Ռուբեն Վարդանյանի անվան հետ կապվող «Ապրելու երկիրը» որոշել է «իշխանազրկել» կառավարող ուժին․ կուսակցության համահիմնադիրները, որոնք գործող կառավարության նախկին անդամներ են, հույս ունեն, որ ժողովուրդը իրենց տեղը չի բերի
Արցախի նախկին պետնախարար, հայկական արմատներով ռուս առաջատար գործարար ներկայացող, իսկ հանրության շրջանում  որպես Թաթար Ռուբո հայտնի Ռուբեն Վարդանյանի անվան հետ կապվող «Ապրելու երկիր» կուսակցությունը վերջին շրջանում որոշել է հաճախակի հիշեցնել իր մասին։  Առիթը, անշուշտ,  մի քանի ամսից կայանալիք՝ Երևանի ՏԻՄ ընտրություններն են, սակայն ապրելուերկիրականները, ինչպես երևում է,  որոշել են   այժմվանից մտնել նախընտրական ռեժիմի մեջ ու վիզուալիզացնել իրենց գոյությունը։ 
 
Ինչպես նախօրեին ասել էր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ «եթե կարողանանք   Երևանի ընտրություններում հաջողություն արձանագրել, ապա կարող ենք ամբողջական իշխանափոխություն անել երկրում»։
   
Նկատենք, որ հիշյալ կուսակցությունը, որն իր մասին ազդարարեց 2021-ին,  որոշել է դիստանցիա պահել խորհրդարանական և արտախորհրդարանական մյուս ուժերից ու չէր մասնակցում «Դիմադրության» և այս ընթացքում ծավալված այլազան շարժումներին։  

Երեկ տարածված հայտարարության մեջ էլ կուսակցությունը  որոշել է բացել խաղաքարտերը՝ իշխանության վարած քաղաքականությանը  մի քանի ստանդարտ («ոչ պրոֆեսիոնալ»,  «անհետևողական») բնորոշում տալուց հետո՝  անցել են «բուն թեմային»․ ««Ապրելու երկիր» կուսակցությունն արձանագրում է, որ բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, առկա իրավիճակից դուրս գալու ճանապարհը բավականին բարդ է ու երկարատև և պատրաստ է առաջնորդել խորքային և բովանդակային փոփոխությունների պայքարը՝ ժողովրդի վստահությանը արժանանալու միջոցով երկրի կառավարումը ձախողած ուժին իշխանազրկելու և ստանձնելու Հայաստանի և Արցախի համար ամբողջական պատասխանատվություն»։

 Փաստորեն, կառավարող ուժին  իշխանազրկելու փափագ ունեցողների թիվը պաշտոնապես համալրվեց ևս մեկով, սակայն, թե ինչպես պետք է տեղի ունենա «իշխանազրկման» պրոցեսը՝ կուսակցությունը չի մանրամասնել, քանի որ, ինչպես երևում է, նախ պետք է ամենաբարդ փուլը հաղթահարի՝ ժողովրդի վստահությանն արժանանա, և նոր միայն՝ անցնի մնացածին։
 
Ի դեպ, վստահության մասին․ կուսակցության համահիմնադիրները հայտնի դեմքեր են ու հասցրել են աշխատել այն իշխանության օրոք, որին, փաստորեն, այսօր ուզում են իշխանազրկել։ Կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը, հիշեցնենք, «Ելք» խմբակցության անդամ էր ու նախքան թավշա հեղափոխությունը պնդում էր, որ այն ավարտվելու է ֆիասկոյով։  Նա դեմ էր փողոցներ փակելուն, շենք-շինությունները շրջափակելուն, կարծում էր, որ երկրում փոփոխությունների հասնելու սահմանադրական լուծումը ոչ թե փողոցային պայքարն է, այլ վերահսկողական   պաշտոններ զբաղեցնելը։ Սակայն, երբ հեղափոխությունը հաթանակ տարավ, նա ընդունեց Նիկոլ Փաշինյանի առաջարկն ու ստանձնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը, ապա մի քանի ամիս անց հրաժարական տվեց, «Լուսավոր Հայաաստան» խմբակցության կազմում նորից ընտրվեց պատգամավոր։ Որոշ ժամանակ անց տիկինը վայր դրեց մանդատը, 2020 թվականի նոյեմբերի 20-ին էլ՝ 44-օրյա պատերազմից հետո,  տեղափոխվեց   Արցախ։  Դեկտեմբերի 2-ին նշանակվեց  Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիոն հարցերի նախարար, և նորից  հրաժարական՝  2021  սեպտեմբերի 1-ին։ Տպավորություն է, թե տիկին Թանդիլյանը դիսկոմֆորտ է զգում նույն պաշտոնում երկար պաշտոնավարելուց և այպես էլ չի գտնում իր տեղը և դեռ այսքանից հետո՝ որոշել է իշխանազրկման գործընթաց սկսել ու, փաստորեն, զբաղեցնել ՀՀ կառավարչի տեղը։
 
Ինչ վերաբերում է նրա գործընկերոջը՝ Մեսրոպ Առաքելյանին, ապա նա էլ է հասցրել զբաղեցնել Մանե Թադիլյանի զբաղեցրած պաշտոնը՝ 2020թ նոյեմբերին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, պաշտոնից հրաժարական է տվել 2021 թվականի ապրիլին։ 2018-2020թթ. եղել է վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով։ Իսկ երբ Ռուբեն Վարդանյանը դարձավ Արցախի պետնախարար, Առաքելյանը նշանակվեց վերջինիս խորհրդականը և ազատվեց այդ պաշտոնից՝ Վարդանյանի պաշտոնանկությունից հետո։ 
 
Ի դեպ, Առաքելյանի հիմնած, ապաև՝ լուծարված «Առաքելություն» կուսակցությունը 2018 թ․Աժ արտահերթ ընտրությունների ժամանակ ՔՊ-ի հետ դաշինք էր կազմել՝ խորհրդարան մուտք գործելով «Իմ քայլը» խմբակցության տեսքով։ Այսինքն՝  քաղաքական պատասխանատվություն էր կրում երկրում ստեղծված իրավիճակի համար։   
 
Այժմ, փաստորեն, տիկին և պարոն Թանդիլյանն ու Առաքելյանը որոշել են նորացված, թարմացված, ռեբրենդինգի ենթարկված  տեսքով ներկայանալ հանրությանը, հինը մատուցել նոր փաթեթավորմամբ, երևի կարծելով, որ ժողովուրդը վատ հիշողություն ունի ու դժվար թե իրենց տեղը բերի։

Հեղինե Մանուկյան