Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սերժ Սարգսյանն ի ցույց է դնում իրական դեմքը և փորձում է սադրել՝ ստիպելով հասարակությանը համոզվել, որ ՀՀԿ-ն այլևս անելիք չունի

Սերժ Սարգսյանն ի ցույց է դնում իրական դեմքը և փորձում է սադրել՝ ստիպելով հասարակությանը համոզվել, որ ՀՀԿ-ն այլևս անելիք չունի
Քաղաքականություն
19:38, 11 июнь 2021
Վերջին մի քանի օրը Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը ակնհայտ ցնցումների մեջ է։ Նա հանրությանը ի ցույց է դնում իր իրական դեմքը, մակարդակը, բառապաշարը՝ դրանով վերջնականապես ստիպելով հանրությանը համոզվել, որ Հանրապետական կուսակցությունն այլևս անելիք չունի Հայաստանի ներքաղաքական կյանքում։

Սերժ Սարգսյանը երեկ հայհոյում էր, այսօր՝ արդարացնում մարդ սպանելը։ Ինչպես հայտնի է, երեկ Սարգսյանը երեկ սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել Փաշինյանի հասցեին՝ կրկնելով նրանց, որոնց խուլիգանության մեղադրանք է ներկայացվել վարչապետի այցը Սյունիք խոչընդոտելու համար։ Իսկ այսօր նա իր հարցազրույցներից մեկում ասել է, թե «ավելի լավ է իշխանությունները մարդ սպանեին, քան մեր զինվորների մասունքների հետ այդպես վարվեին»։ 

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ շատ բացասական են վերաբերում նման բառապաշարին, նման զեղումներին, դրանք անընդունելի են, բայց Սերժ Սարգսյանը և մյուսները այդպես են իրենց դրսևորում, քանի որ երրորդ հանարապետություն կոչված կեղեքիչ համակարգը մահանում է և իրենք էլ, լինելով դրա ներկայացուցիչները, ջղաձգվում են .«Սա է հիմնական պատճառը։ Շատ անընդունելի է և մեր ժողովուրդը այդ հակամշակույթը պետք է մաքրի իր քաղաքական կյանքից։ Այս փուլում միգուցե նրանց հաջողվի ինչ որ թվեր հավաքել, ինչ որ արդյունք գրանցել, բայց դա կլինի խաբեության, կեղծիքի և այլ բացասական գործոնների դրսևորում։ Դա կլինի անցյալի իներցիայով, ուրիշ ոչ մի բանով։ Իրենք դա հասկանում են։ Իրենց շարժիչն անջատած է։ Իրենք հիմա իներցիայով են շարժվում։ Բայց շատ շուտով իրենք իրենց կեղտոտ մշակույթով, իրենց բառապաշարով, մարդ սպանելը նորմալ համարելով, հայհոյելը նորմալ համարելով այլևս չեն լինելու։ Այս արժեքները կրելով իրենք այլևս չեն լինելու։ Շատ շուտով Հայաստանը մաքրվելու է դրանցից»,- ասաց Ավետիսյանը։ 

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով Սերժ Սարգսյանի վարքագծին՝ նշեց, որ վերջինս ակնհայտ պրովոկատիվ հայտարարություններ է անում, իշխանություններին սադրում և մարտահրավեր է նետում, ինչը կարող է բախումների հիմք հանդիսանալ. «Սերժ Սարգսյանի կողմից այս տեսակ վիրավորական արտահայտութուններով խոսելու նպատակը բացահայտ սադրանք է։

Մենք Սերժ Սարգսյանին չենք տեսել հայհոյանքներով խոսելիս, նա բավականին սառնասիրտ մարդ է։ Նա 2008 թվականի մարտի 1-ից հետո գնաց ու բավական հանգիստ, սառնասրտությամբ նախագահ դարձավ։ Այդ ֆոնին հիմա նա տարօրինակ ու անընդունելի վարքագիծ է դրսևորում, որը հուշում է, որ նրա նպատակը իշխանություններին սադրելն է։ Ես չգիտեմ՝ իշխանութունը կկարողանա՞ զսպել իրեն ու համարժեք պատասխաններ չտալ։ Բայց Սերժ Սարգսյանի կողմից արված արտահայտությունները արտահայտություններ են, որոնց համար նա կարող է և պետք է պատասխանատվության կանչվի։ Բայց թերևս իշխանությունը խուսափում է դրանից՝ կրքերը չբորբոքելու, նախընտրական վիճակը չթեժացնելու համար»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով. «Կրկնում եմ՝ ես միտում եմ տեսնում կրքերը բորբոքելու, և չգիտեմ, թե իրավապահ համակարգը ինչ կարող է անել։ Եվ եթե վարչապետն էլ չզսպի իրեն ու համարժեք պատասխաններ տա, ապա ես ընտրությունների օրը չեմ բացառում բախումները, որը խիստ անցանկալի է։ Բայց անկախ ամեն ինչից, նրանց կողմից դրսևորված վարքը դատապարտելի ու անընդունելի է»։

Արփի Հարությունյան