Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչու են հատվում կենտրոնի ծառերն ու որոնք են դրանց փոխարինելու․ Բեգոյանը պարզաբանում է․ ՀԺ

Ինչու են հատվում կենտրոնի ծառերն ու որոնք են դրանց փոխարինելու․ Բեգոյանը պարզաբանում է․ ՀԺ
Հասարակություն
16:41, 23 март 2023
Արդեն մի քանի օր է, ինչ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ը մայրաքաղաքի տարբեր հատվածներում իրականացնում է ծառերի էտման գործընթաց։ Որոշ տեղերում ծառերն ամբողջությամբ են կտրվում։

Այս հարցը համացանցում որոշ օգտատերերի ակտիվ քննարկման է արժանացել։ Նրանք մեղադրում են ՀՈԱԿ–ին՝ Երևանում թթվածնի արտադրող ծառերը ոչնչացնելու մեջ։ Մասնավորապես քննարկվում ու քննադատվում է այս պահին Կասկադի և Մոսկովյան փողոցում իրականացվող ծառերի էտումը կամ ամբողջությամբ հատումը։ Երևանի կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանն, օրինակ, կարծում է՝ «Երևանի քաղաքապետարանը ուզում է ինքնաոչնչացման կնոպկան սեղմի»։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի տնօրեն Արմեն Բեգոյանի կարծիքով՝ այս խոսակցությունները նախ քաղաքական ուղղվածություն ունեն։ Իսկ ինչ վերաբերվում է ծառերի ամբողջությամբ հատմանը, դա ունի իր գիտական բացատրությունը։

«Աղմուկ բարձրացնող մարդիկ, կարծում եմ՝ նախանձախնդիր են, գուցե, որ իրենց չի հաջողվել իրականացնել այս գործընթացը, այսինքն՝ ոչ կենսունակ ծառերը փոխարինել, որովհետև իրենք էլ գիտակցում են, որ այդ ծառերը պետք է փոխարինվեն նորերով։ Մեր քաղաքում կանաչ ֆոնի զգալի մասը կորցրել է իր կենսունակությունը, կամ գտնվում է դրանց ավարտի եզրին, դեֆորմացված է, չի կատարում իր ֆունկցիան։ Այդ պատճառով որոշվել է փոխարինել ոչ կենսունակ ծառերը»,– «Հայկական ժամանակի» հետ զրույցում պարզաբանում է Բեգոյանը։

Որոշումը, ըստ նրա, կայացվել է փետրվարին հրավիրված գիտական ժողովի ընթացքում․ ՀՀ գիտական ոլորտի լավագույն մասնագետները միաձայն քվեարկել են՝ նշված ծառերը պետք է հնարավորինս շուտ փոխարինվեն․ «Քանի որ դրանք չեն կատարում օդի մաքրությանն ուղղված իրենց ֆունկցիան։ Ելնելով մեր քաղաքում օդի ոչ այդքան լավ վիճակից, որոշում է կայացվել, որ դրանք պետք է արագ փոխարինվեն։ Այսինքն՝ այս ամենը արվում է գիտականորեն հիմնավորված։ Սա նույնիսկ ուշացած որոշում է»,– ասում է ՀՈԱԿ–ի տնօրենը։

Բեգոյանի խոսքով՝ եթե այս ծառերը չփոխարինվեն, ապա մի քանի տարի հետո Երևանը կլինի կիսաանապատային վիճակում։ Ծառերը ցմահ չեն, դրանք իրենց կյանքի որոշակի հատվածում սպառվում են․ «Կան ծառեր, որոնց կյանքը 100–120 տարի է, քաղաքային պայմաններում նրանք ապրում են իրենց կյանքի կեսը՝ կապված մի շարք այլ գործոններից։ Մոսկովյանի փողոցի ծառերն, օրինակ, բնակիչներից ճշտել ենք՝ տնկվել են 1949 թվականին։ Բացի այն, որ այդ ծառերը իրենց ֆունկցիա չեն կատարում այլևս, այլ նաև ստվեր չեն ստեղծում, սպառել են իրենց։ Դրանց էտման կամ հատման վերաբերյալ աղմուկ բարձրացնող մարդիկ ամենամեծ կեղծիքին են դիմում։ Ինչ է՝ խեղդվե՞նք։ Առանց այն էլ, ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության, մեզ մոտ մեկ շնչին բաժին ընկնող կանաչ մակերեսը քիչ է»։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի տնօրենը շեշտում է՝ ամբողջությամբ հատվող ծառերին մայրաքաղաքում կփոխարինեն 10 տարեկան հասուն ծառերը, որոնք տնկման պահից կատարելու են իրենց ֆունկցիան։