Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմությունը «Գելափին» հարցում է պատվիրել «քաղաքապետի արտահերթ ընտրության» թեմայով. թեկնածուների ցուցակը գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը

Ընդդիմությունը «Գելափին» հարցում է պատվիրել «քաղաքապետի արտահերթ ընտրության» թեմայով. թեկնածուների ցուցակը գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը
Քաղաքականություն
17:14, 11 июль 2022
Այս օրերին «Գելափ Ինթերնեշնլ» ասոցիացիան քաղաքացիների շրջանում հեռախոսային հարցումներ է իրականացնում՝ պարզելու, թե կա՞ արդյոք Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն։ Այս մասին Civic.am-ին հայտնել են հարցմանը մասնակցած քաղաքացիները։ 

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու հերթական ընտրությունները տեղի են ունենալու մյուս տարի՝ 2023 թվականի աշնանը։  
Հարցման լուրը մեզ հետ զրույցում հաստատեցին նաև «Գելափ Ինթերնեշնլ» ասոցիացիայից, սակայն նշեցին, որ դեռևս արդյունքները չեն ամփոփել և մանրամասներ չեն կարող հայտնել։

Ուշագրավ է հարցման համատեքստը. սկզբում հարցում իրականացնողները քաղաքացիներից հետաքրքրվել են, թե քաղաքում ինչից են դժգոհ, ապա հարցրել, թե արդյոք չե՞ն տեսնում Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության կարիք։   

Մեզ դիմած քաղաքացիները հայտնեցին, որ  իրենց հարցրել են, թե ո՞ւմ կցանկանան տեսնել քաղաքապետի պաշտոնում, և նշված անվանացանկում առաջինը եղել է Ռոբերտ Քոչարյանի անունը, այնուհետև մի շարք ընդդիմադիրների, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի, Արթուր Վանեցյանի, Լևոն Քոչարյանի, Իշխան Սաղաթելյանի անունները։ Հարցրել են նաև, թե չե՞ն ցանկանում որպես քաղաքապետ տեսնել Ռուբեն Վարդանյանին, և վերջինս քանի՞ տոկոս կհավաքի։ Ցուցակը գրեթե ամբողջությամբ կազմված է եղել ընդդիմադիր գործիչների անուններից՝ բացառությամբ ՔՊ թեկնածու  Տիգրան Ավինյանի։ «Քանի որ մեծամասամբ ընդդիմադիրների անուններ էին իրենց թեկնածուների ցուցակում, ինձ համար ակնհայտ էր, թե որ կողմի պատվերով է իրականացվում հարցումը»,- մեզ հետ զրույցում ասաց հարցմանը մասնակցած քաղաքացին։ 

Քաղաքացիներից «Գելափը» նաև հետաքրքրվել է, թե ինչպիսի վերաբերմունք ունեն նշված ցուցակի անձանց նկատմամբ որպես քաղաքական գործիչ և որպես քաղաքապետի թեկնածու։ 

Փաստորեն Երևանի փողոցներում մաշված ընդդիմությունը նոր թիրախ է սահմանել և արդեն իսկ նախապատրաստվում է Երևանի քաղաքապետի ընտրություններին և չի թաքցնում իր հավանական թեկնածուներին։ Հիշեցնենք, որ իր պաշտոնավարման ժամանակ Քոչարյանը Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին կշտամբել էր, թե փողի վրա նստած՝ մեզնից փո՞ղ եք ուզում։  

Բացի դրանից, «Գելափի» հարցումների միջոցով ընդդիմությունը նաև ճշտում է սեփական թիմակիցների վարկանիշը, ասել է թե՝ այնքան էլ չի հավատում վերջիններիս բոցաշունչ ելույթներին և հանրահավաքի մասնակիցների՝ նրանց ուղղված ծափահարություններին։

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրության նախընտրական շրջանում «Գելափը» Քոչարյանի դաշինքին լիակատար հաղթանակ էր խոստացել, այն աստիճանի, որ Քոչարյանն արդեն հրապարակավ Փաշինյանի ժամերն էր հաշվում։ Փաստորեն, կրկին «ոգեշնչվելու» ցանկություն կա։