Քաղաքացիակենտրոն
լրատվություն

««Իսկանդերը» չէր կարող խոտանված լինել»․ ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյան

««Իսկանդերը» չէր կարող խոտանված լինել»․ ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյան
Հասարակություն
18:11, 24 февраль 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երեկ 1in.am-ին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձ կատարելով պատերազմի ընթացքում «Իսկանդերի» կիրառման վերաբերյալ Սերժ Սարգսյանի անդրադարձին, ասաց․ «Մերժվածը, պետք է այդ հարցերի պատասխանն իմանա և չտա  հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի։ Իսկ գուցե պատախանե՞ր՝ ինչու՞ կրակված «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է 10 տոկոսով, օրինակ»։ 

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը իր հայտնի հարցազրույցում անդրադառնալով «Իսկանդերի» կիրառմանը, ասել էր․ ««Իսկանդերը» կիրառվել է Շուշիի ուղղությամբ, որ պետք էր կիրառել արդեն պատերազմի չորրորդ-հինգերորդ օրը, երբ Ադրբեջանը հսկայական քանակով կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ էր արել Հորադիզում և այլ հատվածներում»։

Վարչապետի հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն փորձցինք ստանալ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածում ՊՆ փոխնախարար եղած Արտակ Զաքարյանից, ով մեզ հետ զրույցում, հայտարարեց, թե ««Իսկանդերը» չէր կարող խոտանված լինել»։ 

Մեր դիտարկմանը, թե այդպիսի նախադեպ էլի ենք ունեցել, երբ զենքերը խոտանված են եղել, մասնավորապես ԱԱԾ-ում հարուցված քրեական գործ կա, համաձայն որի, 2016-2017 թվականներին ձեռք է բերվել 42 միլիոն դոլարի զենք, որը խոտանված է եղել, Զաքարյանն ասաց, որ զենքը խոտանված չի եղել, և այդ գործով ում որ ձերբակալել են, ապա ազատ են արձակել։ Մեր ճշտող հարցին, թե չի՞ հաստատվել այդ զենքերի խոտանված լինելու փաստը, Զաքարյանն ասաց․ «Ես չգիտեմ, զանգեք, պարզեք»։ 

«Իսկանդերի» մասին վարչապետի  հայտարարության մասով Արտակ Զաքարյանն ասաց, որ չի կարծում, որ նման բան եղել է, գտնում է, որ դա սուտ է, և այդ հայտարարությունը կարող է վնասել մեր դաշնակցային հարաբերություններին։

Հիշեցնենք, որ վարչապետի՝ 2020 թվականի մարտի 11-ին Սյունիքի մարզի Տաթև համայնքում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավի ժամանակ արված հայտարարության հիման վրա քրեական գործ էր հարուցվել, ըստ որի 2016-2017 թվականներին 42 մլն դոլարի ռադիոէլեկտրոնային միջոցներ էին ձեռք բերվել, որոնք խոտանված են եղել։ 

Վովա Հակոբյան