Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միհրան Պողոսյանը մեկ շաբաթ առաջ է դարձել իր հիմնադրած, Քանաքեռ-Զեյթունում գրանցված կուսակցության նախագահը. Նա վերադարձե՞լ է Հայաստան

Միհրան Պողոսյանը մեկ շաբաթ առաջ է դարձել իր հիմնադրած, Քանաքեռ-Զեյթունում գրանցված կուսակցության նախագահը. Նա վերադարձե՞լ է Հայաստան
Քաղաքականություն
21:00, 07 март 2024
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ  նախկին գլխավոր դատական հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը կուսակցություն է հիմնել ու այն կոչել է Հայոց համազգային միասնություն՝ ՀՀՄ։  Պարզեցինք, որ նորահայտ այս  կուսակցությունը   արդեն իսկ ունի պետական գրանցում,  կուսակցության հիմնադիր համագումարը կայացել է ս.թ. հունվարի 24-ին, կանոնադրությունն ու ծրագիրն էլ հրապարակվել են azdarar.am-ում։  Կուսակցության գրասենյակը Քանաքեռ-Զեյթունում է՝ Ռուբինյանց փողոց, տուն 2/13 հասցեում։  
Civic.am-ը զրուցել է կուսակցության խորհրդի նախագահ Արարատ Ավետիսյանի հետ, որը նշեց, որ շուտով նոր հասցե են տեղափոխվելու, Երևանում բացվելիք կուսակցության գրասենյակների մասին էլ կտեղեկացնեն առաջիկայում։ Անդամագրումներն արդեն իսկ սկսվել են։  Միհրան Պողոսյանը մեկ շաբաթ առաջ է ընտրվել կուսակցության նախագահ, հարցազրույցն էլ, որի ժամանակ ազդարարեց կուսակցության բացման մասին, երկու օր առաջ է տվել, իսկ կուսակցության  հիմնադիր համագումարին ներկա չի եղել։ «Մենք կուսակցության համագումարի մասին հայտարարությունը հրապարակեցինք, մտածեցինք, որ լրատվամիջոցները կգան, կլուսաբանեն, բայց ոչ մեկը չեկավ։ Էնպես չի, որ գաղտնի է եղել համագումարը։ Երևի ոչ մեկին չի հետաքրքրել, որ գան, լուսաբանեն։ Կուսակցությունը սկսեց հետաքրքրել այն պահից, երևի թե, երբ Պողոսյանը հայտարարեց, որ ինքն է հիմնադիրը»,-նշեց Ավետիսյանը և հավելեց, որ առաջիկայում կտեղափոխվեն նոր հասցե, Երևանում ու մարզերում էլ շուտով կբացեն գրասենյակներ։   

Իսկ կա՞ն հայտնի դեմքեր (բացի, իհարկե, Պողոսյանից), որոնք կուսակցությանն են անդամագրվել՝ Ավետիսյանը չնշեց: «Ընթացքում ամեն ինչ կլինի, կտեսնեք, հիմա այս պահին չեմ կարող ասել՝ ով են, շատ մարդիկ կան, որոնց ինքը գիտի»,- կարճ կապեց Ավետիսյանը։ 

- Գիտենք, որ քրեական հետապնդում է իրականացվում Պողոսյանի նկատմամբ, նաև՝ հետախուզում,  ինքն էլ արդեն 5 տարի է՝ Մոսկվայում է։ Ինչպե՞ս է պատկերացնում կուսակցական աշխատանքը, ինչպե՞ս է մասնակցելու քաղաքական պրոցեսներին՝ մասնավորապես հայրենիքի փրկությանը։ 2021 թ.-ին «Պատիվ ունեմ»ի ընտրական ցուցակում էր, բայց ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց նրա գրանցումը։ Նա վերջին չորս տարիներին մշտապես չէր  բնակվում երկրում և այդ պատճառով իրավունք չուներ  մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին:  

- Ամեն ինչ հնարավոր է, ի՞նչ խնդիր կա, այսօր կապը ամեն ձև կա։ Պիտի ինքը անպայման ֆիզիկապես ներկա՞ լինի։ 

- Տեղեկություն ունենք, որ արդեն վերադարձել է Մոսկվայից։ 

- Ոչ, Մոսկվայում է, հարցազրույցը եթե նայել եք՝ էդտեղ էլ է ասվում այդ մասին։   

- Ձեր կուսակցության ծրագրում  որոշ հատվածներ վերաբերում են Արցախին, արցախահայությանը։ Պողոսյանը աշխատո՞ւմ է արցախահայերի հետ, նրանց հետ քննարկումներ ունենո՞ւմ է։ 

- Ինքը կոնկրետ շա՛տ մարդկանց հետ հանդիպումներ է ունենում, շփվում է, եթե շատ հարցեր կան, որոնց ինքը անձամբ պետք է պատասխանի, ասեք, կազմակերպեմ, ձեր բոլոր հարցերի պատասխանները ստացեք։ 

- Մի ճշտող հարց էլ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը որևէ կապ ունի՞ կուսակցության հետ։ Գուցե  նրա ղեկավարած «Հայրենիք»-ի հետ  միանաք։ Կայքն էլ, ի դեպ,  որին Պողոսյանը հարցազրույց է տվել, հենց Վանեցյանի անվան հետ է կապվում։  

- Էս պահին որևէ նման բան չկա, ես չգիտեմ նման բան։ 

- Իսկ ինչո՞ւ որոշեցիք կուսակցությունը հենց Հայոց համազգային միասնություն կոչել։ Անվան  ընտրությունն ո՞ւմ որոշումն է, անձամբ Պողոսյանի՞։ Ձեր խոսքից ստացվեց, որ կուսակցությունը ձևավորվել է, ապա Պողոսյանը միացել է; 

- Պարոն Պողոսյանը ի սկզբանե եղել է կուսակցության ամեն ինչի մասնակից՝ սկսած անունից, վերջացրած կազմակերպչական հարցերը։  
 Հ.Գ.-1 Արարատ Ավետիսյանը, ինչպես ինքն ասաց, վաղուց է ճանաչում ու շփվում Միհրան Պողոսյանի հետ, սակայն այս ընթացքում քաղաքական պրոցեսներին ակտիվություն չի ցուցաբերել՝ լայն հանրությանը հայտնի դեմք չէ։ Ավելին՝ նույնիսկ Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրանցված չէ։   

Հ.Գ.-2 ՀՀՄ-ի 15-էջանոց ծրագրում, ինչպես ասացինք, անդրադարձ կա Արցախին ու արցախահայությանը, և որոշ ձևակերպումներ հիշեցնում են  ռազմահայրենասիրական կենացներ։ ՀՀՄ-ի գործունեության հիմնական նպատակն է «հայ ազգի ներուժի կենտրոնացումը հայրենիքում»։ Կուսակցության կարևորագույն խնդիրների ու նպատակների շարքում նշվում է մասնավորապես «արցախահայության բոլոր իրավունքների պահպանումն ու պաշտպանությունը՝ հասնելու Արցախի վերականգնմանը՝ որպես համայն հայությանը միավորող գաղափար»։ Ապա նշվում է. «Հայ ժողովուրդը այժմ կանգնած է նաև նոր մարտահրավերների առաջ՝ թույլ չտալու, որպեսզի մեր կյանքում արմատավորվի կործանարար հարմարվողականությունն ու անտարբերությունը Արցախի բռնազավթման հանդեպ։ Պետությունն ու հայ ժողովուրդը պետք է ներդնեն բոլոր ջանքերը Արցախի վերականգնման և ծաղկման բարձրագույն նպատակին հասնելու համար»։ Ինչ ասել է Արցախի վերականգնում և ծաղկում, և ինչպես են ՀՀՄ-ականները պատկերացնում այդ հավակնոտ գաղափարներն իրականացնել՝ նշված չէ։   

Ուշագրավ մեկ այլ կետի էլ հանդիպեցինք կոռուպցիոն բնույթի հանցագործությունների «փաթեթով» մեղադրվող  Պողոսյանի հիմնած քաղաքական ուժի  նպատակների ցանկում՝  «կոռուպցիայի դեմ անողոք պայքարը, կոռուպցիայի  իսպառ բացառումը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում՝ թե պետական և թե մասնավոր»,  դե իսկ պետության գործունեության գաղափարական հիմքերից մեկն էլ պետք է հանդիսանա  «կիրթ քաղաքացի, բարեկեցիկ պետություն» թեզը։ 

Հ. Մանուկյան