Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՍԴ-ն դիմումն ընդունում է, եթե կան դատական ատյանների որոշումներ, սակայն ընտրակաշառքի ահազանգեր հենց «Հայաստան» դաշինքի հետ կապված ենք ստացել․ փորձագետ

ՍԴ-ն դիմումն ընդունում է, եթե կան դատական ատյանների որոշումներ, սակայն ընտրակաշառքի ահազանգեր հենց «Հայաստան» դաշինքի հետ կապված ենք ստացել․ փորձագետ
Քաղաքականություն
14:29, 22 июнь 2021
«Հայաստան» դաշինքը երեկ հայտարարություն տարածեց, որ չի ընդունում քվեարկության արդյունքներն ու դիմելու է Սահմանադրական դատարան։ Ըստ «Հայաստան» դաշինքի հայտարարության մի շարք իրավիճակներ խնդրահարույց են․ «Բուն ընտրության օրը բազմաթիվ տեղամասերից մեր վստահված անձանց ահազանգերի նախնական ամփոփումը վկայում է, որ խոսքը գնում է ընտրության արդյունքների համակարգված եւ նախապես պլանավորված կեղծարարության մասին»,-գրված է հայտարարության մեջ։  

Կեղծարարության վերաբերյալ ընդգծված կետերից է նաև էլեկտրաէներգիայի անջատումները․ «Ընտրահաշվարկը սկսելուն պես բազմաթիվ տեղամասերում տեղի ունեցան էլեկտրաէներգիայի անջատումներ: Խոսքը գնում է մարզերի ամբողջական, առանձին համայնքների մասին՝ Արմավիր, Լոռի, Շիրակ, Արագածոտն եւ այլն»:

Civic.am-ի հետ զրույցում «Անկախ դիտորդ» ՀԿ-ի համակարգող Վարդինե Գրիգորյանը նշեց, որ եթե հոսանքազրկումների հարցին իրատեսականորեն նայենք՝ ապա 21-րդ դարն է և հիմա բոլորն ունեն հեռախոսներ․ «Եթե մենք նախկինում դիտորդներին ֆանարիկներ էինք տալիս, հիմա հեռախոսներ կան և դժվար է զուտ հոսանքազրկումներով ինչ-որ բանի հասնել, եթե այդ հոսանքազրկումները չեն ուղեկցվելու միջադեպերով, որի ընթացքում՝ օրինակ փորձելու են քվեատուփ գողանալ»։

Վարդինե Գրիգորյանի խոսքով ընտրությունը վերահսկելու մեխանիզմները շատ էին, և նմանատիպ միջադեպերը չէին կարող որևէ բան փոխել․ «Ընտրությունը կձախողվեր, եթե հոսանքազրկման պատճառով հաշվարկը տեղի չունենար ու չկարողանային շարունակել, բայց փաստ է, որ տեղի է ունեցել։ Քվեաթերթիկները կեղծել հնարավոր չէր, որովհետև ավել քվեաթերթիկ էդտեղ հասցնելու համար մարդը պետք է սարքի մեջ մուտքագրեր նոր տվյալներ՝ մատնահետք, ստանար կտրոնը, այն կնիքվեր, վերցներ քվեաթերթիկը և դրոշմանիշ փակցներ քվեաթերթիկի վրա։  Այսինքն, այս բոլոր կետերում ամեն ինչ հաշվարկվում է, և եթե թվերը իրար չեն համապատասխանում՝ արդյունքում կարող են կեղծվել, բայց մենք տեսնում ենք, որ այս բոլոր փուլերով ոչ մի խնդիր չի եղել»։ 

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ «Անկախ դիտորդն» այսօր հրապարակել է քվեարկության արդյունքներում 14 տեղամասի հետ կապված անճշտություններ, և այդ անճշտություններն ուղարկել են ԿԸՀ ու հույս ունեն, որ կուղղվի։

«Հայաստան» դաշինքն իր հայտարարության մեջ նաև առանձնացրել էր իրենց կողմից արձանագրված այն խնդիրը, ըստ որի բազմաթիվ տեղամասերում այդ բնակավայրերին օտար մեծ թվով քաղաքացիների առկայություն եւ քվեարկություն է եղել։

Վարդինե Ենգիբարյանն անդրադառնալով այդ հարցին՝ նշեց, որ բավականին շատ մարդիկ կային, որոնք ըստ իրենց գտնվելու վայրի են քվեարկել, քանի որ ցուցակները վերջին պահին են ամփոփվում, բայց նրանք հանվել են այն մյուս ցուցակներից, որոնցում իրենք մշտապես գտնվել են։ 

Մեր զրուցակիցն ընդգծում է, որ թերությունների հայտնաբերումը դեռ գործընթացի մեջ է, դեռ ստորագրված ցուցակները հրապարակվելու են և եթե լինեն անճշտություններ՝ դրանք կարող են հեշտությամբ  բացահայտվել։ 

Ինչ վերաբերում է անկախ դիտորդի բացահայտումներին՝ Վարդինե Գրիգորյանի խոսքով դրանք ոչ թե ընտրակեղծիքների մասին են խոսում, այլ ընտրախախտումների, որոնք հիմնականում «Հայաստան» դաշինքի կողմից էին կատարվում․ «Այդ դաշինքի վստահված անձինք տեղում քարոզչություն էին կատարում, ուղղորդում էին ընտրողներին, վերահսկում էին նրանց քվեարկությունը՝ ստանում էին քաղաքացիների ակնարկները, թե նրանք ում են քվեարկել»։

«Հայաստան» դաշինքի հայտարարության մեջ նաև նշված է, որ առանձին համայնքներում իշխանության կողմից քողարկված ընտրակաշառքի դեպքերի մասին ահազանգեր են եղել: «Անկախ դիտորդի» համակարգողից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ունեցել են նման ահազանգ։

«Ընտրակաշառքի վերաբերյալ չենք ստացել, բայց մեր զեկույցում նշել ենք, որ կան վարչական ռեսուրսի կիրառման մեթոդ։ Օրինակ՝ Գեղարքունիքի մարզպետը քարոզչության ժամանակ անընդհատ ներկայացնում էր սուբվենցիոն ծրագրերը։ Դա կարող ենք ընկալել և՛ որպես վարչական ռեսուրս, և՛ որպես ընտրակաշառք, բայց դա հեռու է այն ընտրակաշառքից, որն իրենք էին առաջարկում։ Մենք տարբեր համայնքներից ու տարբեր հիմնարկներից ստանում էինք ահազանգեր, որ կոնկրետ գումարներ է առաջարկվում՝ 70․000-100․000 դրամ, լինում էին նաև ավելի քիչ և ավելի շատ։ Մարդկանց ցուցակագրում էին, առաջարկում էին համաձայնել, որ կքվեարկեն կամ առնվազն իրենց տվյալները տալ, կամ առնվազն չքվեարկել ՔՊ-ի օգտին»,- պատասխանեց Վարդինե Ենգիբարյանը։ 

Նրա կարծիքով «Հայաստան» դաշինքը այս ընթացքում կփորձի դատական տարբեր ակտերով վիճարկել տարբեր խախտումներ, քանի որ նախկինում ՍԴ-ն իր որոշումներում հղում է արել նրան, որ այս կամ այն ընտրախախտումների հետ կապված չկան ուժի մեջ մտած դատական ակտեր․ «ՍԴ-ն դիմումն ընդունում է, եթե կան այլ ատյանների որոշումներ։ Ենթադրում եմ, որ հիմա էլ պետք է  այդպիսի որոշում կայացնի, կամ կամայական որոշում է կայացնելու չընդունելու այլևս ուժի մեջ մտած որոշումների փաստը»։ 

Մեր հարցին՝ եթե «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքները հրաժարվեն մանդատները վերցնել, այդ դեպքում միայն իշխո՞ղ ուժն է ԱԺ-ում մնալու՝ Վարդինե Ենգիբարյանն արձագանքեց․ «Իրենք գրել են այնպիսի Սահմանադրություն, որում դա խնդիր չէ»։  

Անկախ դիտորդ ՀԿ ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանն էլ անդրադառանալով նույն հարցին՝ շեշտեց, որ մանդատները չվերցնելու դեպքում արտահերթ ընտրությունների մասին խոսք լինել չի կարող․ «ԱԺ-ում կմնա միայն ՔՊ-ն»։ 

Նարա Մարտիրոսյան