Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքվից վայրահաչոցները վկայում են` Ալիևը գործընթացների վրա ազդելու հնարավորություն չունի

COP29 բնապահպանական համաժողովին ընդառաջ կազմակերպված համաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական՝ Հայաստանին վերաբերող հայտարարություններն է արել՝ նշելով, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց և «Զանգեզուրով միջանցք» տրամադրի Ադրբեջանին։ 

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը Сivic.am-ի հետ զրույցում ասաց, որ սա «մարտով հետախուզություն է»։ Ալիևն անընդհատ փորձում է շոշափել մեր կարմիր գծերը և փոփոխել դրանք։ Հայկական կողմը պետք է մի անգամ և վերջնականապես սահմանի իր կարմիր գծերն ու բարձրաձայնի այդ մասին՝ նշելով, որ դրանք փոփոխման ենթակա չեն։

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն էլ առ ոչինչ է՝ ըստ Ստեփանյանի։

«Եթե Ռուսաստանը հանում է իր, այսպես կոչված, խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղից՝ նշանակում է այդ փաստաթուղթն առ ոչինչ է ոչ միայն փաստացի, այլև դեյուրե։ Մենք պետք է հետ կանչենք մեր ստորագրությունը այդ թղթի կտորի տակից, որ ո՛չ Ալիևը, ո՛չ նրա շեֆ Լավրովն այլևս չխոսեն այդ թղթի մասին»,- ասաց քաղաքագետը։

Ալիևը, ըստ Ստեփանյանի, փորձում է Արարատի թեմայից խոսելով բարձրացնել իր պահանջների սանդղակն ու սեփական կշիռը։ Մեր պատասխանը պետք է առանց որևէ էմոցիաների լինի ու հստակ ասվի, որ մենք որևէ հարց քննարկելու չունենք, որը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրից այս կողմ է։

Ալիևը նաև անդրադարձել էր Տավուշում սահմանազատմանը։ Ադրբեջանի նախագահը ողջունել էր երկկողմ համաձայնությունը։ Նշել էր, որ պետք է հետագա սահմանազատումները անել սկզբունքներից ելնելով՝ միևնույն ժամանակ որոշ հատվածներում ճկունություն ցուցաբերել, որովհետև կարող են լինել խնդրահարույց մասեր։ 

Ըստ Ստեփանյանի՝ Ալիևը որոշ հատվածներում բարձրացնում է սանդղակը, որոշ դեպքերում՝ վերադառնում ռեալ-պոլիտիկ։ «Ալիևը մի կողմից՝ 2 քայլ առաջ է անում և փորձում այդտեղ ամրապնդվել, մյուս կողմից՝ 1 քայլ հետ է անում և վերադառնում իրականություն»։
Ստեփանյանը վստահ է՝ «միջանցքի» թեման Ալիևը Ռուսաստան կատարած իր վերջին այցի ընթացքում քննարկել է ՌԴ նախագահ Պուտինի հետ։ Քաղաքագետը համոզված է՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն առ ոչինչ է։ Եթե մենք հրաժարվենք մեր ստորագրությունից՝ ոչինչ տեղի չի ունենա։ Ալիևը չի հարձակվում Հայաստանի վրա, քանի որ Արևմուտքից նրան թույլ չեն տալիս։
 
Մանրամասն՝ տեսանյութում
 
Վովա Հակոբյան