ԲԴԽ նախագահի նշած «լավ բաներ»-ից խոցված Աննա Մկրտչյանին առաջարկում ենք վերհիշել Սերժ Սարգսյանի օրոք գործած դատական համակարգի կաշառքի սակագները
ԲԴԽ նախագահ, նախկին ՄԻՊ  Կարեն Անդրեասյանը «Ֆեյսբուքի» իր էջում «Մի լավ բան#»  «հեշթեգով»  ծանուցում է ՀՀ-ում տեղի ունեցած և տեղի ունեցող «լավ բաների» մասին։ Մասնավորապես, նրա վերջին արձանագրումը վերաբերում էր Հայաստանում կյանքի աշխուժացմանը՝ Երևանից դուրս։ «Վերջերս հաճախ եմ եղել մարզային դատարաններում ու մեր բազմաթիվ բնակավայրերում տեսել եմ բարեկարգված փողոցներ ու պուրակներ, նորոգված կրթօջախներ ու հիվանդանոցներ, նորաբաց հյուրատներ ու բիզնեսներ»,-մասնավորապես գրել էր Անդրեասյանը։ «Լավ բաները» տեսնող ու արձանագրող գործիչներն ու քաղաքացիները, ինչպես հայտնի է, ռևանշի ձգտող նախկին իշխանության առաջին թշնամին են, քանի որ ռևանշիստների  գոյության իմաստն ու կյանքի «կրեդոն»՝ սկսած 2018-ի հեղափոխությունից, «ինչքան վատ, էդքան լավ»-ն է։ Ռևանշը Հայաստանում, ըստ այսպես տրամաբանող հարթ ուղեղների, հնարավոր է միայն դեմոկրատական ինստիտուտների կործանման, երկրի անվտանգությանը սպառնացող մարտահրավերներին  ռազմահայրենասիրական կենացներով չեզոքացնելու  դեպքում։ Մի բան, որով զբաղված են նախկին նախագահների դիրիժորությամբ գործող ընդդիմադիր խմբավորումները։ 

Այդ խմբավորումներից մեկի ներկայացուցիչ ՀՀԿ-ական պատգամավոր Աննա Մկրտչյանին, ըստ ամենայնի, պատվեր է իջեցվել մի լավ քլնգել  «լավ բաները»    արձանագրող ԲԴԽ նախագահին։ Մկրտչյանն էլ անցել է գործի՝ ելնելով իր (հայտնի ասացվածքի հանգույն) կարդացածության, փչացածության և... դաստիարակության մակարդակից։  Հընթացս նկատենք՝ նախկինում, երբ Կարեն Անդրեասյանը ՄԻՊ պաշտոնն էր զբաղեցնում, նրան «կատոկելու» գործը Բաղրամյան 26-ի հետ սերտորեն կապված հայտնի սուբյեկտն իջեցնում էր ՀՀԿ-ի ծանր «հրետանուն»՝ Արմեն Աշոտյանին, Սամվել Ֆարմանյանին... Քանի որ վերջիններս հանգամանքների բերումով   «զբաղված» են, պատվերը ստիպված կատարում է ինտելեկտով մի քանի անգամ զիջող «պարապ քլունգը»։  

«Ողջունում եմ կարեն անդրեասյանի քաղաքական «coming out»-ը, որը կարելի է վերնագրել՝ կարեն անդրեասյանը պատռում է կարեն անդրեասյանի կեղծիքի դիմակը»,- իր կարդացածության մակարդակն է ցույց տվել տիկին Մկրտչյանը՝ Կարեն Անդրեասյանի անուն-ազգանունը գրելով փոքրատառ, և մասնավորապես հավելել. «Ամեն դեպքում, այս ամենի մասով ես էլ իմ ոգևորության բաժինն ունեմ։ Այս «coming out»-ը հաստատում է բոլոր կասկածները՝  կարեն անդրեասյանը նիկոլի քաղաքական որոշումներին ենթակա միջակ պաշտոնյա է, ով հանձնարարական ունի դատական համակարգը դարձնելու միջակ նիկոլական օղակ՝ վնգստացողից՝ անատամ»։ 

Աննա Մկրտչյանի մտքի գոհարները, մասնավորապես՝ դատական համակարգը «միջակ, անատամ օղակ» դարձնելու մասին, ստիպում են հիշեցնել նրան իր քաղաքական պատրոնի օրոք գործած դատական համակարգի  ամոթալի, ողբալի վիճակն ապացուցող հայտնի դրվագը, որի մասին, ի դեպ, լայն հանրությունն իրազեկվեց  Կարեն Անդրեասյանի ղեկավարած ինստիտուտի՝ ՄԻՊ-ի գրասենյակի շնորհիվ։  

2013թ. դեկտեմբերի 9-ին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը արդար դատաքննության վերաբերյալ արտահերթ զեկույց հրապարակեց` ներկայացնելով դատական համակարգում  կաշառքի «սակագները»: Ըստ զեկույցի՝ հարցումների արդյունքում (հարցազրույցներ էին անցկացվել ոլորտի շուրջ 120 մասնագետների հետ՝ փաստաբաններ, դատախազներ, դատավորներ, իրավաբան-գիտնականներ և այլ փորձագետներ) ջրի երես էին հանվել   դատական համակարգում առկա կոռուպցիոն մեխանիզմները: Մասնավորապես՝ կաշառքի չափը, ըստ հարցման արդյունքների,  որոշվում էր հայցագնի 10 տոկոսից ելնելով: Ընդհանուր առմամբ, հարցվածների մեծ մասի պնդմամբ, կաշառքի սակագները տատնվում էին հետևյալ միջակայքերում. 1. առաջին ատյանում՝ 500-10.000 ԱՄՆ դոլար, 2. Վերաքննիչ դատարանում՝ 2.000-15.000 ԱՄՆ դոլար, 3. Վճռաբեկ դատարանում՝ 10.000-50.000 ԱՄՆ դոլար: Որոշ հարցվածների պնդմամբ՝ Վճռաբեկ դատարանի առանձին դատավորներ կամ նրանց հետ «փայատեր» ստորադաս ատյանի դատավորներ ունեին իրենց հետ ոչ պաշտոնական ձևով փոխկապակցված փաստաբանական գրասենյակներ, որոնց միջոցով իրականացվում են համապատասխան գործարքները: Այսուհանդերձ, հարցվածների մեծ մասի կարծիքով՝ կաշառքի գումարի չափը որոշելու համար չկային միասնական չափանիշներ, յուրաքանչյուր դեպքում գումարը որոշվում էր անհատական մոտեցմամբ։ Դատավորներից մեկը պաշտպանին գաղտնի տեղեկացրել էր, որ Վճռաբեկ դատարանի դատավորի կողմից իրեն տրվել է կրիչի վրա ձայնագրված տվյալ գործով կայացվելիք դատական ակտի տեքստը և հրահանգվել այն ներկայացնել որպես իր սեփական որոշում:

Սերժ Սարգսյանի օրոք գործած  դատական «ատամնաշատ» համակարգի դիմակը պատռող, կոռուպցիոն մեխանիզմների մյուս մանրամասներին տիկին Մկրտչյանին առաջարկում ենք ծանոթանալ մամուլն ուսումնասիրելով։ Համոզված ենք՝ ուսումնասիրելուց հետո նրան այլ բան չի մնա, քան ակամա աղաղակելը՝ «coming out»։   

Ի դեպ, «ՄԻԵԴ-ի կողմից դատավորներին պաշտոններում հնարավոր վերականգնման» մասին ազդարարող Աննա Մկրտչյանի համար մի երկու «հետապնդված» դատավորի մասին հիշեցնենք. հետապնդումն, ի դեպ, իրականացվել է Սերժ Սարգսյանի նախագահության վերջին տարիներին, երբ ՄԻՊ-ի վերոհիշյալ ահազանգը արդեն մի քանի տարվա վաղեմություն ուներ։ Մասնավորապես, 2016 թվականի հոկտեմբերի 28-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից կաշառք վերցնելու պահին ձերբակալվել էր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը: Ըստ պաշտոնական մեղադրանքի՝ նա 1000 ԱՄՆ դոլար կաշառք էր վերցրել:

2017 թվականի մայիսի 11-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում ձերբակալվեց դատավոր Լևոն Արազյանը, ըստ պաշտոնական մեղադրանքի՝ նա քաղաքացիներից մեկի օգտին վճիռ կայացնելու համար քաղաքացուց ստացել էր 600 ԱՄՆ դոլար կաշառք: 2017 թ.  մայիսին ձերբակալվել էին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը և նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը:   Ըստ պաշտոնական մեղադրանքի՝ դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը քաղաքացիներից մեկի օգտին վճիռ կայացնելու համար ստացել է 23.000 ԱՄՆ դոլար կաշառք: Այսքան մեծ գումար, քանի որ նա խոստացել է վերադաս դատարաններում կարգավորել հարցերը:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը և նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը մեկ այլ գործով ցանկալի վճիռ կայացնելու համար ստացել են մոտ 2000 դոլար: «coming out»?:   
 
Հ. Մանուկյան