Թուլացող, պառակտվող ՌԴ-ն չի կարող լինել խաղաղության պայմանագրի երաշխավորը, քանի որ այդ երկրի ծրագրանպատակային դաշտից չի ելնում ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը, անկախ այն բանից՝ թույլ է, թե ուժեղ. քաղաքագետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ հունիսի 26-ից կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էլ նախքան հանդիպումը՝ հունիսի 23-ին,  Reuters գործակալությանը տված հարցազրույցում մերժել է Հայաստանի պահանջը՝ անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրել Լեռնային Ղարաբաղում բնակվող 120 հազար էթնիկ հայերի համար։ Բայրամովը նշել է, որ նման երաշխիքներն ավելորդ են, իսկ պահանջը նշանակում է միջամտություն Ադրբեջանի գործերին: «Մենք նման նախապայման չենք ընդունում»,- ասել է նա։   
  
Ի՞նչ ակնկալել վաշինգտոնյան հանդիպումից, ո՞րը պետք է լինի այդ հանդիպման «հայկական օրակարգը», ի՞նչ նվազագույն ձեռքբերում պետք է ակնկալել այդ հանդիպումից՝ հաշվի առնելով Ադրբեջանի կարծր, արևմտյան առաջարկին հակասող  դիրքորոշումը Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունների վերաբերյալ։  Քաղաքագետ, «Անվտանգային քաղաքականության» հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը կարևոր է համարում սպասվող հանդիպումը՝ ակնկալելով, որ  որոշակի առաջընթաց կարձանագրվի  մասնավորապես ՀՀ-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման հարցում, ինչպես նաև, որ շատ կարևոր է՝  գոնե կնախանշվեն խաղաղության պայմանագրի  երաշխավորները, քանի որ պայմանագրի ստորագրումից  ոչ պակաս կարևոր է նաև ստորագրված փաստաթղթի ի կատար ածման երաշխավորումը։ 

«Այսինքն՝ որոշակի հարցերի շուրջ պայմանավորվածության ձեռք բերումը նույնպես առաջընթաց կլինի։ Մենք մեր սպասելիքների մեջ պետք է լինենք շատ չափավոր, բայց միևնույն ժամանակ աշխատանք կատարենք շատ կոնկրետ և չափավոր սպասելիքների հաջողման ուղղությամբ։  Վաշինգտոնյան հանդիպումից ՀՀ նվազագույն ձեռքբերումը, ճիշտն ասած, ես չէի կապի բուն արցախյան  թեմատիկայի հետ, այլ ավելի շատ՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների գործընթացի հետ։ Ինձ համար ամենակարևոր ձեռքբերումը  կլիներ դեմարկացիայի-դելիմիտացիայի հիմքի հստակեցումը և պայմանագիրը, որի մասին խոսում ենք, դրա երաշխավորի ինստիտուտի շուրջ դիրքորոշումների համադրումը։  Ահա այս երկու հարցերն են, որոնց շուրջ, ըստ իս, ծայրահեղ կարևոր է առաջընթաց արձանագրելը, և գոնե տեսականորեն հնարավոր է, որ այս հանգրվանում արձանագրվեն»,- Civic.am-ի հետ զրույցում նշեց Քոչինյանը։ 

Նկատեցինք, որ թեև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների շուրջ կողմերի միջև պայմանավորվածությունը ձեռք է բերվել Եվրամիության միջնորդությամբ՝ նախորդ տարի, բրյուսելյան բանակցություններից հետո, սակայն ՌԴ-ն մշտապես արձանագրում է, թե պայմանագրի կարևոր դրույթներից մեկը՝ սահմանազատման և սահմանագծման պրոցեսը, պետք է տեղի ունենա,  այսպես ասած,  ռուսական պլանով,  և որ՝  «Ռուսաստանն ունի եզակի փորձագիտական ներուժ հետխորհրդային տարածքում սահմանազատման և սահմանային վեճերի կարգավորման ոլորտում», սահմանազատման հիմք հանդիսացող քարտեզագրական նյութերը գտնվում են Խորհրդային Միության գլխավոր շտաբում։ Այս մասին դեռևս 2021-ին հայտարարել էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ առանց ՌԴ-ի անհնար համարելով սահմանազատման գործընթացը։ 

Ասվածից  արդյոք չի՞ հետևում, որ  կոնկրետ սահմանազատման հարցով զարգացում ակնկալելու համար ՀՀ-ն և Ադրբեջանը պետք է գնան ոչ թե ԱՄՆ-ի կամ Բրյուսելի, այլ՝ ՌԴ-ի «դուռը»։ Ի պատասխան մեր այս դիտարկմանը՝  քաղաքագետն  արձագանքեց. «Որքանով ես եմ հասկանում՝ ՌԴ-ն այս հարցում կորցրել է իր մենաշնորհը, և այդ քարտեզները առնվազն ոչ միայն իրենց մոտ կան այլևս։ Եթե նախորդ վաշինգտոնյան հանդիպումից հետո տարածվեց տեղեկատվություն առ այն, որ պետք է աշխատենք 1975 թ. քարտեզների վրա, դա հենց այն քարտեզն է, որի մասին ռուսական կողմը հայտարարում է, թե կա միայն իր մոտ՝ ԽՍՀՄ գլխավոր շտաբում, ինչպե՞ս է հնարավոր ամերիկյան հանդիպումից հետո խոսել այդ քարտեզի մասին, եթե դրանք կան միայն ռուսների մոտ։ Նշանակում է, որ ենթադրյալ քարտեզները  այլևս կան այլ տեղ ևս՝ ոչ միայն ռուսների մոտ։ Եվ եթե կան արևմտյան կողմի մոտ, նշանակում է՝ կան նաև ՀՀ-ի և Ադրբեջանի մոտ»։  

Նկատենք, որ հանդիպումը տեղի է ունենում ՌԴ-ում վերջին մի քանի օրերին ծավալվող  ներքին անկայունության, ոչ ստանդարտ պրոցեսների ֆոնին։  Ի՞նչ հնարավոր հանգուցալուծում եք կանխատեսում այդ պրոցեսներին, և այս  հանգրվանում դրանք ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ՀՀ-Ադրբեջան բանակցությունների վրա։ «Պետք է արձանագրենք, որ տարածաշրջանում ՌԴ-ի դիրքերի թուլացման գործընթացը այլևս ոչ միայն փաստ է, այլև փաստ է այդ գործընթացի արագացումը։ Այսինքն՝ ՌԴ-ն գնալով ավելի ու ավելի արագ է թուլանում, և շոշափելի է թուլացման արագացման գործընթացը։ Սա ստեղծում է որոշակի անկայունություն։ Թե այդ անկայունության հետ ՀՀ-ն ինչպե՞ս կկարողանա աշխատել, այսինքն՝ դա կբերի մեր խնդիրների բազմապատկմանը, մեծացմա՞նը, թե՞ դրանց՝ ինչ- որ առումով ավելի լուծելի դառնալուն, մեծապես կախված է ՀՀ-ից և մեր արտաքին քաղաքականությունից։ Շատ կարևոր է՝ մեր  բոլոր գործողություններում, օրինակ՝ կապված ՀՀ-ի անվտանգային ճարտարապետության փոփոխության, դիցուք՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ առանձին փաստաթղթեր վերանայելու հետ, միշտ տիրապետել ժամանակի և ուժային բալանսի նրբություններին։ Այսինքն՝ այն, ինչ մարգինալ կամ անհնարին է թվում այս պահին՝ կապված այսօրվա իրականության հետ, շատ հանգիստ կարող է փոխվել ոչ թե վաղը, այլ՝ այսօր երեկոյան։ Ամենակարևոր գործը, որ մենք այսօր պետք է անենք, դա այ այդ ուժային բալանսի և ժամանակի մեջ պահը բաց չթողնելն է՝ ճիշտ մանևրելը։ Ճիշտ մանևրելը ենթադրում է նաև, որ մենք պետք է լուրջ տնային աշխատանք անենք մեր մանևրականության բարձրացման ուղղությամբ։ Մանևրականությունն իր հերթին նշանակում է ոչ միայն զինված ուժերի ռեֆորմներ,  վերազինում և այլն, այլև ենթակառուցվածքների վրա շատ լուրջ ուշադրություն դարձնենք։ Այսինքն՝ այն ամենը, ինչը կապված է պետության մանևրականության հետ, այս պահին պետք է լինի բացարձակ առաջնահերթություն։ Դա է լինելու այն երաշխիքը, որ երբ պահը գա, մենք կարողանանաք պատրաստ լինել  աշխատել  այդ  պահից հետո ստեղծված նոր իրավիճակի հետ»։ 

Վերադառնալով երաշխավորների մասին դիտարկմանը՝ հարցրինք՝  ովքե՞ր, ո՞ր գերտերությունները կամ միջազգային կառույցները  կարող են լինել այդ երշախավորները, արդյոք ՀՀ ռազմավարական դաշնակից, օրեցօր թուլացող,  ներքուստ պառակտվող ՌԴ-ն ի վիճակի՞ է ստանձնել երաշխավորի և կամ համաերաշխավորի կարգավիճակը, մեր զրուցակիցն արձագանքեց. «Թուլացող, պառակտվող ՌԴ-ն չի կարող, որովհետև ՌԴ-ի ծրագրանպատակային դաշտից չի ելնում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը։ Կան դրա առանձին էլեմենտներ, որոնք ելնում են։ Օրինակ՝ կոմունիկացիաների ապաշրջափակումը, որը պետք է ՌԴ-ին, բայց հայ-ադրբեջանական ամբողջական կարգավորում ՌԴ-ին պետք չէ։ Եվ դա պետք չէ, անկախ այն բանից՝ ՌԴ-ն ուժեղ է, թե ուժեղ չէ, պառատկված է, թե ոչ։ Դա այդ պետությանն ուղղակի պետք չէ։ Եվ այս հանգամանքը նկատի առնելով է, որ նշում եմ՝ Միացյալ Նահանգները միակ պետությունն է, որն ունի և շահագրգռվածություն, և կարողություններ հայ-ադրբեջանական կարգավորման հարցում։ ԵՄ-ն նույնպես ունի շահագրգռվածություն, բայց չունի կարողություններ»։ 
 
Հեղինե Մանուկյան