Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս պահին Շիրակի մարզում բնակվում է ԼՂ-ից բռնի տեղահանված 3981 քաղաքացի. Համայնքներում և մարզպետի աշխատակազմում 24/7 գրաֆիկով հերթապահություն էր ստեղծվել՝ նրանց աջակցելու համար. Շիրակի մարզպետ

Այս պահին Շիրակի մարզում բնակվում է ԼՂ-ից բռնի տեղահանված 3981 քաղաքացի. Համայնքներում և մարզպետի աշխատակազմում 24/7 գրաֆիկով հերթապահություն էր ստեղծվել՝ նրանց աջակցելու համար. Շիրակի մարզպետ
Հասարակություն
17:24, 06 ноябрь 2023
«Նոյեմբերի 2-ի դրությամբ ոչ թե պետք է ասեմ, որ Շիրակի մարզում ապաստան են գտել, այլ արդեն ապրում են ԼՂ-ից բռնի տեղահանված 3981 քաղաքացի՝ 998 ընտանիք։ Համայնքներում տեղաբաշխվածությունը հետևյալն է. Գյումրիում՝ 2630 անձ, 634 ընտանիք, Արթիկում՝ 412 անձ, 117 ընտանիք, Աշոցքում՝ 104 անձ, 27 ընտանիք, Անիում՝ 329 անձ, 91 ընտանիք, Ամասիայում՝ 97 անձ, 28 ընտանիք, Ախուրյանում՝ 490 անձ, 101 ընտանիք»,- այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։  

Նա նշեց, որ այս պահին 45 անձ պետական աջակցությամբ ապրում են  հյուրանոցներում և հյուրատներում, պարբերաբար աշխատանքներ են տարվում՝ ազատ առանձնատներ և բնակարաններ հայտնաբերելու ուղղությամբ։

«ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները որպեսզի օր առաջ բնակություն հաստատեն առանձնատներում և բնակարաններում, հսկայածավալ աշխատանքներ են կատարվում մինչ օրս։ Հոկտեմբերի 3-ի դրությամբ հյուրանոցներում և հյուրատներում տեղավորված անձանց թիվը կազմել է 591, նոյեմբերի 2-ի դրությամբ թիվը նվազել է՝ հասնելով 45-ի։ Կեցության համար հարմարեցված ընդհանուր տարածքներում տեղակայվել են բռնի տեղահանված 126 քաղաքացի, 27-ը՝ Գյումրի ԲԿ-ի մասնաշենքում, 84-ը՝ Մարալիկի սոցիալական թաղամասում, 8-ը՝ Լանջիկում, իսկ 7-ը՝ Աշոցքի ճամբարում։ 3527 քաղաքացի բնակություն է հաստատել անհատական բնակելի տներում»,- ասաց մարզպետը։

Մարզպետը տեղեկացրեց, որ Շիրակի մարզի դպրոցներում ուսումը շարունակում է 676 աշակերտ, Շիրակի մարզի բուհերում ուսումը շարունակում է 43 ուսանող, 35-ը՝ Շիրակի պետական համալսարանում, 3-ը՝ ՀՊՏՀ-ի Գյումրու մասնաճյուղում, 5-ը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում։ 

«Շիրակի մարզի թվով 24  բուժհաստատություններում հաշվառվել են, դեղորայք են ստացել, ստացիոնար բուժման և լաբորագտոր գործիքային հետազոտության են ուղեգրվել ԼՂ-ից բռնի տեղահանված 2278 քաղաքացի։ Ասեմ նաև մեզ համար ուրախ լուր.  մեր բժշկական հաստատություններում ծննդաբերել է ԼՂ-ից բռնի տեղահանված երեք հղի»,- ասաց մարզպետը։ 

Խոսելով նաև աշխատանքի անցած և փորձաշրջանում գտնվող անձանց մասին՝ Մուշեղ Մուրադյանն ասաց, որ մարզի բուժհաստատություններում աշխատանքի են ընդունվել երկու բուժաշխատող, ևս երկուսն անցնում են փորձաշրջան, կրթական հաստատություններում աշխատանքի ընդունվելու հայտ է ներկայացրել 35 քաղաքացի, որոնց տվյալներն ուղարկվել են ԿԳՄՍ, որից հետո աշխատանքի է ընդունվել 6-ը։

Մարզպետը նաև ասաց, որ մարզում այս պահին ժամանակավոր և մշտական աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից բռնի տեղահանված 41 քաղաքացի, ինչպես նաև առաջարկվել է 86 թափուր աշխատատեղ։

«Մենք համագործակցում ենք ՄՍԾ-ների հետ, փոխգործակցված՝ նաև համայնքների հետ, այնտեղ, որտեղ թափուր աշխատատեղեր կան, այդ թվում՝ ոչ մեր ենթակայության, դրանք լինեն շինարարական կազմակերպություններ, սպասարկման օբյեկտներ, ծառայություններ, մենք ինֆորմացիա ենք հավաքագրում և մեր հայրենակիցների հետ փոխադարձ աշխատում ենք, որպեսզի կարողանանք  օր առաջ ցանկացած դիմողի աշխատանքով ապահովել»,- ասաց մարզպետը։ 

Ինչ վերաբերում է կառավարության տրամադրած աջակցությանը, մարզպետն ասաց, որ սկզբում՝ տեղավորման փուլում, կառավարության կարճաժամկետ ծրագրի շրջանակներում խնդիրը հետևյալն է եղել. մարդիկ եկել են, և իրենք կարողացել են մարդկանց ապրելու տեղ հատկացնել, ինչը լավ ընթացքով կատարվել է, և հնարավորինս սեղմ աշխատանքային ժամանակի մեջ տեղավորվելով՝ կարողացել են իրագործել։ 

Մարզպետը նաև տեղեկացրեց, որ թե՛ համայնքներում, թե՛ մարզպետի աշխատակազմում 24/7 աշխատանքային գրաֆիկով հերթապահություն էր ստեղծվել, աշխատանքային խմբեր էին ձևավորվել, բացի դրանից, մարզպետի աշխատակազմում երկրորդ աշխատանքային խումբն էր ձևավորվել, որոնք արդեն իսկ զբաղվում էին մարդկանց աջակցելու, օգնելու, առաջնահերթ կարիքները հապճեպ լուծելու գործով։

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում չոր սնունդ է ստացել 3445 քաղաքացի, ովքեր նշել են, որ սննդի կարիք ունեն, որից 2058-ը՝ Գյումրիում, 142-ը՝ Աշոցքում, 409-ը՝ Ախուրյանում, 325-ը՝ Անիում, 412-ը՝ Արթիկում, 99-ը՝ Ամասիայում։ Գերակշիռ մասը ստացել է 100 000-ական դրամները, և շատ քիչ զանգված, որոնք որոշակի տեխնիկական խնդիրներ են ունեցել բանկային քարտերի հետ կապված, աշխատանքային խմբերի և ՄՍԾ-ների հետ միասին աշխատում են խնդիրներն արագ հաղթահարելու ուղղությամբ, և առաջիկա մի քանի օրերին նրանք ևս կստանան այդ գումարները»,- ասաց մարզպետը։  

Ի հավելումն նա նշեց, որ կառավարության թվով 4 որոշումներով Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 170 միլիոն դրամ, որից 80 միլիոնը՝ հյուրանոցային ծառայությունների, 70 միլիոնը՝ սննդի համար, և 20 միլիոնը հրատապ օգնություն տրամադրելու համար է եղել։     

«Նոյեմբերի 2-ի դրությամբ կառավարության հատկացրած գումարներից փաստացի ծախսվել է 145 միլիոն 533 հազար դրամ, որից 69 միլիոն 253 հազար դրամը՝ հյուրանոցային ծառայությունների, 68 միլիոն 285 հազար դրամը՝ սննդի և 7 միլիոն 995 հազար դրամը հրատապ օգնություն տրամադրելու համար»,- եզրափակեց Մուշեղ Մուրադյանը։    

Լիլիթ Թադևոսյան