի 9-ի էջը,
հետագա զարգացումներն ինչպես պետք է լինեն, մեր փորձագիտական միտքը պետք է դրան ուղղված
լինի»,-եզրափակեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան