Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միքայել Մինասյանի թիմն Արիկ Սաղաթելյանի գլխավորությամբ աշխատում է Քոչարյանի համար․ փեսան ուրացա՞վ աներոջը

Միքայել Մինասյանի թիմն Արիկ Սաղաթելյանի գլխավորությամբ աշխատում է Քոչարյանի համար․ փեսան ուրացա՞վ աներոջը
Քաղաքականություն
12:11, 21 май 2021
Թեև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հայտարարել է, որ չի մասնակցելու ընտրություններին և իր ընկերների, համախոհների հետ սկսել է «Անտինիկոլ» շարժումը՝ համարելով, որ Նիկոլի Փաշինյանի գլխավորությամբ ընտրությունների գնալը նշանակում է վերջնականապես ընդունել «Հայաստանի ոչ ժողովրդավար իրականությունը» և խաղի այն կանոնները, որ Փաշինյանն է հաստատել, սակայն նրա ընկերները և համախոհները նախընտրական այս շրջանում սկսել են ակտիվորեն աշխատել Ռոբերտ Քոչարյանի համար։

Աշխատանքները, մասնավորապես, կոորդինացնում է Արա Սաղաթելյանը, որը, ինչպես հայտնի է, համակարգում է Մինասյանի ֆեյքերի բանակը և մեղադրյալ է ԱԱԾ-ում քննվող «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով։ Նա երևանյան հայտնի սրճարաններից մեկում, որը գտնվում է Քոչարյանի գրասենյակի հարևանությամբ, վերջին օրերին ակտիվ հանդիպումների մեջ է։ Գրեթե ամբողջ օրը սրճարանում տարբեր մարդկանց է ընդունում։ Մեզ պատմեցին, որ այդ հանդիպումների ժամանակ քննարկվում է հենց Քոչարյանին աջակցելու հարցը՝ մանրամասները, մեխանիզմները։ 

Civic.am-ի տեղեկություններով՝ «Անտինիկոլ» շարժման մասնակիցները, ֆեյքերը, առհասարակ, երկու խմբի են բաժանվել։ Նրանց մի մասը աշխատում է հենց Քոչարյանի՝ մնացած մասը՝ Քոչարյանին միացած Վահե Հակոբյանի համար, որը համարվում է  Միքայել Մինասյանի մտերիմ ընկերը։ 

Պարզապես հարց է առաջանում, թե ինչու է Միքայել Մինասյանը դեմ լինելով ընտրություններին, ամեն դեպքում, որոշել աջակցել ոչ թե աներոջը՝ Սերժ Սարգսյանին ու իր երբեմնի թիմակիցներին, այլ Ռոբերտ Քոչարյանին։ 

Թե ինչ պայմանավորվածություն կա Քոչարյանի ու Մինասյանի միջև, մեզ դեռ չի հաջողվել պարզել, սակայն թերևս պատահական չէ, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում օրերս գրել է. «Մոլեռանդորեն և ամեն գնով մի՛ տրվեք ընտրական տենդին: Մի՛ մոռացեք, որ մի քանի տարի կամ ամիս առաջ բոլոր իրական ընդդիմադիրներով միասին էինք, կողք կողքի: Մի՛ հատեք տարրական արժանապատվության սահմանները: Ընդդիմադիր և ոչ մի ուժ միայնակ, ցավոք, հաղթել չի կարող: Տեղ թողեք կրկին միասնական լինելու համար: Հունիսի 20-ից հետո գալու է հունիսի 21-ը ու էլի բազում օրեր: Այսօրվա մանր-մունր ժուլիկությունները կարող են թողնել անհարթելի, թարմ կնճիռներ ու դառը հետնահամ»:

Արփի Հարությունյան