Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ապրելու երկիր»-ը Երևանի քաղաքապետի իր թեկնածուների մեջ դիտարկում է նաև Մանե Թանդիլյանին, իսկ «Հայաստան» դաշինքը շոկի մեջ է

«Ապրելու երկիր»-ը Երևանի քաղաքապետի իր թեկնածուների մեջ դիտարկում է նաև Մանե Թանդիլյանին, իսկ «Հայաստան» դաշինքը շոկի մեջ է
Հայաստան
19:14, 18 март 2023
«Ապրելու երկիր» կուսակցությունը կմասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին։ Դեռեւս չենք որոշել, թե ով պետք է գլխավորի ցուցակը, բայց քաղաքապետի թեկնածուների մեջ նաեւ Մանե Թանդիլյանի թեկնածությունն է դիտարկվում։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության մամուլի պատասխանատու Հռիփսիմե Հովհաննիսյանը։ 

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն էլ պատասխանելով հարցին՝ մասնակցելու՞ են Երեւանի ավագանու ընտրություններին՝ արձագանքեց. «Ավագանու ընտրությունները կնշանակվեն՝ կորոշենք. մեր թիմում մինչ այս պահը դեռ քննարկում չի եղել»։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ ասաց, թե դեռ շոկի մեջ են.  «Սպասեք Հրաչ Սարգսյանի հրաժարականի շոկից դուրս գանք, նոր դրա մասին մտածենք»։

Մենք փորձեցինք կապ հաստատել նաեւ Արթուր Վանեցյանի՝ «Հայրենիք» կուսակցության հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը երեկ հրաժարական տվեց։ Եվ ըստ օրենքի՝ Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։ Նա կփոխարինի քաղաքապետին, մինչեւ ավագանու կողմից նոր քաղաքապետի ընտրությունը։

Ինչպես հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է, ցուցակը նա է գլխավորելու: 

Ըստ գործող օրենքի՝ քաղաքապետի հրաժարականից հետո ավագանու որոշմամբ պետք է գումարվի ավագանու արտահերթ նիստ եւ ավագանին իր կազմից ընտրի քաղաքապետ։ Սակայն, եթե երկշաբաթյա ժամկետում ավագանու կազմից քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում կամ առաջադրված թեկնածուն չի հավաքում բավարար ձայներ, ապա կառավարությունը կարող է կրճատել ավագանու լիազորությունների ժամկետը և նշանակել արտահերթ ընտրություններ։ 

Նշենք, որ ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը ավագանու կազմում չէ եւ ամենայն հավանականությամբ կանցկացվեն արտահերթ ընտրություններ։

Նարա Մարտիրոսյան