Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին՝ երկկողմ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին՝ երկկողմ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ
Պաշտոնական
11:36, 27 май 2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Լակաժե Պոուին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ:

Ուղերձում ասված է. 

«Ձերդ գերազանցություն, 

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման  30-րդ տարեդարձը: 

Մեր ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները, անշուշտ, շատ ավելի երկար պատմություն ունեն, իսկ այս 30 տարվա ընթացքում դրանք տեղափոխվել են նաև միջպետական հարթություն և շարունակել զարգանալ փոխըմբռնման, ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության մթնոլորտում: 

Մենք երբեք չենք մոռանա, որ Ուրուգվայը 1965 թվականին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած առաջին երկիրն է, որով վերահաստատել է մարդու հիմնարար իրավունքների և համամարդկային արժեքների՝ իր ջատագովի համբավը: Ներկայում մեր երկրների կապերը սերտացնող կարևոր գործոն է ցեղասպանությունից հետո Ուրուգվայում ձևավորված հայ համայնքը։ 

30-ամյա հոբելյանին ընդառաջ կարևորում եմ Երևանում և Մոնտեվիդեոյում դեսպանությունների բացման երկուստեք որոշումը, ինչը վկայում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և ապագային միտված տեսլականի մասին: 

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի և Ուրուգվայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի առթիվ։ Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ ամրապնդելու բարեկամ Ուրուգվայի հետ փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: 

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»: