Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հյուսիսային պողոտայում Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաքի ակցիան ավելի քիչ մարդ է հավաքում, քան փողոցային երաժիշտները

Հյուսիսային պողոտայում Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաքի ակցիան ավելի քիչ մարդ է հավաքում, քան փողոցային երաժիշտները
Քաղաքականություն
17:32, 04 март 2022
Եթե երեկոյան քայլեք Երևանի Հյուսիսային պողոտայով, ինչ-որ պահի ռազմահայրենասիրական երաժշտություն կլսեք և կթվա, թե փողոցային երաժիշտները կրկին գումար են հավաքում։ Սակայն ավելի մոտենալու դեպքում, կբացահայտեք, որ մի քանի հոգի սեղանիկ են դրել հենց պողոտայի կենտրոնում և ռազմահայրենասիրական երաժշտության ներքո ստորագրահավաք են իրականացնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Մեկն էլ քարոզչություն է իրականացնում՝ պոտենցիալ ստորագրողներին համոզելու հույսով։ Կհանդիպեք Փաստաբանական դպրոցի տնօրեն դարձած Արա Զոհրաբյանին և նմանատիպ ակցիաներում նրա զինակից Վահագն Չախալյանին։ 

Հայաստանյան տարատեսակ շարժումների շարքը, ինչպես գիտենք, համալրվել է նորով՝ «ազատագրական»-ով։ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող այս շարժման կենտրոնական դեմքերն են լրագրող Նաիրի Հոխիկյանը, Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանն ու 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձի համար մեղադրվող Վահագն Չախալյանը։ 

Նշենք, որ մերօրյա ազատագրիչները նախորդ շաբաթ Եռաբլուրում, անարգելով այդ վայրի խորհուրդը, ստորագրահավաք էին կազմակերպել՝ Նիկոլ Փաշինյանին «տուն ուղարկելու» պահանջով։ Այժմ էլ ստորագրահավաքի գլխավոր «շտաբ-դախըլը» տեղակայված է Հյուսիսային պողոտայում, որտեղով անցնող-դարձող քաղաքացիները կարող են իրենց կյանքի ժամանակից մի քանի րոպե վատնել  ու միանալ անիմաստ այս միջոցառմանը։ 

Նախաձեռնության պատվիրատուները դրան ներկայացուցչական տեսք հաղորդելու համար գրասենյակ են վարձել Արշակունյաց 17 հասցեում, ընդհուպ՝ հեռախոսահամար ունեն, որով երկու օր է՝ զանգահարում ենք՝ ճշտելու, թե ի՞նչ են անելու հավաքված ստորագրությունները, ո՞ր ատյանին են հանձնելու, քանի՞ ստորագրություն պիտի հավաքեն, որ տուն ճամփեն Փաշինյանին... սակայն ոչ ոք այդպես էլ չի պատասխանում մեր զանգերին։ Գրասենյակի աշխատակիցները հավանաբար կքած են հավաքված ստորագրությունները հաշվելու, ի մի բերելու տաժանակիր աշխատանքի տակ և գլուխ քորելու ժամանակ չունեն, ուր մնաց թե՝ հեռախոսազանգերին պատասխանելու ժամանակ գտնեն։ 

Ի դեպ, ստորագրահավաքը ոչ միայն թղթային, այլև էլեկտրոնային եղանակով է իրականացվում։ «Ստորագրությունը կարող եք տեղադրել մկնիկի միջոցով, իսկ հեռախոսի դեպքում՝ մատով, այնուհետև սեղմել «ուղարկել» կոճակը»,- էլեկտրոնային ստորագրահավաքին միանալու տեխնիկական նրբություններ են բացատրել ազատագրիչները Ֆեյսբուքում տեղադրված հայտարարության մեջ։ Դրան ֆեյսբուքյան օգտատերերը տարբեր կերպ են արձագանքել։ Մի օգտատեր էլ հորդորել է «աշոտյան լինել»։ 

Հիշեցնենք, որ փետրվարի կեսերին համազգային ըմբոստության կոչով հանդես եկած պարոն Հոխիկյանը հայտարարել էր, թե «եղանակների տաքանալուն զուգահեռ պետք է ոտքի կանգնել»։

Արդեն գարնան 4-րդ օրն է, եղանակը վաղուց տաքացել է, սակայն թերևս բավարար չի ջերմացրել վերոնշյալ խմբի հետևորդների սրտերը՝ հերթական խայտառակ ակցիան իրականացնելու համար։

Այնպես որ, երկրի ազատագրումը եղանակային պայմանների հետևանքով հետաձգվում է։