Հայտնի շրջանակները՝ համագործակցությամբ հյուսիսային մեդիա ռեսուրսների, Գրանադայում կայացած քառակողմ հանդիպումից հետո, որտեղ հայտարարություն ընդունվեց և որով Ֆրանսիան, Գերմանիան և ԵՄ-ն արձանագրեցին Հայաստանի Հանրապետության 29 800 քառ կմ տարածքային ամբողջականության անձեռնամխելիությունը, սկսվեցին կայծակնային արագությամբ տարածել, թե «Նիկոլը Տավուշի 7 գյուղերն ու Տիգրանաշենը հանձնեց, հասե՜ք, փրկե՜ք, լցվեք հրապարակներ, պետք է Երևանի կենտրոնում հիմա էլ անկլավները փրկենք»։
ՀՀ 29 800 քառ կիլիոմետրը Հայաստանի Հանրապետության ՄԱԿ-ով ճանաչված տարածքային ամբողջականությունն է, և «անկլավները հանձնեց» գոռացողներին պետք է մեկ հարց տալ՝ ինչո՞ւ միաժամանակ չեք գոռում, թե «Արծվաշենը ազատագրեց»։
Խորհրդային միության Գլխավոր շտաբի վերջին քարտեզը, որին հղում անելով եվրոպական լիդերները կոչ են անում իրականացնել սահմանազատում, իրապես չեն ներառում անկլավները, սակայն ներառում է Արծվաշենը, որն էլ, ի դեպ, իր տարածքով մոտավորապես այնքան է, որքան այդ 7 գյուղերը։
Բայց այստեղ էլ ամեն ինչ այնքան պարզ չէ․ Ադրբեջանը դեռ պետք է անկլավների վերաբերյալ իրավական հիմքեր ներկայացնի։ Եթե անգամ ներկայացնի, ապա միայն սահմանազատման և սահմանագծման փուլում է բարձրանալու այդ հարցը՝ 7 գյուղերը և Տիգրանաշենը փոխանակվելո՞ւ են Արծվաշենի հետ, թե՞ կողմերը պայմանավորվելու են թողնել ամեն ինչ այնպես, ինչպես կա՝ 7 գյուղերն ու Տիգրանաշենը մեզ, Արծվաշենը՝ Ադրբեջանին։
Սրան հասնելու, ինչպես նշեցինք, դեռ շատ ժամանակ կա։ Ակնհայտ է, որ սահմանազատման փուլին հասնելու համար դեռ շատ ջրեր կհոսեն։
Իսկ այսօրվա հայտատարության տեքստը գրեթե ամբողջությամբ ներառում էր հայկական նարատիվները՝ Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում և անձեռնամխելիության ամրագրում, ԼՂ հայերի՝ իրենց բնակավայրեր վերադառնալու իրավունք՝ առանց նախապայմանների և միջազգային մոնիթորինգի ներքո, սեպտեմբերի 19-ից առաջ և դրանից հետո գերեվարված անձանց վերադարձ, միջանցքի բացառում և այլն։
Վովա Հակոբյան