Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի կենտրոնում այսօր տեղադրված սոսի տեսակի 50 ծառերը ունեն 500 տարվա կյանք, իսկ հեռացված թեղիները՝ 60, դրանք փտած էին և ոչ կենսունակ. Արմեն Բեգոյան

Երևանի կենտրոնում այսօր տեղադրված սոսի տեսակի 50 ծառերը ունեն 500 տարվա կյանք, իսկ հեռացված թեղիները՝ 60, դրանք փտած էին և ոչ կենսունակ. Արմեն Բեգոյան
Հասարակություն
14:48, 13 апрель 2023
Երևանի Սայաթ-Նովա պողոտայում կենսունակությունը կորցրած, արդեն սաղարթ չունեցող 50 թեղիներ այսօր փոխարինվեցին սոսի տեսակի ծառերով, որոնք շատ մեծ ֆունկցիոնալ ծառեր են։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում հայտնեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։ 

Հարցին՝ առաջիկայում Երևանի ո՞ր տարածքներում է նախատեսվում նոր ծառեր տեղադրել, Բեգոյանը պատասխանեց. «Առաջիկայում նաև նախատեսում ենք Զեյթուն վարչական շրջանի Ուլնեցի փողոցում փոխարինել կենսունակությունը կորցրած և փտած թեղիները կաշտան տեսակի ծառատեսակով, որը մեծ սաղարթ ունեցող և ֆունկցիոնալ ծառ է»։

Նա նշեց, որ Կենտրոն վարչական շրջանի շատ հատվածներում կան ծառեր, որոնք փոխարինվելու են, բայց առաջնային խնդիրներից է նաև Կառավարության շենքի հետնամասը, բայց պարզ չէ՝ կհասցնե՞ն փոխարինել, թե՞ ոչ։ 

Անդրադառնալով պնդումներին, թե նոր ծառերն էլ են հեռացվում, Բեգոյանը ասաց. «Քաղաքացիներին որոշ անձինք մանիպուլացրել են, սխալ ինֆորմացիա են տվել, նրանք մի քանիսն են, որ սոցիալական հարթակներում կեղծ տեղեկություններ են տարածում՝ չլինելով մասնագետ և կապ չունենալով կանաչապատման հետ»։

Մեր հարցին, թե որն է այդ անձանց նպատակը, ՀՈԱԿ-ի տնօրենը պատասխանեց. «Իրենք կարծում են, թե սա նախընտրական քարոզ է, ու դրանից էլ հասկանալի է դառնում, որ մենք լավ գործ ենք անում, որքան էլ նրանք փորձում են քաղաքապետարանի և դրա կառույցների աշխատանքը սևացնել»։

Բեգոյանը հավելեց՝ յուրաքանչյուր ծառ բնության մեջ ունի իր ապրելու կյանքը. «Կոնկրետ սոսի տեսակի ծառը մենք պահում-պահպանում ենք և այսօր նորերը տեղադրում, իսկ դրանք ունեն հազար տարվա կյանք՝ քաղաքային պայմաններում դրա կեսը, իսկ թեղի տեսակի ծառերը քաղաքային պայմաններում ունեն 50-ից 60 տարվա կյանք, թեղիները, որոնք հեռացվեցին, մոտավորապես 70 տարեկանից ավելի բարձր էին։ Եվ այս ամենը մաքուր օդ ապահովելու համար է։ Մեր Երևանի օդը մեզ լավ բան չի հուշում, և այդ պատճառով քաղաքապետարանը հրատապ ձեռք է բերել 10 տարեկանից ավելի կայացած ծառեր, որոնք տեղադրելու պահից սկսեն կատարել իրենց ֆունկցիաները՝ ֆիլտրեն Երևանի աղտոտված օդը»,- ասաց նա և հավելեց՝ հեռացվում են ոչինչ չանող ծառերը, տեղադրվում են  մեծ ֆունկցիոնալություն ունեցող ծառեր։

Գեղամ Ադյան