Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանն իր բոլոր հարևան երկրների հետ այնպիսի քաղաքականություն է վարում, որի նպատակն է զարգացնել համագործակցությունը բոլոր ուղղություններով. իսկ Հայաստանը մեր հարևան, բարեկամ երկիրն է. Իրանի դեսպան

«Երրորդ բարձրավոլտ գծի հետ կապված, ցավոք սրտի, պետք է ասեմ, որ խնդիրներ են եղել, նախկինում աշխատանքը բավականին ձգձգվել է: Բայց այսօր աշխատանքները շատ ավելի լավ ու արագ տեմպերով առաջ են գնում»,- այս մասին Սյունիքում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:  Դեսպանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում կշահագործվի էլեկտրահաղորդման գիծը, որը ըստ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանի՝ պատրաստ կլինի մինչև տարեվերջ։  

«Հայաստանը մեզ համար շատ կարևոր հարևան ու բարեկամ երկիր է: Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցությունը շատ կարևոր է մեզ համար: Բարեբախտաբար, վերջին շրջանում երկու երկրների միջև համաձայնություն է ձեռք բերվել գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման հետ կապված»,- ասաց դեսպան Զոհուրին՝ նշելով, որ այդ ամենն իրականացնելու համար անհրաժեշտ են պայմաններ՝ Հայաստանից դեպի Իրան էլեկտրաէներգիա և Իրանից դեպի Հայաստան գազ մատակարարելու համար:  

Դեսպանը նաև նշեց, որ Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև համատեղ համագործակցությունները կարող են օրինակ լինել տարբեր ուղղություններով տարածաշրջանում եռակողմ համագործակցությունների համար: Զոհուրին նշեց, որ Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունն ու բոլոր ուղղություններով կապերը զարգանում են:   Անդրադառնալով անվտանգային խնդիրներին՝ դեսպանը վերահաստատեց, որ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է: Դեսպանն ընդգծեց, որ Իրանն իր բոլոր հարևան երկրների հետ այնպիսի քաղաքականություն է վարում, որի նպատակն է զարգացնել համագործակցությունը բոլոր ուղղություններով:

«Իսկ Հայաստանը մեր հարևան, բարեկամ երկիրն է: Եվ Հայաստանի նկատմամբ էլ նույնպես այդ քաղաքականությունն է վարվում: ԱԳ նախարարն էլ նշել է, որ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է: Եվ Իրանի դիրքորոշումը միշտ այնպես է եղել, որ պետք է հարգվի երկրների անկախությունը, տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Հայաստանինն ու բոլորինը՝ միջազգային օրենքներին համապատասխան»,- ասաց Աբբաս Բադախշան Զոհուրին: