Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ն չի ճանաչում Արցախի նախագահական ընտրությունների արդյունքները

ԱՄՆ-ն չի ճանաչում Արցախի նախագահական ընտրությունների արդյունքները
Քաղաքականություն
12:44, 12 сентябрь 2023
Միացյալ Նահանգները չի ճանաչում Արցախի նախագահական ընտրությունների արդյունքները։ Այդ մասին սեպտեմբերի 11-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Թեև կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղն ունենա վստահելի ներկայացուցիչներ այս գործընթացի (երկխոսության – խմբ․) համար, բայց ինչպես նախկինում ենք ասել, մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն, և հետևաբար, չենք ճանաչում այդ, այսպես կոչված, նախագահական ընտրությունների արդյունքները, որոնք տեղի են ունեցել վերջին օրերին»,- ասել է նա։

Միլլերի խոսքով՝ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին` լուծելու առկա խնդիրները ուղիղ երկխոսության միջոցով։

«Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում արագորեն վատթարացող հումանիտար իրավիճակով։ Կրկնում ենք մեր կոչը՝ Լաչինի և Աղդամի երթուղիները անհապաղ և միաժամանակ պետք է բացվեն՝ թույլ տալու մարդասիրական մատակարարումների մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Մենք կոչ ենք անում ղեկավարներին չձեռնարկել որևէ գործողություն, որը մեծացնում է լարվածությունը կամ շեղում այդ նպատակից»,- նշել է պետքարտուղարության խոսնակը։

Մեթյու Միլլերը խոսել է նաև սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում անցկացվող հայ-ամերիկյան զորավարժությունների և դրան հետևած ռուսական արձագանքների մասին․ «Մենք պարբերաբար մարզվում ենք մեր գործընկերների հետ համատեղ՝ պատրաստականությունը պահպանելու համար, և մենք շարունակաբար բարելավում ենք մեր զինված ուժերի փոխգործունակությունը։ Կարծում եմ՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը վերջին տարիներին ներխուժել է իր երկու հարևանների տարածք, նա պետք է ձեռնպահ մնա տարածաշրջանի երկրներին անվտանգության միջոցառումների մասին դասախոսություններից»։