Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սերժաքոչարյանական ընդդիմությունն իմպոտենտ է ու կապիտուլացված. Մնում է հայտարարի՝ չստացված իշխանափոխության մեղավորը այլմոլորակայիններն են

Սերժաքոչարյանական ընդդիմությունն իմպոտենտ է ու կապիտուլացված. Մնում է հայտարարի՝   չստացված իշխանափոխության մեղավորը այլմոլորակայիններն են
Քաղաքականություն
08:30, 26 апрель 2024
Այլևս ակնհայտ է, որ սերժաքոչարյանական ընդդիմությունը չի կարողանում բավարար չափով բողոքական զանգված համախմբել՝ իշխանազավթման պրոցեսը գլուխ բերելու համար։ Այդ մասին անթաքույց խոսում են ոչ միայն ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի շարքայինները, այլև բացեիբաց խոստովանում ամենաբարձր՝ կուսակցության ղեկավարի մակարդակով։   Սերժ Սարգսյանն, օրինակ, երեկ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում կայացած ճեպազրույցում, մասնավորապես ի պատասխան «Ազատություն» ՌԿ-ի հարցի, խոստովանել է՝ իշխանությանը հեռացնել չի ստացվում մի քանի գործոնների պատճառով։ Նախ՝ որ ժողովուրդը ոտքի չի կանգնում ու չի սատարում իրենց՝ ընդդիմությանը, և բացի դրանից՝ իշխանությունը վայելում է արտաքին ուժերի սատարումը՝ ակնարկելով նաև հարցը հղած ԶԼՄ-ն ֆինանսավորող երկրին՝ ԱՄՆ-ին։  Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը, 2021-ին՝ ԱԺ արտահերթ ընտրություններին նախընթաց շրջանում, խոսելով իր հրաժարականի մասին,  հարցազրույցներից մեկում նշել էր. «Ես չեմ պարտվել սրանց, ես պարտվել եմ շատ ավելի ուժեղ մարդկանց, ուժերին։ Այդպիսի ուժեր բոլոր տեղերում կային՝ և՛ Արևմուտքում, և՛ Հյուսիսում»։  

Սերժ Սարգսյանին այս համատեքստում մի հարց հղենք՝  նրա և նրա  նախորդի՝ Քոչարյանի  վարչակազմի դեմ նույնպես ժամանակին ընդդիմությունը, ի համեմատ իրենց կողմից կազմակերպված հավաքների,  մի քանի անգամ ավելի բազմամարդ հանրահավաքներ ու նստացույցեր էր անում, պիկետներ ու երթեր,  կարճ ասած՝ անողոք պայքար էր մղում իրենց ռեժիմի դեմ, սակայն...
ապարդյուն: Չենք հիշում  համապետական գեթ մեկ ընտրություն, որից հետո տեղի չեն ունեցել դրանց  կեղծված արդյունքների դեմ ընդվզումներ՝ զանգվածային ակցիաների տեսքով (թերևս բացառություն էին միայն 2017-ի ԱԺ ընտրությունները, որոնց  «ոխը» ժողովուրդը հանեց մեկ տարի անց՝ 2018-ի հեղափոխությամբ)։ 2008-ի   նախագահական ընտրություններն էլ ընդհուպ հանգեցրին «Մարտի 1»-ի ողբերգությանը:  (ԵԽԽՎ-ն էլ ՀՀ  ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ՝ մարտի 1-ի դեպքերի բերումով ի հայտ եկած  հետընտրական իրավիճակի հաղթահարման առնչությամբ,  չորս բանաձև ընդունեց, որոնցում կոչ էր անում օրվա իշխանություններին անել այս կամ այն քայլերը):  Բայց, ահա, Քոչարյան-Սարգսյան տանդեմին, որի գլխով անցել էր նաև «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը, քաղաքական մի շարք այլ սպանություններ,  հաջողվեց   20 տարի երկրի կառավարման ղեկը ուզուրպացված պահել։ Արդ, ինչպե՞ս դա նրանց հաջողվեց: Եթե առաջնորդվենք Սերժ Սարգսյանի տրամաբանությամբ, ապա նախկիններին հաջողվել է  իրենց կոռումպացված, «լիովին մաֆիոզ, մինչև վերջին երանգը ստրուկտուրիզացված», մեզ «երրորդ աշխարհի երկրների շարքը գլորած», ԼՂ հարցի լուծման բեռի տակ մտած  ռեժիմի լինելիությունը երաշխավորել,  քանի որ ունեցել են արտաքին սատարիչներ։ Այդ սատարիչներն էլ հանդուրժել են այդպիսի ռեժիմին, քանի որ  Հայաստանին վերաբերվել են որպես  ֆորպոստի, իրենց էլ՝ որպես հավատարիմ  ու հնազանդ «նամեստնիկների», որոնք ծառայել ու որոշակի ծառայություններ են մատուցել իրենց «իմպրեսարիոներին»։  Ընտրությունների ժամանակ «ինչքան ուզած, էդքան էլ խփած» Սերժ Սարգսյանը, նկատենք, խոսելով գործող իշխանությանը  սատարողների մասին, մոռանում է ամենակարևոր սուբյեկտին նշել՝ ժողովրդին,  ՀՀ քաղաքացիներին, որոնց  սատարմանը, արձանագրենք,  չի արժանացել ո՛չ իր ռեժիմը, ոչ էլ իր նախորդի։  Հետևապես նրանց արժեհամակարգին խորթ է սատարման այդպիսի  աղբյուրը, հետևապես նաև՝ այդ աղբյուրին հղում անելը։  Եվ ուրեմն, հենց ա՛յդ սուբյեկտի՝ ժողովրդի՛ սատարման արդյունքում է, որ գործող իշխանությունը կարողանում է կուլ չգնալ սերժաքոչարյանական ռևանշիզմի երախին՝ դիմադրելով այդ ճամբարից եկող ուղղորդված հարվածներին։ Այնպես որ, Սերժ Սարգսյանը գործող իշխանության սատարիչների փնտրտուքում զուր է մոտիկը թողած՝ հեռվում փնտրում՝ գերագնահատում  օտար պետությունների և կամ այլմոլորակային քաղաքակրթությունների սատարումը՝ թերագնահատելով  ՀՀ քաղաքացիների, որպես առաջնային սատարիչի, վճռական գործոնը։ 

Ի դեպ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը  այս համատեքստում անկեղծության բացառիկ պոռթկում է ունեցել և կայքերից մեկի հետ զրույցում վերջապես խոստովանել՝ «ընդդիմությունը ձախողել է, այո, ձախողել է, եթե Նիկոլն իշխանության է, բոլոր ազգային ուժերը ձախողված են»։ «Շատ սխալ պատկերացումներ ունեք, որ ՀՀԿ-ն ռեսուրս ունի ու իշխանափոխություն չի անում։ Մինչ օրս իրենից եկած ամեն ինչ արել է, գուցե ձեր պատկերացումները մեր ռեսուրսի, ուժի, հնարավորությունների մասին շատ ավելի մեծ են եղել: Եթե նոյեմբերի 9-ի փաստաթղթին այսօր երանի ենք տալիս, հաստատ ձախողել ենք, հազար անգամ արել ենք մեր ռեսուրսով, չենք կարողանում, տեսաք, էլի, երեկվա մեր ռեսուրսը՝ 3-4 հազար հոգի, եթե կարծում եք, որ այդքանով կարող ենք հեռացնել, ամեն օր էդքան մարդ կարող ենք հանել»,-սրտնեղել է Շարմազանովը։ 

Մեկ այլ զիլ խոստովանություն էլ է արել ԱԺ  նախկին խոսնակը, թե՝  «հանրության մոտ թյուր կարծիք կա, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը որ պահին «կնոպկեն սեղմեն»՝ Նիկոլը կգնա։  Դա ապուշ թեզ է, հերիք է, թողեք էդ աննպատակ քննարկումը։ Ձեր կարծիքով՝ իրենք իրենց հոր ու մոր գերեզմաններից, Արցախից ավելի թանկ բան ունե՞ն, բա ինչի՞ն էին սպասում, կարողանային՝ չէին թողնի, էլի, Արցախը հանձնեն»: Մի կողմ թողնելով Շարմազանովի՝  Արցախի «հանձնման» վերաբերյալ  գավառական սենտիմենտը՝ արձանագրենք՝ այս մարդը փաստում է, որ երկու նախկին նախագահները, որոնք ժամանակին միասին վերցրած  20 տարի երկիր են ղեկավարել՝ ավտորիտարիզմի, քրեաօլիգարխիկ կառավարման   լավագույն ավանդույթներով,  այսօր ջախջախված են, այսօր անգամ  համատեղ ուժերով, դիմադրության տարատեսակ շարժումներ սանձազերծելով  ի վիճակի չեն կոտրել ՀՀ-ում հաստատված ժողովրդի իշխանության մեջքն ու դիմադրողականությունը։ Այսինքն՝ որպես քաղաքական դերակատարներ այլևս իմպոտենտ են, եթե կուզեք՝ կապիտուլացված։ 


Հեղինե Մանուկյան