Հիմնադրամին առնչվող անհիմն ու ակնհայտ քաղաքական շահարկումներն անթույլատրելի են․ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը՝ Արթուր Ղազինյանի հայտարարության մասին
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները և որոշ շրջանակներ պարբերաբար շահարկում են, թե պատերազմի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցները թալանվել են. վերջին օրերին թեման կրկին ակտիվացել է, որի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է «Հայաստան» Համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի հետ։

- Պարոն Արշամյան, օրեր առաջ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը կրկին հայտարարել է, թե պատերազմի ընթացքում իշխանությունները «Հայաստան» համահայկական հիմնադրամից թալանել են 100 մլն դոլար, ինչպե՞ս կմեկնաբանեք սա։ 

- Ես բազմիցս հրապարակայնորեն ասել եմ, որ Հիմնադրամի կողմից պատերազմի ընթացքում նվիրաբերության պայմանագրերով կատարվել են 9 փոխանցումներ, որոնք տրվել են Հայաստանի Հանրապետությանը, հիմնավորել եմ նաև դրա դրդապատճառները, պատճառները, թե ինչու եղավ այդպես, որոշումները ինչպես կայացվեցին, ցանկանում եմ հիշեցնել ևս մեկ անգամ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում իր հոգաբարձուների խորհրդի 9 որոշումների համաձայն՝ ՀՀ-ին նվիրաբերեց շուրջ 107 միլիոն դոլարին համարժեք ՀՀ դրամ: Այդ նվիրաբերությամբ պայմանագիր կնքվեց Հիմնադրամի և ՀՀ-ն ներկայացնող ֆինանսների նախարարության միջև։ Նպատակն էր՝ պատերազմի ժամանակ ռազմական դրության պայմաններում այն հավելյալ ծախսերը, որոնք առաջացել էին սոցիալական, առողջապահական և նաև ենթակառուցվածքների ոլորտներում, լրացնել հենց այդ միջոցների հաշվին։ Այս չարչրկված և ցավոք քաղաքականացված հարցը մշտապես եղել է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ուշադրության կենտրոնում։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը դեռևս 2021-ի մարտի 15-ին գումարեց հատուկ նիստ  այս հարցը  քննարկելու համար, որի արդյունքում ստեղծվեց հոգաբարձուների խորհրդի անդամներից բաղկացած հատուկ աշխատանքային խումբ: Այդ աշխատանքային խումբը, ինչպես նաև Հիմնադրամի արտաքին աուդիտորը քննեցին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված հաշվետվությունը՝ ներկայացնելով համապատասխան կարծիքներ։ Ի վերջո, պարզ դարձավ, որ վերջնական աուդիտորական եզրակացություն իրավասու է ներկայացնելու միայն ՀՀ Հաշվեքննիչ պալատը, քանի որ խոսքը գնում է ՀՀ բյուջեի ծախսերի հաշվեքննության մասին։  Եզրակացություն ներկայացրեց նաև մեր հոգաբարձուների խորհրդի աշխատանքային խումբը, որի մասնակիցների մեծագույն մասը սփյուռքից էր: Նրանք էլ շեշտեցին, որ Հիմնադրամի պատմության ընթացքում  իրավիճակն  աննախադեպ է եղել Հիմնադրամի պատմության ընթացքում և կարծում են, որ պատերազմական իրավիճակում ՀՀ-ը ուղղված նվիրաբերությունը ուղղակի անհրաժեշտ է եղել։ Հիշեցնեմ, որ «Հայաստան» հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, խորհրդի նախագահը ՀՀ նախագահն է, իսկ հոգաբարձուների խորհրդի մեջ մտնում են Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Հայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարքը, Հայ ավետարանչական եկեղեցու ներկայացուցիչը, Սփյուռքի  բոլոր ազդեցիկ կառույցների ղեկավարները կամ ներկայացուցիչները, այդ թվում՝ ՀՅԴ , ՌԱԿ, Հնչակյան կուսակցությունների, ՀԲԸՄ-ն, Ամերիկայի հայկական համագումարի, Հայ օգնության միության և այլն։ Այն է՝ վերոնշյալ ինը որոշումները կայացվել են համայն հայության ներկայացուցչական սկզբունքով ու հեռավար քվեարկությամբ։ Հոգաբարձուների խորհուրդը այդ ճակատագրական պահին համարել է, որ նման որոշումը շատ կարևոր է  և կայացրել է այդ որոշումը։ Ինչ վերաբերում է այդ միջոցների նպատակային ծախսմանը, ապա նույն պարոն Ղազինյանի «Հայաստան դաշինք» խմբակցության և «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ Ազգային ժողովում դեռևս անցած տարվա հոկտեմբերին ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որի նախագահը «Հայաստան դաշինքից» Արծվիկ Մինասյանն է։ Ընդ որում՝ ինքս վերապահումներ ունեի հենց այդ քննիչ հանձնաժողովի անվան հետ կապված, որտեղ նորից շահարկվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի անվանումը: Այդ մտահոգությունս նաև հանձնաժողովում եմ հայտնել, և հանձնաժողովը բավական ժամանակ ուներ: Արդեն վեց ամիս Է անցել և իրենք կարող էին ուսումնասիրել այդ հարցը ու եզրակացություն ներկայացնել։ Ինքս էլ առաջինն եմ ներկայացել նիստին որպես հրավիրյալ անձ։  Նիստի թե՛ փակ, թե  բաց մասերում  պատասխանել եմ բարձրացված բոլոր հարցերին, կարծում եմ՝ հանձնաժողովի անդամները այդ պատասխաններից բավարարված էին։ Սակայն ցայօր հանձնաժողովի  աշխատանքների արդյունքների և եզրակացությունների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ։ Միևնույն ժամանակ անցած տարի մեր հոգաբարձուների խորհրդի արդեն նոյեմբերի նիստի ժամանակ, ՀՀ վարչապետը, ով նաև ի պաշտոնե մեր հոգաբարձուների խորհրդի անդամ է, առաջարկեց, որպեսզի խնդրեն Հաշվեքննիչ պալատին գնալ այդ փոխանցված գումարների հետևից և տեսնել՝ այդ գումարները ինչպես են օգտագործվել։ Այստեղ խոսքը արդյունավետության մասին է, արդյո՞ք արդյունավետ են օգտագործվել այդ միջոցները կառավարության կողմից, թե ոչ։  Քանի որ այդ գումարները օգտագործվել են թե՛ 2020 թվականի և թե՛ 2021 թվականի ընթացքում, Հաշվեքննիչ պալատին ուղղակի խնդրանք էր, որպեսզի, եթե հնարավոր է, նախաձեռնեն մի նոր հաշվեքննություն հենց 107 միլիոն դոլարի մասով և ներկայացնեն եզրակացություն։ Եվ նաև Ազգային ժողովի Ֆինանսատնտեսական հանձնաժողովը ինքը նախաձեռնեց և դիմեց Հաշվեքննիչ պալատ, և Հաշվեքննիչ պալատը համաձայնեց, որ առանձին  հաշվեքննություն սկսի: Հաշվեքննությունը նախաձեռնվեց դեկտեմբեր ամսվա ընթացքում, և պետք է ավարտվի մինչև հունիս ամսվա վերջ։ Հուսանք՝ այդ հաշվեքննությունը կփարատի բոլոր կասկածները և լույս կսփռի այդ գումարների ծախսման արդյունավետության վերաբերյալ։ Հաշվեքննիչ պալատը ՀՀ բարձրագույն աուդիտորն է  և իր կարծիքը վերջնական կլինի այս պարագայում։ 

- Իսկ սփյուռքյան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփումներում նկատե՞լ եք մտահոգություններ՝ կապված այնպիսի հայտարարությունների հետ, որոնք կասկածի տակ են դնում հիմնադրամի թափանցիկությունը։ 

- Իրականում այո, որովհետև նման հայտարարություններն անհիմն և ակնհայտ քաղաքական շահարկումներ են, և մարդկանց մի մասի մոտ դրանք հիասթափություն են առաջացնում, բայց շատերն էլ ուղղակի ուշադրություն չեն դարձնում։ Ես շատերի հետ եմ խոսել և շատ զանգեր եմ ստանում սրա մասին, և մարդիկ ուղղակի զանգահարում են՝ ասելով, որ  ուղղակի  պետք չէ  նման շահարկումների վրա կենտրոնանալ, որովհետև թեման իր մեջ հուզականություն է պարունակում և, բնականաբար, կարող է միշտ քաղաքական շահարկումների առարկա դառնալ։ Եվ ինքս էլ դա բազմիցս ասել եմ և շարունակում եմ ասել, որ այս թեման ուղղակի շահարկվում է մի շարք գործիչների կողմից։  Հիմնադրամին առնչվող անհիմն ու ակնհայտ քաղաքական շահարկումներն անթույլատրելի և անընդունելի են և  կոչ եմ անում բոլորին ուղղակի զերծ մնալ անընդհատ Հիմնադրամին վնասելուց։ Որովհետև Հիմնադրամն ինքը, ամբողջովին ապաքաղաքական բարեգործական կառույց է։ Եվ հիմնադրամի հիմնադրման օրվանից մինչև այսօր իրականացրած  ծրագրերը նպաստել և նպաստելու են Հայաստանի և Արցախի  բազմաբնույթ սոցիալական, առողջապահական, կրթական և այլ կարևոր խնդիրների լուծմանը։

- Իսկ հիմնադրամը պատրաստվո՞ւմ է նման հայտարարության համար պարոն Ղազինյանից իրավական ճանապարհով հերքում պահանջել։

- Իրականում պարոն Ղազինյանի հայտարարությունը ավելի շատ ուղղված էր Կառավարությանը։ 

- Այո, բայց Հիմնադրամին է վնասում։ 

- Հասկանո՞ւմ եք, մենք անընդհատ չենք կարող գնալ բոլոր նմանատիպ հայտարարությունների հետևից, այլապես կմտնենք լրիվ այլ դաշտ ու տասնյակ դատական գործընթացների մեջ կլինենք։ Մենք իրական գործ ենք անում, հավելյալ արժեք ենք ստեղծում։ Այսօր միայն Արցախում իրականացնում ենք շուրջ 35 միլիարդ դրամի տարբեր վերականգնողական ծրագրեր, Հայաստանի սահմանային համայնքներում՝ Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում, նաև Շիրակի մարզում հսկայածավալ ծրագրեր ենք իրականացնում, և ես կարծում եմ՝ մեր անելիքը ուղղակի գործ անելն է, ոչ թե նման քաղաքական հայտարարությունների հետևից գնալը։ Քաղաքականությամբ թող զբաղվեն քաղաքական գործիչները, Հիմնադրամը թող զբաղվի իր բարեգործական ծրագրերը առաջ տանելով։  

- Մի փոքր կմանրամասնե՞ք՝ Արցախի մասով ծրագրերը ի՞նչ փուլում են։ 

- Արցախում 1000-ից ավելի առանձնատներ և բնակարաններ ենք կառուցում ՝ հիմնականում Ստեփանակերտում և դրա շուրջը սփռված համայնքներում։ Այս ծրագրերը Արցախի կառավարության, Արցախի նախագահի, նաև քաղաքաշինության նախարարի անմիջական հսկողության տակ են, քանի որ Արցախում   ամենահրատապ խնդիրը մարդկանց կեցությունն ապահովելն է։ Շինարարությունը բավականին արագ տեմպերով է առաջ գնում: Ստեփանակերտում արդեն 300 բնակարան ենք հանձնել:  Այս  տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին էլ 100-ավոր բնակարաններ և առանձնատներ կհանձնվեն մեծամասամբ Շուշիի և Հադրութի շրջանների բնակիչներին, ովքեր ուղղակի ունեզրկվել և հողազրկվել են պատերազմի հետևանքով։ Նաև  ընդհանուր առմամբ 50 կմ-ից ավելի շատ կարևոր ռազմավարական ճանապարհներ ենք կառուցում։ Այդ ճանապարհների շինարարությունն էլ մեծ տեմպերով է առաջ գնում։ Խնդիր կար նաև Արցախի պետական համալսարանի շենքի հետ կապված, այն  ֆինանսավորման լուրջ խնդիր ուներ, համաֆինանսավորողները ամերիկացի բարերարներ էին, սակայն պատերազմից հետո Արցախի կառավարությունն այլևս հնարավորություն չուներ իր կողմից ներդրում անել, հիմնադրամը ստանձնեց այդ գործը և արդեն Արցախի պետական համալսարանի շենքերի մեծ համալիրը ամբողջովին նորացված, վերանորոգված է, կառուցվել են նաև հավելյալ շենքեր:  Այս ամենին զուգահեռ օգնել ենք վերանորոգել Քերոլայն Քոքսի վերականգնողական կենտրոնը, որը գտնվում է  Ստեփանակերտում։ Ստեփանակերտից դուրս գտնվող տասնյակ դպրոցներում հատուկ շատ լավ ծրագիր իրականացրեցինք, որի նպատակն էր դպրոցները դարձնել երկարօրյա, որպեսզի աշակերտները դպրոցում կարողանան մնալ մինչև ժամը 18։00-ը։ Հիմնադրամի միջոցներով Արցախի երեք համայնքներում իրականացվում է խմելու ջրի ծրագիր՝ Ճարտարում, Հաթերքում, Չլդրանում, այսկերպ, փորձում ենք Արցախին օգտակար լինել ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման հարցում։ 
Միևնույն ժամանակ հիմնադրամը  լուրջ դերակատարություն է ունենում 44–օրյա պատերազմում վիրավորում ստացած տղաների պրոթեզավորման ծրագրում. մենք  մոտավորապես 3 մլն  դոլար ենք ներդրել,  այն կրում  է շարունակական բնույթ: Հիմնադրամը պրոթեզներով է ապահովվել է վերին վերջույթի պրոթեզավորման խնդիր ունեցող բոլոր շահառուներին, ստորին վերջույթի պրոթեզավորմամբ ապահովվել է դեռևս 30–40 անհատի:  Ունենք նաև ընթացիկ ծրագրեր: Հիմնադրամը պրոթեզներով է ապահովել վերին վերջույթի պրոթեզավորման խնդիր ունեցող բոլոր շահառուներին, ստորին վերջույթի պրոթեզավորմամբ ապահովվել է դեռևս 30–40 անհատի, եւ գործընթացը շարունակվում:  Ունենք նաև ընթացիկ ծրագրեր: Հիմնադրամը Զինվորի տանը հատկացրել է պրոթեզների համար անհրաժեշտ բավական մեծ քանակությամբ դետալներ, նյութեր, տարբեր մասեր, որոնք հետագայում կհատկացվեն նաև ոչ միայն 44–օրյա պատերազմի ժամանակ, այլև տարբեր գործողությունների ընթացքում վերին և ստորին վերջույթներից զրկված  մեր զինվորներին:
Գեղամ Ադյան