Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺԲ-ն ռադիկալ խմբակ է, ու իրավապահները պետք է նրանց նկատմամբ շատ զգոն լինեն. Դավոյան

«Հակապետական գործունեություն են իրականացնում այդ մարդիկ, այդ հոգևորականները, ընդդիմադիրները։ Նրանք չեն ուզում, որ ՀՀ-ն ունենա պետական սահման, ուզում են խժդժություններ»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով այս օրերին ցույցեր կազմակերպող տարբեր գործիչների։ 

Ինչ վերաբերում է ցույցերին հոգևորականների մասնակցությանը, Դավոյանը նշեց. «Ես չեմ հասկանում՝  հոգևորականները արդյոք բանուգործ չունե՞ն, որ զբաղվում են քաղաքականությամբ։ Իրենք որոշել են, որ պետք է ղեկավարեն ինչ-որ ազատագրական պայքար, բայց ո՞ւմ դեմ։ Դաշնակցության գործունեության իմաստը ինչ-որ բանի դեմ պայքարելն է, ու եթե պայքարելու բան չունեն, ապա այդ կուսակցության գործունեության իմաստը կորում է»։ 

Հարցին, թե արդյոք կարո՞ղ են այդ ցույցերը կապ ունենալ որոշ արտաքին ուժերի հետ, Դավոյանը ասաց. «Երբ մի քանի օր առաջ Տավուշում էր Անդրանիկ Թևանյանը, որը ռուսական հեռուստաալիքներին մատուցում էր կեղծ տեղեկատվություն Հայաստանի ու ՀՀ ղեկավարի մասին, ապա կասկածանք է առաջանում, որ նրանք ինքնուրույն են գործում»։

Խոսելով ԱԺԲ-ի երեկ իրականացրած ակցիաների մասին՝ Դավոյանը ասաց. «Դրանք ինչ-որ ռադիկալ խմբակ են, որ զբաղվում են վտանգավոր խառնակչությամբ, ու իրավապահները պետք է նրանց նկատմամբ շատ զգոն լինեն»։
 
Մանրամասները՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան