Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օրերս Սյունիքից անհետացած զինծառայող Արթուր Դավիդյանի կինը համոզված է՝ ամուսնուն ադրբեջանցիներն առևանգել են․ հանդիպում է պահանջում վարչապետի և նախարարի հետ

Օրերս Սյունիքից անհետացած զինծառայող Արթուր Դավիդյանի կինը համոզված է՝ ամուսնուն ադրբեջանցիներն առևանգել են․ հանդիպում է պահանջում վարչապետի և նախարարի հետ
Հասարակություն
17:15, 02 сентябрь 2021
Ըստ ՀՀ ՊՆ-ի հաղորդագրության՝ օգոստոսի 22-ին մառախուղի պատճառով մոլորված զինծառայող Արթուր Դավիդյանի կինը վստահ է՝ ամուսինը չի մոլորվել, այլ առևանգել են ադրբեջանցիները, թեպետ Ադրբեջանը պաշտոնապես հերքում է, որ սպան իրենց մոտ է։  

«Արթուր Դավիդյանը 11 տարվա զինծառայող է՝ սպա է, ավարտել է ռազմական ինստիտուտը, ունի պատվոգրեր։  Սյունիքի մարզի Սև լճի հատվածում օգոստոսի 11-ից է ծառայություն իրականացրել։ Ինքը փորձառու սպա էր, և 10 օր գտնվելով այդ վայրում՝ վստահ եմ, որ լավ տիրապետել է տեղանքին։ Ինքը վատ տեսանելիության պայմաններում առաջին անգամ չէր, որ ծառայություն էր իրականացնում»,- Civic.am-ի հետ զրույցում նշեց պայմանագրային զինծառայող Արթուր Դավիդյանի կինը՝ Հասմիկ Աբգարյանը։

Կինն ամեն օր սպասում է ամուսնու մասին լուրի, սակայն նշեց, որ երբ զանգում է ՊՆ-ի թեժ գիծ՝ տեղեկանալու ամուսնու մասին, տարբեր հեռախոսահամարներ են տալիս իրեն, այդ հեռախոսահամարների հետ կապ հաստատելիս էլ կրկին ուղղորդում են ՊՆ-ի թեժ գիծ։  
«Հենց օգոստոսի 22-ին ամուսնուս անհետանալու օրը, երեկոյան ժամը 21։29-ին, մենք հեռախոսազրույց ունեցանք, հետո էլի պետք է կապ լիներ, բայց այդ կապն այդպես էլ չեղավ։  Ասեց՝ հետո կզանգեմ, բայց այդպես էլ չզանգեց։ Առավոտյան ինձ զանգեցին զորամասից, հարցրին՝ ամուսնուս հետ կապ եղե՞լ է, թե՞ ոչ, բայց ինձ չասացին, որ անհետացել է»,- պատմեց Հասմիկ Աբգարյանն ու սրտնեղեց, թե ինչի պետք է պաշտպանության նախարարությունն առանց ընտանիքին նախապես զգուշացնելու տեղեկատվությունը հրապարակի. «Երեկոյան ինձ զանգում ասում են՝ ՊՆ-ն հրապարակել է, որ քո ամուսինը չկա, ես փողոցի մեջտեղը կանգնած վատացել էի»։

Կնոջ խոսքով՝ տեսնող է եղել, թե ինչպես են Ադրբեջանի զինծառայողները տարել իր ամուսնուն. «Օգոստոսի 17-ին, երբ այդ տարածքում արածող ոչխարներն անցել էին դեպի ադրբեջանական զինուժի տեղակայման հատված, ամուսինս գնացել, նեյտրալ գոտուց հետ է բերել հովվի ոչխարները։ Ես վստահ եմ, որ ադրբեջանական կողմն իր տեսադաշտում է պահել Արթուրին և առևանգել է»։  

Արթուր Դավիդյանը երկու անչափահաս երեխաների հայր է. տղան 5 տարեկան է, աղջիկը՝ 9 տարեկան։

«Իմ պահանջն այն է, որ հանդիպում կազմակերպվի ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ վարչապետի հետ՝ քննարկելու որոշ հարցեր և ճշտելու, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Արթուրին վերադարձնելու ուղղությամբ, քանի որ Արթուրն իր կյանքը չի խնայել հայրենիքի համար»,- ասաց Հասմիկ Աբգարյանը։ 

Նշենք, որ ՊՆ-ն օգոստոսի 23-ին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ  օգոստոսի 22-ին, ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանը, առանց վերադաս հրամանատարության թույլտվության, դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է: «Նախնական տեղեկություններով, ավագ լեյտենանտ Դավիդյանը վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում։ Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, ռուսական կողմի միջնորդությամբ քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական կողմում հայտնվելը հաստատելու ուղղությամբ»,- գրված էր հաղորդագրության մեջ։ 

Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 16-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել էին հայ-ադրբեջանական սահմանի՝ Սյունիքի մարզի Սև լճի հատվածում դիրքային առաջխաղացում ապահովել: Այս մասին հաղորդել էր ՀՀ ՊՆ-ն և ընդգծել՝ երկկողմ ծավալված փոխհրաձգության ընթացքում հակառակորդը տվել է առնվազն մեկ զոհ, իսկ հայկական կողմից տուժածներ չեն եղել: 

Մայիսի 12-ից ադրբեջանական զինծառայողները հատել են ՀՀ պետական սահմանը, առաջացել Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում և տեղակայել դիրքեր։ Այդ ժամանակվանից մինչ օրս հայկական կողմը բացի զոհերից ու վիրավորներից ունի նաև 4 անհետ կորած զինծառայող։ Ըստ ՊՆ հաղորդագրությունների՝ մոտ երկու ամիս առաջ՝ հուլիսի 14-ին, Սև լճի հատվածից անհետ կորել էին երկու զինծառայողներ, որոնք զինվորական ավտոմենքենայով էին եղել՝ Արթուր Նալբանդյանը և վարորդ Արամայիս Տոռոզյանը։  Իսկ ավելի վաղ՝ մայիսի 18-ին, Վարդենիսի զորամասը լքել և անհետացել էր Նարեկ Մկրտչյանը, իսկ օգոստոսի 22-ին՝ կրկին Սև լճի հատվածից անհետացել էր սպա Արթուր Դավիդյանը։

Նարա Մարտիրոսյան