Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե ժողովուրդը որոշի և Հայոց Հայրապետը օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ՝ չէ. Եկեղեցին, փաստորեն, պատրաստ է թքել Սահմանադրության վրա

Եթե ժողովուրդը որոշի և Հայոց Հայրապետը օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ՝ չէ. Եկեղեցին, փաստորեն, պատրաստ է թքել Սահմանադրության վրա
Քաղաքականություն
15:51, 10 май 2024
Տավուշյան քայլերթի առաջնորդ Բագրատ արք. Գալստանյանը, ինչպես հայտնել ենք ավելի վաղ, երկքաղաքացի է՝ ՀՀ-ի ու Կանադայի, և չի կարող դառնալ ՀՀ վարչապետի թեկնածու։ Սահմանադրության պահանջն է՝ ՀՀ վարչապետի թեկնածուն պետք է վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի լինի։ Երեկ էլ ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ոգևորված սրբազանի մայրաքաղաք «հաղթական մուտքով», շտապեց նրան հռչակել որպես վարչապետի թեկնածու։  Եվ ահա այսօր անդրադառնալով այս ինտրիգային թեմային՝ սրբազանն ազդարարեց. «Նախապես ասեմ, որ ոչ այդպիսի հավակնություն ունեցել եմ, ոչ էլ ցանկություն և նաև՝ սկզբունքների պատճառով չեմ ունեցել և, միևնույն ժամանակ, ես երկքաղաքացի եմ, որը չեմ էլ թաքցրել, երբեք թաքնված չի եղել։ Անշուշտ, Կանադայի անձնագիրը ինձ տրվել է այն ժամանակ, երբ  ես 10 տարի ծառայության եմ եղել Կանադայում, և դա տրվել է ավելի ճանապարհորդական դյուրություններ ունենալու համար։ Հիմա էլ հենց այդ նպատակով է, ես 11 տարի է՝ գտնվում եմ ՀՀ-ում»։ 

Ինչն է ուշագրավ՝ Գալստանյանը սկզբում հայտարարեց, թե հավակնություններ չի ունեցել քաղաքական պաշտոն զբաղեցնելու, սակայն իր խոսքի հետագա հատվածում ծոր տվեց՝ ինչ եք խառնվել իրար, մարդու որդիներ, Բագրատ սրբազանը Տավուշի թեմի հոգևոր առաջնորդն է, ավելի բարձր,  քան ձեր վարչապետն է։  Այժմ, ուշադրություն.  «Ժողովուրդ ջան, ես ոչ հավակնություն ունեմ, ոչ ցանկություն, ոչ էլ ձգտում, բայց մի հոգի ասել է՝ ժողովուրդը պետք է Սահմանադրություն գրի, էդ էլ հերթական պոպուլիզմն է։ Հիմա, կարծեմ այսպես է, չէ՞, ձևակերպված՝ ժողովուրդը երբեք Սահմանադրության մեջ ազդեցություն, ներկայություն չունի։ Է, եթե հիմա ժողովուրդը որոշի Սահմանադրության մեջ ներկայություն ունենալ և երկքաղաքացի մարդուն ասել՝ ինքն էլ կարող է լինել, ձեր ինչ գործն է, դուք պիտի ընդդիմանա՞ք։ Օրինակ եմ ասում»։ Սրբազանն, ահա, որը հավակնություն չունի քաղաքական պաշտոն զբաղեցնելու, քիչ անց, ի պատասխան հարցի՝ եթե ժողովուրդը ցանկանա, կդառնա՞ վարչապետ, ազդարարում է՝ «եթե ժողովուրդը որոշի, և դա լինի Աստծո կամքը, և Հայոց հայրապետը օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ՝ չէ»։  

Փաստորեն, բավական չէ, որ եկեղեցին ներքաշվել է քաղաքական գործընթացներում և ընդդեմ լեգիտիմ իշխանության ակցիա է իրականացնում՝ պահանջելով վարչապետի հրաժարականը, նաև բաց տեքստով, ի դեմս Գալստանյանի,  հայտարարում է, որ պատրաստ է հակասահմանադրական քայլ անել՝   երկքաղաքացիություն ունեցող անձին կարգել երկրի վարչապետ։ Եթե, իհարկե, ժողովուրդն ու Աստված կամենան  և աչք փակեն այդպիսի աղաղակող խախտման վրա։

Տպավորություն ունենք, որ  Գալստանյանն ու նրա հովանավորները մտադիր են այս փուլում բլեֆի հնարքին դիմել՝ ցույց տալ, թե այս քաղաքական օպերացիայի թիկունքում նախկինները չէ, որ կանգնած են, այլ բացառապես ինքը՝ սրբազանն է առաջնորդում՝ ժողովրդի մոտ թյուր տպավորություն ստեղծելու և դեպի իրեն հակելու համար, զանգվածների ճնշմամբ հասնելով իշխանափոխության։ Ինչպես դա տեղի ունեցավ 2018-ին։  Իսկ երբ դա տեղի ունենա, Բագրատ սրբազանը մի կողմ կքաշվի՝ որպես Աստծուց տված օրենքն ու   օրինականությունը հարգող մարդ, և ասպարեզը կզիջի կուլիսային՝ իրական վարչապետացուին։   

Հ. Մ.