Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանն ու Սարգսյանը իշխանափոխության «գործը» զիջում են Ռուբեն Վարդանյանի՞ն. խորհրդարանական ընդդիմությունը չի կարողացել համաձայնության գալ և միասնական ցուցակով հանդես գալ Երևանի ընտրություններին

Քոչարյանն ու Սարգսյանը իշխանափոխության «գործը» զիջում են Ռուբեն Վարդանյանի՞ն. խորհրդարանական ընդդիմությունը չի կարողացել համաձայնության գալ և միասնական ցուցակով հանդես գալ Երևանի ընտրություններին
Քաղաքականություն
18:01, 09 август 2023
ՀՅԴ այսօրվա հայտարարությունից ակնհայտ դարձավ, որ խորհրդարանական ընդդիմությունը չի կարողացել համաձայնության գալ և մեկ միասնական ցուցակով հանդես գալ Երևանի ավագանու ընտրություններին։ Կուսակցության հայտարարության մեջ նշված է. «Ի սկզբանե ՀՅԴ մոտեցումը եղել է այն, որ ընդդիմությունը Երևանի ավագանու ընտրություններին պետք է մասնակցի մեկ միասնական ցանկով: Քանի որ նախընթաց շրջանում այս ձևաչափը հնարավոր չեղավ կյանքի կոչել, Հ. Յ. Դաշնակցությունը նպատակահարմար չի գտնում Երևանի ավագանու ընտրություններին առանձնաբար իր համամասնական ցանկի առաջադրումը»։  

Ինչպես հայտնի է՝ «Հայաստան» խմբակցության առանցքը հենց ՀՅԴ-ն է։ Թե ում հետ են փորձել միասնաբար ընտրություններին մասնակցել՝ առայժմ հայտնի չէ։ Մենք զանգահարեցինք դաշնակցական մի քանի պատգամավորների, սակայն նրանք  չպատասխանեցին մեր զանգերին, իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին դաշնակցական Աղվան Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց. «Դուք այդ հարցը ինչո՞ւ եք ինձ տալիս»՝ ակնարկելով, որ ինքն այլևս դաշնակցական չէ։ 

«Ապրելու երկիր» կուսակցությունից ի պատասխան մեր հարցման նշեցին, որ իրենք խորհրդարանական ընդդիմության հետ որևէ քննարկում չեն ունեցել միասնական դաշինքով հանդես գալու հետ կապված։

Ակնհայտ է, որ ՀՅԴ-ն չունի քաղաքապետի համար հավակնոտ թեկնածու կամ էլ չի կարողացել համոզել Ռոբերտ Քոչարյանին ապահովել ընտրություններին մասնակցելու ֆինանսական աջակցությունը։ Տպավորություն է, որ նախորդ խորհրդարանական ընտրությունները Քոչարյանի համար դաս են եղել, երբ վստահությամբ խոսում էին «կրելու» և իշխանություն վերցնելու մասին, հաշվում էին ժամերը, սակայն արդյունքում ստացվեց ընդամենը ոչինչ չորոշող խմբակցության մուտք Ազգային ժողով։

Խորհրդարանական ընդդիմության մյուս թևը ևս չի կարողանում հարմար թեկնածու գտնել։ Նախօրեին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ ինքը չի առաջադրվելու որպես քաղաքապետի թեկնածու, իսկ ՀՀԿ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին։   

Տպավորություն է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը դուրս են գալիս ակտիվ քաղաքական պայքարից՝ այլևս չցանկանալով անտեղի մեծ ֆինանսական ռեսուրսներ ծախսել ընտրությունների վրա, իսկ Քոչարյանը նաև հասկացել է, որ մի քանի անգամ տապալելով փողոցային ցույցերով իշխանափոխության հասնելու իր փորձերը՝ այլևս չունի աջակցություն ո՛չ ժողովրդից և ոչ էլ արտաքին խաղացողներից։  

Փոխարենը, «Ապրելու երկիր» կուսակցությունը բավականին լուրջ ռեսուրսներով է մոտենում քարոզարշավին։ Կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը հայտարարում է, թե  Երևանի ընտրություններով սկիզբ են դնելու ՀՀ-ում իշխանափոխությանը։  Կուսակցությունը կապվում է գործարար Ռուբեն Վարդանյանի անվան հետ։  Վարդանյանը մտերիմ հարաբերությւոններ ունի Մանե Թանդիլյանի ու Մեսրոպ Առաքելյանի հետ։

Մենք հարցում ուղարկեցինք «Ապրելու երկիր» կուսակցություն հասկանալու համար, թե ի՞նչ ֆինանսական ռեսուրսներով է անցկացվելու քարոզարշավը և արդյո՞ք հայտարարվելու է դրամահավաք։ Կուսակցության համահիմնադիր, նախընտրական շտաբի համակարգող Մեսրոպ Առաքելյանը մեզ նման պատասխան տվեց․ «Քարոզչական ծախսերը իրականացվելու են ելնելով արդյունավետությունից։ Ծախսերի և մուտքերի վերաբերյալ տեղեկությունները սահմանված կարգով կներկայացնենք»։ Չմոռանանք, որ «Ֆորբս»-ի տվյալներով՝ ավելի քան 1 մլրդ դոլար կարողություն ունեցող Ռուբեն Վարդանյանը համարվում է Մանե Թանդիլյանի և Մեսրոպ Առաքելյանի գլխավոր աջակիցը։

Ասել է թե՝ Քոչարյանը իշխանափոխություն կատարելու «գործը» զիջում է Ռուբեն Վարդանյանին, իսկ Վարդանյանի համար առաջին լուրջ փորձությունը լինելու է Երևանի ավագանու ընտրությունը։  

Դավիթ Լևոնյան