Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանական կողմի դիրքերն ամբողջ գիշեր այրվում էին, մեր տղաներն ուժեղ հակահարված են տվել. Վերին Շորժա վարչական շրջանի ղեկավար

Ադրբեջանական կողմի դիրքերն ամբողջ գիշեր այրվում էին, մեր տղաներն ուժեղ հակահարված են տվել. Վերին Շորժա վարչական շրջանի ղեկավար
Հայաստան
12:34, 12 январь 2022
Երեկ՝ հունվարի 11-ին, տևական ժամանակ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրի հատվածում գտնվող հայկական ԶՈՒ դիրքերի ուղղությամբ։

Վերին Շորժա բնակավայրի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ երեկվանից՝ մոտավորապես ժամը 20։30-ից, մինչ այս պահը կրակոցների ձայներ այլևս չեն լսվում գյուղում: «Երեկ՝ ժամը մոտավորապես 15։00-ից, ադրբեջանական կողմն ամբողջ տարածքով մեկ, իրենց տարբեր դիրքերից սկսեցին կրակել մեր դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը ուժեղ հակահարված տվեց։ Ճիշտ է, մենք ափսոսում ենք մեր զոհերի համար, բայց ես դիրքերում եմ եղել ու համոզված եմ, որ ադրբեջանական կողմը շատ վնաս է կրել և ոչ միայն տեխնիկական՝ մենակ տեսնեիք, թե ոնց էին այրվում նրանց դիրքերը»,- պատմեց Արտյոմ Երանոսյանը։  

Ադրբեջանի ՊՆ-ն երեկ թեպետ հայտարարել էր իրենց կողմից միայն մեկ զոհի մասին, սակայն Արտյոմ Երանոսյանը համոզված է, որ հակառակորդի կորուստներն այդքանով չեն սահմանափակվում։

«Ադրբեջանական կողմը մեր տարածքում չի կարող առաջընթաց ունենալ, թեպետ մայիսից կրակում են, բայց ոչ մի սանտիմետր առաջ չեն եկել, մեր տղաներն ուժեղ հակահարված են տալիս, նրանց դիրքերն ամբողջ գիշեր այրվում էին»,- ընդգծեց Վերին Շորժա վարչական շրջանի ղեկավարը։ 

Նրա խոսքով՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն մոտ 7-8 հատ անօդաչու սարքեր է կիրառել, և հայկական կողմը ոչ թե հակառակորդի կրակոցներից է զոհեր ունեցել, այլ Ադրբեջանի կողմից անօդաչու սարքերի կիրառման հետևանքով։ 

«Բնակիչները մայիս ամսից կրակոցների ձայները լսում են, կրակոցներն արդեն սովորական երևույթ են դարձել, և ոչ մի խուճապ չկա բնակիչների մեջ»,- հավելեց Արտյոմ Երանոսյանը։ 

Նշենք, որ երեկ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ hունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը որոշակի ժամանակով լռեցվել է, սակայն ադրբեջանական կողմը վերսկսել է կրակել։  Ըստ ՊՆ հաղորդագրությունների՝ հայկական կողմն ունի հինգ վիրավոր, երեք զոհ։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է դեռևս մեկ զոհի մասին։

Նարա Մարտիրոսյան