Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարդիկ են խոսում, ովքեր մի օր իրավաբան են, մի օր՝ տրանսպորտի մասնագետ, հիմա էլ՝ բուսաբան. Բեգոյանը՝ ծառերի փոխարինման գործընթացը քննադատողների մասին

Երևանում արդեն մեկ ամիս է՝ իրականացվում են ծառերի փոխարինման աշխատանքներ։ Այսօր «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները Սայաթ-Նովա փողոցի վերջնամասում հին  թեղիները փոխարինում են գնդաձև սոսիներով։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ նախորդ տարվա գարնանը Սայաթ-Նովա փողոցի սկզբնամասում հին թեղիները փոխարինվեցին սոսիներով, այսօր գնդաձև սոսիներով կփոխարինվի Սայաթ-Նովայի վերջնամասը, իսկ փողոցի մեջտեղի հատվածում կլինեն սովորական սոսիներ։ Այսօր կփոխարինվի մոտ 60 ծառ։

Նշենք, որ ծառերի փոխարինման գործընթացի մասին, հիմնականում քաղաքական նկատառումներից ելնելով, որոշ մարդիկ ապատեղեկատվություն են տարածում։ Այս առնչությամբ Արմեն Բեգոյանն ասաց, որ ծառերի փոխարինման գործընթացը շատ հաճախ մանիպուլացվում է ոլորտի հետ կապ չունեցող մարդկանց կողմից։

 Արմեն Բեգոյանը նաև նշեց, որ թեղիները սաղարթ չեն ձևավորում, դրանք բուտաֆորիաներ են, որոնք զբաղեցնում են կանաչ զանգվածը, և դրա համար է, որ փոխարինում են 10-15 տարեկան մեծ ֆունկցիոնալություն ունեցող և բավականին մեծ սաղարթ ձևավորող գնդաձև սոսիներով։

«Գնդաձև սոսիները թթվածնով կապահովեն հենց այս տարվանից, թթվածնով սաղարթը, ի տարբերություն թեղիների, տարեցտարի կավելանա, իսկ թեղիների՝ առանց այն էլ չունեցած սաղարթը տարեցտարի կրճատվում է, որովհետև ծեր են, որովհետև հիվանդ են, և որովհետև սրանից 20-30 տարի առաջ դրանք արդեն պիտի փոխարինված լինեին»,- ասաց Արմեն Բեգոյանը։

Մեր զրուցակիցը նշեց, որ թեղիները ոչ միայն փտած են ու հին,  կա նաև քաղաքացիների անվտանգության խնդիր. կան բազմաթիվ դեպքեր, երբ քամու ժամանակ փտած թեղիները կոտրվել են և վնասել քաղաքացիների մեքենաներն ու տների լուսամուտները։  
 Խոսելով նաև Թումանյան փողոցում ծառերի փոխարինման հետ կապված միջադեպի մասին՝ Արմեն Բեգոյանն ասաց, որ այնտեղ հարցն այն է, որ իրենք չէին ցանկացել հատել մի քանի մանրատերև թեղի, որոնք մոտակա 4-5 տարում քամուց չեն տապալվի, սակայն բնակիչները բողոքել էին, թե ինչու իրենց բակի ծառերը նույնպես չեն հատվել և փոխարինվել։ 

 «Եվ կխնդրեմ ևս մեկ անգամ՝ չլսել այդ չակերտավոր մասնագետներին։ Գիտեք, մարդիկ են խոսում, ովքեր մի օր իրավաբան են, մի օր տրանսպորտի մասնագետ են, մի օր Երևանի կտուրներին էին ինչ-որ բաներ սարքում, հիմա էլ պարզվում է՝ դառել են բուսաբան։ Չի կարելի այդքան անլրջացնել նախ՝ հենց ինքդ քեզ։ Եվ չի կարելի բացառապես քաղաքական դրդապատճառներից ելնելով նման մարդկանց եթեր տրամադրել։ Նպատակը պարզապես սևացնելն է Երևանի քաղաքապետարանի աշխատանքը։ Առնվազն կրթական և դաստիարակչական խնդիր է նաև, չլինելով մասնագետ, մասնագետ-ակադեմիկոսների, պրոֆեսորների հասցեին հնչեցնել վիրավորական արտահայտություններ։ Դրանք մի ձեռքի մատների վրա հաշված մարդիկ են՝ «Ազգային առաջընթացը» և նրա կցորդ հանդիսացող մի-երկու հոգի, որոնց էլի քաղաքական դաշտում տեսել ենք Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ»,- ասաց Արմեն Բեգոյանը։
 
Մենք զրուցեցինք նաև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արծվի Գրիգորյանի հետ, որը նշեց, որ իրենց կատարած աշխատանքը փնովում են մի խումբ կեղծ բնապահպաններ։

«Մենք անում ենք այն, ինչը որ երկար տարիներ ուսումնասիրել ենք։ Եվ մեր ժողովրդի մոտ մեզ հիմնականում երկու բաղադրիչով են փորձում  փնովել, առաջինը, որ ստվեր չի ապահովում, և երկրորդը, թե ինչի համար ենք մենք կենսունակ ծառերը կտրում, թթվածինը կտրում։ Թեղիները, որոնք մենք փոխարինում ենք տարբեր փողոցներում, թթվածին չեն կարող արտադրել, որովհետև իրենց աճի ժամանակ մոտավորապես մեկ ամիս կարող են տերևները թթվածին արտադրել, դրանից հետո տերևակերն ամբողջ տերևներն ուտում է, ցանցապատում է, և ֆոտոսինթեզ չի ապահովվում։ Իսկ ինչ վերաբերում  է ստվերին, ոչ մի ծառ էլ անմիջապես տնկած ժամանակ ստվեր չի ապահովում»,- ասաց Արծվի Գրիգորյանը։

Արծվի Գրիգորյանը համոզված է, որ իրենց աշխատանքից հետո շատ բնակիչներ կդիմեն իրենց, որ նրանց փողոցներում էլ նմանատիպ աշխատանքներ իրականացնեն, որովհետև իրենք իրականացնում են բնակավայրերի կանաչապատման գործընթացներին հարիր աշխատանքներ և անպայման անցկացնում են ջրագիծ։
 
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան