Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զինվորի թիկունքը պետք է դատարկ չլինի, նա իր հետևում պետք է զգա ոչ միայն ժողովրդի, այլև տնտեսության, արդյունաբերության, կրթության, գիտության ուժը. Փաշինյան․ Տեսանյութ

«Այսօր Հայաստանում ծավալվում է պողպատե հեղափոխությունը, և ձեզնից ակնկալում ենք ստանալ պողպատե մանդատ, որպեսզի ձեր անունից Հայաստանում հաստատենք օրենքի և իրավունքի դիկտատուրա»,- այսօր՝ հունիսի 13-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Կոտայքի մարզ կատարած այցելության ժամանակ Չարենցավանում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք համաձայն ենք այն գնահատականի հետ, որ դատական համակարգը, ցավոք, չի հասել այն անկախությանը, որին մենք ուզում ենք ձգտել: Բայց դատական համակարգը էականորեն փոխվել է: Դուք կարող եք մեզ լիազորություն տալ, որ այդ պողպատյա մանդատով ոչ թե հաշվեհարդարներ տեսնենք, այլ դատական համակարգի բարեփոխումները տանենք մինչև վերջ: Դատարանները պետք է լինեն անկախ և իմանան, որ կառավարության առաջ, այո, պատասխանատու չեն, բայց ժողովրդի առաջ պատասխանատու են»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի Չարենցավանը իր արդյունաբերական կենտրոնի երբեմնի փառքը վերանվաճի. «Անվտանգություն ասելով մենք պետք է գանք-հասնենք Չարենցավան, տեսնենք, թե Չարենցավանի հսկաներն ինչ վիճակում են, որովհետև անվտանգությունը սահմանով ոչ թե սկսվում է, այլ ավարտվում է. անվտանգությունը սկսվում է տնտեսության, արդյունաբերության մեջ: Եվ մենք գնալու ենք այդ ճանապարհով: Զինվորի թիկունքը պետք է դատարկ չլինի, նա իր հետևում պետք է զգա ոչ միայն ժողովրդի, այլև տնտեսության, արդյունաբերության, կրթության, գիտության ուժը»:

Փաշինյանն ընդգծեց. «Հայաստանում ձևավորվելու է նոր գիտական էլիտա. երկրին ծառայել ցանկացող երիտասարդ գիտնականների համար մենք ստեղծելու ենք բոլոր պայմանները: Նաև ավագ սերնդի այն գիտնականների համար, որոնք իրոք ծառայում են գիտությանը, ոչ թե կոռումպացված համակարգերին, ովքեր իրոք գիտնական են, ոչ թե եղել են Ռոբերտի կամ Սերժի նախընտրական քարոզարշավի միմոսներ: Նախընտրական քարոզարշավի այդ միմոսներին մենք վռնդելու ենք և ուղարկենք իրենց տները, թող գնան իրենց թոռներով զբաղվեն: Իրենց համար լավ բան ենք անելու. ասելու ենք՝ գնացեք ձեր տները և ձեր թոռնիկների հետ մաթեմատիկա պարապեք, էդ ա ձեր անելիքը, վերջ»: 

Դիմելով հավաքվածներին՝ Փաշինյանը շեշտեց, որ ոչ թե իրեն են ուզում զրկել իշխանությունից, այլ ժողովրդին. «Նրանք ուզում են վերականգնել մարդկանց գազելներով ընտրատեղամասեր քշելու ճանապարհը: Ձեր գազելների մատոռները վաղուց խփել ա, այլևս թույլ չենք տալու»: