Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Այս ամենը արդյունք է Ֆատուլաևի ստոր խաբեության»․ Արցախի ԱԳՆ-ն՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանցի խմբագրի Աղավնո այցի մասին

«Այս ամենը արդյունք է Ֆատուլաևի ստոր խաբեության»․ Արցախի ԱԳՆ-ն՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանցի խմբագրի Աղավնո այցի մասին
Քաղաքականություն
23:14, 19 август 2022
Երեկ ադրբեջանական Հաքին.ազ-ի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել է Արցախի Բերձոր և Աղավնո համայնքներ, ներկայանալով որպես միջազգային լրատվամիջոցի աշխատող՝ զրուցել  է բնակիչների հետ, խոստացել է առաջիկա օրերին ռեպորտաժների շարք հրապարակել Բերձորից ու Աղավնոյից։ Այսօր արդեն Հաքին.ազ  լրատվական կայքում Ֆաթուլաևը հոդված է հրապարակել «Անդրանիկն ու դաշնակները պատրաստվում են Ադրբեջանի հետ վերջին մարտին» վերնագրով, որում ակնհայտ ծաղրանքով և ազգային արժանապատվությունը վիրավորող խոսքերով է արտահայտվել Աղավնոյի, Բերձորի հայ բնակչության հասցեին՝ նրանց բնութագրելով որպես վատ կենցաղով ապրող, վատ հագնված մարդկանց: Իսկ անդրադառնալով բնակչության տարհանման ընթացքին՝ Ֆաթուլաևը  չարախնդալով գրել է. «Մնացել են հաշված օրեր։ Շուտով Աղավնո կվերադառնանք առանց գնդապետ Զիմինի…» (Զիմինը ռուս խաղաղապահ ուժերի գնդապետ է):

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Civic.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ադրբեջանցի լրագրող Էյնուլա Ֆատուլաևի մուտքն Արցախ որակում է որպես տեղեկատվական ահաբեկչություն դրսևորում, որը նպատակ է հետապնդում հայության շրջանում նյարդային իրավիճակ առաջացնելու: «Լրագրողի պատրաստած նյութը խեղաթյուրված էր և ակնհայտ հայատյաց շեշտադրմամբ, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է Ադրբեջանի իրական նկրտումները»,- հոդվածի էությունն այսպես գնահատեց ԱՀ ԱԳ նախարարը:

Թե Ֆատուլաևին ինչպե՞ս է հաջողվել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ առանց ԱՀ իշխանության տեղեկության մուտք գործել Աղավնո հարցին, Բաբայանն այսպես արձագանքեց․ «Այս ամենը արդյունք է Ֆատուլաևի ստոր խաբեության: Աշխատանքներ են տարվում հետագայում նման դեպքերը բացառելու համար»: 

Մեր հարցմանը, թե ինչո՞ւ Արցախի ԱԳՆ-ն մինչ այս պահը որևէ գնահատական չի հնչեցրել ռուս խաղաղապահների թողտվությամբ մեծ վտանգավորություն պարունակող դիպվածի վերաբերյալ, Բաբայանը նշել է, որ դեպքի առնչությամբ պաշտոնական գնահատական արդեն իսկ հնչեցրել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարը դիմել է Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարին և պահանջել արգելել խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, առանց Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի և խաղաղապահ զորակազմի համաձայնության, ադրբեջանցի և այլ երկրների զանգվածային լրատվական միջոցների մուտքը։

Թամարա Ղազարյան