Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ-ի աշխատանքները տեղի էին ունեցել անվտանգային ռեժիմի այնպիսի պայմաններում, որ անկանխատեսելի էր, թե ինչ կանեին իշխանությունները, հետևաբար ակցիաներ չեղան. մենք մեր բողոքը ներկայացնելու ենք նաև Լավրովին․ տեսանյութ

«Դիմադրություն» շարժումը այսօր ակցիա իրականացրեց Եվրոպական միության պատվիրակության շենքի առջև։ Ընդդիմադիրները հայտարարության տեսքով գրություն փոխանցեցին ԵՄ ներկայացուցչություն, որը ընթերցեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Պառճառն, ըստ ընդդիմության, այն էր, որ հունիսի 3-ի բախումները տեղի էին ունեցել ԵՄ Հայաստանյան ներկայացուցչության շենքի առջև, իսկ դրանից հետո ԵՄ պատվիրակությունը որևէ կերպ չի արձագանքել, չի դատապարտել ոստիկանական գործողությունները։ 
Հայտարարության տեքստն ընթերցելուց հետո Արամ Վարդևանյանից փորձեցինք պարզել՝ արդյոք այլ դեսպանատներին ևս նմանօրինակ գրություններ փոխանցվելո՞ւ են, կամ ակցիաներ այլ դեսպանատների առջև իրականացվելո՞ւ են, թե՞ ոչ։ Վարդևանյանն ասաց, որ հայտարարության տեքստը կազմված էր փաստակազմի հիման վրա, և կոնկրետավորված տեքստը հենց ԵՄ գործունեությանը չէ, որ վերաբերում է, այլ համընդհանուր, ունիվերսալ բնույթ ունեցող իրավունքներին էր վերաբերում։ «Մենք միջազգային խողովակներով այն ներկայացնելու ենք միջազգային հանրությանը, բայց սկսելու ենք ԵՄ դեսպանատնից։ Այլ դեսպանատներ նույնպես ներկայացնելու ենք»,- ասաց Արամ Վարդևանյանը։ 

Վարդևանյանն անդրադարձավ նաև հունիսի 3-ի միջադեպից հետո ձերբակալվածներին՝ նշելով, որ վերջիններս ձերբակալվել են ընդամենը ոստիկանության ցուցմունքների հիման վրա, և օրինակ բերեց 2008 թվականի մարտի 1-ից հետո տեղի ունեցած ձերբակալություններն ու ազատազրկումները՝ ասելով. «Նույն Գագիկ Ջհանգիրյանը, օրինակ, ձերբակալվել, կալանավորվել և դատապարտվել էր ոստիկանների ցուցմունքի հիման վրա, առանց տեսանյութի՝ զուտ ոստիկանների ցուցմունքի հիման վրա։ Պատկերացրեք, նույնը կատարվում է հիմա, երբ Եվրոպական դատարանը ասում է՝ չի կարելի այդպես, այսինքն՝ հիմա ձերբակալված տղաները ևս քաղաքական հետապնդման զոհ են»։

Անդրադառնալով ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների՝ Հայաստանում գտնվելուն և ընդդիմության կողմից այդ երկրների ներկայացուցիչների առջև որևէ ակցիաներ չիրականացնելուն, Վարդևանյանն ասաց, որ առաջիկայում այդ մասով ևս ականատես կլինենք իրենց գործողություններին։ «Մի քիչ համբերեք, կտեսնեք»,- արձագանքեց Արամ Վարդևանյանը, իսկ թե ինչու չփակեցին ՀԱՊԿ ներկայացուցիչների ճանապարհները, Վարդևանյանն ասաց. «ՀԱՊԿ-ի աշխատանքները տեղի էին ունեցել անվտանգային ռեժիմի այնպիսի պայմաններում, որ, որքանով տեղյակ եմ, տեղակայված էին դիպուկահարներ, այսինքն՝ հունիսի 3-ից հետո այս իշխանությունների վարքագծից ակնկալիքը արդեն անկանխատեսելի է։ Այս իշխանությունները հունիսի 3-ին ժողովրդի վրա նռնակ գցեցին»։

Նախօրեին էլ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում նշել էր, որ տեղեկություններ ունի, որ իշխանությունները մտադիր են Ռուսաստանի ներկայացուցիչների՝ Հայաստան ժամանելուց առաջ ոստիկանական ուժերով ազատել Ֆրանսիայի հրապարակը տեղադրված վրաններից, փորձեցինք պատգամավորից պարզել՝ եթե դա տեղի չունենա, և Փաշինյանն էլ հրաժարական չներկայացնի, ընդդիմությունը դեռ ինչքա՞ն է պատրաստվում փակ փակել Ֆրանսիայի հրապարակը, և  հնարավո՞ր է, որ ընդդիմությունը, այնուամենայնիվ, որոշի ազատել Ֆրանսիայի հրապարակն ու տեղափոխվել այլ վայրեր, Խամոյանն ասաց. «Այս պահին ընդդիմությունը վրանները հանելու որևէ մտադրություն չունի, իսկ եթե որևէ փուլում լինի մարտավարության փոփոխություն, որը կարող է արտահայտվել վրանները հանելով կամ այլ հրապարակ տեղափոխելով, դրա մասին միանշանակ հայտարարվելու է։ Այս պահին մարտավարական որևէ փոփոխություն մեր գործողություններում չի լինելու»։

Հարցին, թե ընդդիմությունը Լավրովի այցի ժամանակ որևէ ակցիա իրականացնելո՞ւ է, ինչպես իրականացրեց այլ լիդերների Երևան ժամանելու դեպքում, Ագնեսա Խամոյանն ասաց, որ չի թաքցնում, որ Ռուսաստանը ՀՀ ռազմավարական գործընկերն է, իրենք դրա կողմնակիցն են, դրա կրողն են, և խորհրդարանական ընդդիմությունն էլ ժողովրդի շրջանում հայտնի չէ որպես արևմտամետ ուժ, ու Լավրովի այցի դեպքում ընդդիմությունը իր բողոքը ձևակերպված ներկայացնելու է նաև Լավրովին։ 

Խամոյանն անդրադարձավ նաև ԵՄ հայաստանյան պատվիրակության առջև արված ակցիային՝ նշելով, որ ԵՄ այս դեսպանը և նախորդ դեսպանն էր, որ ակնհայտ քաղաքական համակրանքներ են ցույց տվել այս իշխանությունների նկատմամբ։ «Պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը սպասարկում է իր արևմտյան տերերի օրակարգը, և հիմա ԵՄ դեսպանը, ԱՄՆ դեսպանը, բնականաբար, պետք է շոյեն, գուրգուրեն, փայփայեն այս իշխանություններին  և թույլ չտան, որ ՀՀ-ում տեղի ունենա իշխանափոխություն»,- ասաց Ագնեսա Խամոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան