Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՍԴ-ն չի կարող գնալ ինքնասպանության. Ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու հիմքեր չկան․ դիտորդ

ՍԴ-ն չի կարող գնալ ինքնասպանության. Ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու հիմքեր չկան․ դիտորդ
Քաղաքականություն
19:16, 02 июль 2021
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած 4 ուժ՝ «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքը, «Հայոց հայրենիք» կուսակցությունը  և «Զարթոնք» կուսակցությունը Սահմանադրական դատարանում վիճարկում են ընտրությունների արդյունքները։ Քաղաքական ուժերը ՍԴ-ից պահանջում են ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանել կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակել։ 

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը այսօր նշել է, որ  վիճարկվել է ընտրության արդյունքների վերաբերյալ ընդունված որոշման սահմանադրականությունը, օրինականությունը, փաստական հանգամանքները։ 

Նրա խոսքով՝ ՍԴ-ն նշված դիմումը քննության առարկա է դարձնելու թե՛ քանակական խախտումների իմաստով՝ քվեարկության օրվա վերաբերյալ, թե՛ որակական իմաստով, ինչը վերաբերելու է այն հարցերին, որոնք ներկայացվում են սկսած մայիսի 10-ից։ Վարդևանյանը հայտնել է, որ դիմումը ներկայացվել է 12 կետից բաղկացած խնդիրների մանրամասն վերլուծությամբ, կից փաստաթղթերով և դրանց վերաբերյալ հիմնավորումներով։ 

Ընտրությունների ամբողջ ընթացքը դիտարկած «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց գնահատականը հստակ է. ո՛չ քանակական առումով, ո՛  չ որակական առումով այդպիսի զանգվածային խախտումներ չեն եղել, չեն եղել այնպիսի խախտումներ, որոնք որոշիչ ազդեցություն ունենան ընտրողների կամքի ազատ արտահայտման սահմանափակման վրա։ Այդպիսի խախտումներ չեն եղել նաև քվեների հաշվակի ժամանակ, որոնք որոշիչ ազդեցություն կարող էին ունենալ ընտրությունների վերջանական արդյունքների վրա.«Դա փաստեց նաև վերահաշվարկի գործընթացը։ Մենք ինքներս էինք որոշակի անհամապատասխանությունների վերաբերյալ նախաձեռնել վերահաշվարկ, որը ցույց տվեց, որ դրանք որոշիչ կամ էական նշանակություն քվեների վերջնական արդյունքների վրա չեն ունեցել»,-ասաց Սաքունցը։ 

Նկատենք, սակայն, որ «հետաքրքիր»  զուգադիպությամբ «Ընտրությունը քոնն է» դիտորդական առաքելությունը երեկ հրապարակել է իր դիտորդական եզրակացությունը ընտրությունների վերաբերյալ, որտեղ մատնանշվել են «բազմաթիվ խախտումներ»։ Սաքունցը նշեց, որ այդ զեկույցը նախ «աննախադեպ» է այն իմաստով, որ այս կարճ ժամանակում նման ծավալի եզրակացություն հրապարակել հնարավոր չէր, և հետո դրա ու որոշ ուժերի ՍԴ ներկայացրած դիմումների միջև ուղիղ կապ կա։ «Ես ուղակի կապ եմ տեսնում այդ դիտորդական առաքելության կողմից հրապարակաված եզրակացության և այսօր ՍԴ-ում ներկայացող դիմումների միջև։ Համոզված եմ, որ հաստատ օգտագործվելու են այդ դիտորդական առաքելության ոչ օբյեկտիվ գնահատականները, եզրակացությունները։ Պետք է հստակ ընդգծել, որ այդ դիտորդական առաքելությունը նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ, երբ աղաղակող խախտումներ են եղել, ընտրությունները համարել է ազատ ու արդար։ Իսկ հիմա, երբ խախտումները եղել են էպիզոդիկ, ոչ մասսայական, նման գնահատական է հրապարակվել։

Սա չի կարող զուտ պատահականություն լինել։ Այստեղ հստակ միտում կա»,- ասաց Սաքունցը՝ հավելելով, որ որևէ բաց աղբյուրում տեղեկատվություն չկա, թե որտեղից է ֆինանսավորվել այդ դիտորդական առաքելությունը, որը կասկածներ է հարուցում, որ ֆինանսավորումը կարող էր լինել ընտրություններին մասնակից որևէ քաղաքական ուժի կողմից։ «Նման դիտորդական առաքելություններին մենք ունենք հստակ որակում՝ նրանք ֆեյք դիտորդներ են»,-ասաց Սաքունցը։

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի հնարավոր գործողություններին, ապա իրավապաշտպանը նկատեց, որ անգամ հաշվի առնելով Սահմանադրական դատարանի ներկայիս կազմի նկատմամբ վստահության  դեֆիցիտը, բարձր դատարանը չի գնա ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու ճանապարհով, քանի որ, դրա համար չկան բավարար հիմքեր.«Ես խորը կասկած ունեմ, որ ՍԴ-ն կհամարձակվի գնալ ինքնասպանության։ Իսկ եթե Սահմանադրական դատարանը համարձակվի բավարարել նման անհիմն դիմումները, ապա դա ՍԴ-ի համար կլինի ինքնասպանություն»,-եզրափակեց Արթուր Սաքունցը։

Նշենք, որ «Պատիվ ունեմ»-ի դիմումը Սահմանադրական դատարանում կներկայացնի արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, իսկ «Զարթոնք» կուսակցությանը՝ Փաստաբաններ պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։ 

Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում 2018 թվականին իրականացված փոփոխություններից հետո առաջին անգամ է ՍԴ-ում ընտրությունների վերաբերյալ վեճը քննության առարկա դառնալու։

Արփի Հարությունյան