Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հակաօդային պաշտպանվածությունը մեր առաջնային լուծվելիք խնդիրների տիրույթում է. Ֆրանսիացի գործընկերոջ հետ մեր պաշտպանությանը նախարարը կքննարկի նաև ռազմական համագործակցության որոշ էլեմենտներ. Անդրանիկ Քոչարյան

Հակաօդային պաշտպանվածությունը մեր առաջնային լուծվելիք խնդիրների տիրույթում է. Ֆրանսիացի գործընկերոջ հետ մեր պաշտպանությանը նախարարը կքննարկի նաև ռազմական համագործակցության որոշ էլեմենտներ. Անդրանիկ Քոչարյան
Քաղաքականություն
12:29, 23 октябрь 2023
«Արձանագրենք, որ պաշտպանության նախարարը պաշտոնական այցով գտնվում է Ֆրանսիայում՝ Փարիզում, և հանդիպում է ունենալու իր գործընկերոջ հետ, այսինքն՝ Ֆրանսիայի պաշտպանության նախարարի հետ։ Քննարկվելու են բազմաթիվ հարցեր՝ կրթականից սկսած, և ռազմական համագործակցության որոշ էլեմենտներ իրենց տեղը կգտնեն այս հանդիպման ընթացքում»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ 

Նա նշեց՝ ակնհայտ է, որ ցանկացած պետություն իր համագործակցության շրջանակը պետք է մեծացնի, ինչպես նաև քաղաքական հարցերում պետք է ունենա նաև բարեկամների ավելի մեծ ներգրավվածություն։

«44-օրյա պատերազմը մեզ հուշեց, որ ոնց որ թե մենք բոլոր այդ հարթակներում պետք է լուրջ աշխատանք ծավալենք և ունենանք ոչ միայն բարեկամներ, այլ  նաև ունենանք այնպիսի հարաբերություններ, որոնք առաջին հերթին միտված կլինեն մեր անվտանգային միջավայրը ավելի ներառական դարձնելուն, որպեսզի մեր սահմաններից սկսած՝ մեր երկրի կայունությանն առնչվող բոլոր հարցերը ստանան իրենց պատշաճ լուծումները»,- ասաց պատգամավորը։  

Նա նաև նշեց, որ ամսի 30-ին ԱԺ-ում սկսվում են բյուջետային քննարկումները, և, որպես կանոն, առաջինը քննարկվելու է պաշտպանության և անվտանգության հանձնաժողովին վերաբերող հատվածը, և այնտեղ բոլորը հնարավորություն կունենան թույլատրելի սահմաններում ստանալու հետաքրքրող հարցերի պատասխաններ՝ որոշակի բացված փակագծերով։

Խոսելով նաև հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումների մասին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ հակաօդային պաշտպանությունը մեր առաջնային լուծվելիք խնդիրների տիրույթում է, բայց նաև պաշտպանվածության մակարդակի բարձրացումը խոսում է ոչ միայն դրա հակազդելու, այլ նաև պաշտպանված լինելու մասին։