Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Վստահ եմ՝ դատարանը կպարտավորեցնի Ձեզ գալ էստեղ և ներողություն խնդրել»․ Ալեն Սիմոնյանը դատի է տվել Արեգնազ Մանուկյանին

ԱԺ-ում արտահերթ ելույթով հանդես գալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Արեգնազ Մանուկյանի ելույթին, ասաց․ «Արեգնազ Մանուկյանն ասում է՝ պետք է քրեականացնել սուտը այն ֆոնին, որ ես քիչ առաջ հայց եմ ներկայացրել իր դեմ՝ սուտ խոսելու համար։ Դուք դատարանում պատասխան կտաք և, վստահ եմ՝ դատարանը կպարտավորեցնի Ձեզ գալ էստեղ, էդ նույն թղթով երևի թե, ուղղակի տեքստի տեղերը կփոխեք և ներողություն կխնդրեք։ Ինչ վերաբերում է վիրավորանքին, առաջ, երբ ԱԺ դահլիճում նստած էին քրեական հեղինակություններ, երբ մեկը Սերժ Սարգսյանին ինչ-որ բան էր ասում, այդ քրեական հեղինակությունները գնում շենքի մուտքի մոտ ապտակում էին այդ մարդուն, հետո դահլիճում ասում էին՝ դե լավ մենք անեինք էլի ոչինչ, բայց դու կուլտուրական մարդ, տենց բաներ ես անում։ Հիմա տենց բաներ չկան։ Մեզ մեղադրում են, իբր ատելության խոսք ենք ասել, բայց երբ ընդդիմադիր էինք, ինչու՞ Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամների անունները չգիտեինք ու չէինք ասում, մականունավոր պատգամավորներին հրապարակավ մականուններով չէինք դիմում», - ասաց Ալեն Սիմոնյանը։ Անդրադառնալով հեղափոխության ժամանակ պաշտոնյաների տների առջև դագաղներ դնելուն, Ալեն Սիմոնյանն ասաց, որ դա արել են ինչ-որ քաղաքացիներ, որը ինքը այդ օրերին բարձրաձայն քննադատել է։ 

«Գեղամ Մանուկյանը սեռական բնույթի հայհոյանքներ է գրում ֆեյսբուքում՝ երկարատև ժամանակ։ Ագնեսա Խամոյանը մտնում է իմ և մնացածի նկարների տակ վիրավորանքներ է գրում։ Լուրջ դուք եկել եք այստեղ վիրավորանքից եք խոսու՞մ և ասում եք տենց բան չի եղել, հենց նենց տեղը մեզ ասացին չասեմ ինչ։ Ակնհայտ է, որ երկակի այդ խնդիրը կա», - ասաց Ալեն Սիմոնյանը։

Սիմոնյանը նկատեց, որ ինչ ԱԺ-ն աշխատում է, ընդդիմադիրները ընդամնեը մի քանի օրենսդրական նախաձեռնություններով են հանդես եկել։
«Պարոն Վարդանյան, եթե Ձեզ թվում է, որ Ձեր գեղարվեստական ձևակերպումներով կարող եք քողարկված վիրավորանքներ հնչեցնել և  դրա պատասխանը չի լինելու՝ սխալվում եք»,- ասաց Ալեն Սիմոնյանը։