Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում չհաջողած ու հրաժարական տված Վարդանյանն ու Թանդիլյանը այժմ էլ ուզում են «փոխել Երևանի ապագան»․ գուցե Թաթարստանի մայրաքաղաք Կազանի օրինակո՞վ

Արցախում չհաջողած ու հրաժարական տված Վարդանյանն ու Թանդիլյանը այժմ էլ ուզում են «փոխել Երևանի ապագան»․ գուցե Թաթարստանի մայրաքաղաք Կազանի օրինակո՞վ
Քաղաքականություն
14:47, 23 август 2023
Այսօր մեկնարկած Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավին Արցախից տեսակապով միացած Ռուբեն Վարդանյանը կոչ արեց բոլոր երևանցիներին իրենց ձայնը տալ «Ապրելու երկիր» կուսակցությանը։ «Մենք պետք է վերականգնենք մեր պետությունը, պետական մտածելակերպը: Հայրենիքը առանց պետության հնարավոր չէ պահպանել, մենք արել ենք դա հարյուրավոր տարիներ, բայց մեծ գին ենք դրա համար վճարել: Ոչ մեկը ոչ մի բան մեզ չի ապահովելու, մեզ պարտական չի: Եթե մենք խոսում ենք մեր ապագայի, մեր հայրենիքի մասին, դա մեր պատասխանատվությունն է ու մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր վրա վերցնենք այս պարտականությունը եւ անենք: Մենք գիտեք՝ ինչ է պետք անել, ոնց է պետք անել: Ապագան մենք ենք կերտում ու մենք գիտենք՝ ինչ ապագա պետք է լինի»,-հավաստիացրեց Վարդանյանը: 

Ընդ որում՝ սա ասում է մի մարդ, որը Հայաստանը պատկերացնում է Ռուսաստանի կազմի մեջ՝ Թաթարստանի օրինակով։ «Թաթար Ռուբո» մականունը ստացած, Արցախում չհաջողած և պետնախարարի պաշտոնից հեռացած գործարարը, որը մի քանի օր առաջ Հակոբավանքի դիմաց բողոքում էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանից, փաստորեն հիմա էլ նաև լծվել է Երևանում իշխանափոխություն իրականացնելու գործին։ 

Մի քանի ամիս լինելով Արցախի պետնախարար՝ Վարդանյանն այդպես էլ չկարողացավ որևէ ռեալ դրական փոփոխություն արձանագրել, փոխարենը սրեց Արցախի ներքաղաքական իրավիճակը։  Հիմա էլ Ռուսաստանից Արցախ տեղափոխված գործարարը մտմտում է Արցախում իշխանափոխութան մասին ու դժգոհում, թե ինչու Արայիկ Հարությունյանը հրաժարական չի տալիս։

Կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ընտրություններին մասնակցում է «Մենք գիտենք ինչպես» և «Փոխենք ապագան» կարգախոսներով։ Թանդիլյանը, ով Արցախում սոցապնախարար էր, փաստորեն «չգիտեր, թե ինչպես» լուծել Արցախի սոցիալական խնդիրները և պատասխանատու պաշտոնից հրաժարական տվեց։ Հրաժարականի պահին ու մինչ այսօր Արցախում բազմաթիվ են սոցիալական խնդիրները՝ սկսած բնակչության բնակարանային ապահովումից մինչև տարրական կենցաղային պայմանների ստեղծում։ Սակայն դա չի խանգարել Թանդիլյանին հեռանալ Արցախից և գալ ու փորձել դառնալ Երևանի քաղաքապետ։ Ասել է թե՝ մի խնդիրը չլուծած, անցել է մյուսի տապալմանը։ Փոխարենը Թանդիլյանը կռահել է՝ ինչպես փոխել իր տղաների ապագան և հենց դա է պատճառը, որ նախազորակոչային տարիքում նրանց ուղարկել է Ավստրալիա։

Տրամաբանական հարց է առաջանում, թե ինչպե՞ս են այսքանից հետո Վարդանյանն ու Թանդիլյանը «փոխելու Երևանի ապագան»։ Իսկ եթե հաշվի առնենք, որ Վարդանյանը Հայաստանը դիտարկում է ՌԴ կազմում՝ Թաթարստանի օրինակով, ապա չի բացառվում, որ Երևանի ապագան կարող է դիտարկել որպես ապագա Կազան։

Դավիթ Լևոնյան