Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անահիտ Մանասյանն ընդունել է Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության նախագահ Խորխե Կնոբլովիցի ղեկավարած պատվիրակությանը

Անահիտ Մանասյանն ընդունել է Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության նախագահ Խորխե Կնոբլովիցի ղեկավարած պատվիրակությանը
Քաղաքականություն
21:23, 10 ноябрь 2023
 
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ նոյեմբերի 10-ին, ընդունել է Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության (Delegación de Asociaciones Israelitas Argentinas) նախագահ Խորխե Կնոբլովիցի ղեկավարած պատվիրակությանը:
 
Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանն ընդգծել է ինչպես հրեաների, այնպես էլ ազգային փոքրամասնությունների այլ համայնքներին պատկանող անձանց իրավունքների, ներառյալ՝ ազգային և էթնիկ ինքնության, ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորման, հանրային կյանքին արդյունավետ մասնակցության ապահովման կարևորությունը: 
 
Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ ներկայումս ընթանում են Պաշտպանին առընթեր՝ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման խորհրդի ձևավորման աշխատանքները, որի կազմում ընդգրկվել են նաև հրեական համայնքի ներկայացուցիչներ:
 
Հանդիպման շրջանակներում  Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, անդրադարձել առաջնային կարիքների գնահատում իրականացնող կենտրոններում անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներին:
 
Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել հաստատության գործունեության առաջնահերթություններին՝ ընդգծելով իր հաստատակամությունը` շարունակելու պայքարը անհանդուրժողականության, խտրականության և ատելության միջավայրի ու խոսքի դեմ: 
 
Իրենց հերթին Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար՝ կարևորելով Պաշտպանի հաստատության գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ամրապնդման հարցում։