Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տավուշը «պայթեցնել» Երևանում և հասնել իշխանափոխության. Կիրանցում իրականացվող օպերացիայի շտաբը մայրաքաղաքի կենտրոնում է

Տավուշը «պայթեցնել» Երևանում և հասնել իշխանափոխության. Կիրանցում իրականացվող օպերացիայի շտաբը մայրաքաղաքի  կենտրոնում է
Քաղաքականություն
19:00, 04 май 2024
Տավուշում այս օրերին տեղի ունեցող բողոքի գործողություններին,  ինչպես հայտնի է, նախկին իշխանության կարկառուն, ինչպես ասում են՝ «ժողովրդի աչքերը մազոլ արած» ներկայացուցիչներն աշխատում են քիչ երևալ կամ ընդհանրապես չերևալ։   Քանի որ փորձը ցույց է տալիս, որ երբ որևէ զանգվածային միջոցառման վայրում  հայտնվում են ՀՀԿ-ի և «Հայաստան» խմբակցության պարագլուխներրը՝ ներառյալ հանրությանը հայտնի «գլխի տղաներ», և կամ այդ միջոցառման հետևում երևում են վերջիններիս  ականջները,  ապա երաշխավորված է այն նպատակի ձախողումը, որն իր առաջ դրել է տվյալ միջոցառումը։  Իսկ նպատակը, ինչպես մի առիթով դուրս է պրծել մի իմաստակի  շուրթերից՝ «եղել է, եղում և կեղի» իշխանազավթումը,  ավելի կոնկրետ՝ «նիկոլափոխումը»։  
Հատկանշական է, որ նույնիսկ Իշխան Սաղաթելյանը՝ ընդդիմության «լիցենզավորված» առաջնորդը, ռիսկ չի անում Կիրանց  մեկնել և ստանձել  «դիմադրությունը»՝ տեղում սատարել «Տավուշի արծիվ»-ներին՝ կազմակերպական և մասնակցային հարցերը թողնելով այլ  դեմք-դերակատարների, մասնավորապես Գառնիկ Դանիելյան, Սուրեն Պետրոսյան,  անշուշտ, առաջնորդությամբ  Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, որին իրենց աջակցությունն են հայտնում   «օպոզիցիոն» որոշ հոգևորականներ, ինչպես նաև  հանուն հայրենիքի պայքարողների մատյանում «ներկա» ստացող որոշ դերակատարներ՝ գործող իշխանության որոշ նախկին անդամներ, ինչպես նաև նախկին իշխանության է՛լ ավելի նախկին ներկայացուցիչներ, զորօրինակ՝ Վազգեն Մանուկյանն իր տիկնոջ հետ։  Այս քարոզչական տրյուկի իմաստն այն է, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե Տավուշի համար ոտքի է ելել բացառապես տեղի բնակչությունը՝ տավուշցին, դա ոչ թե կոնկրետ մեկ կենտրոնից թելադրված ու հովանավորվող միջոցառում է, այլ ինքնաբուխ հավաք՝ «վասն հողի հայրենյաց»։     

Նկատենք միաժամանակ, որ ընդդիմության մանդատավոր «խոսող բերաններից» շատերը՝  «Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև ՀՀԿ-ն՝ իր մեծ ու պստիկով,   իրենց հեռահար աջակցությունն են  հայտնել տավուշյան ցուցարարներին՝ «ճիշտ ա, մենք ֆիզիկապես ձեր կողքին չենք, բայց հոգով-սրտով ձեզ հետ ենք,  չկոտրվեք, մինչև տեսնենք՝ ինչ ա դուրս գալիս»  «քսիֆն» ուղարկելով։ Զորօրինակ՝  Լևոն Քոչարյանն իր Ֆեյսբուքի էջի «սթորի» բաժնում պարբերաբար կիսվում է տավուշյան ակցիաների տեսագրություններով։ Նա օրերս, օրինակ, կիսվել էր  Գառնիկ Դանիելյանի՝ ուշագնացությանը հաջորդած ուղերձով,  Աղվան Վարդանյանի՝ ոստիկաններին ուղղված բարոյախրատական «ճառիկով», նախօրեին էլ  կիսվել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հարցազրույցից մի հատվածով՝ տեսագրությանը կից գրելով. «Նիկոլի դեմքով ցույց է տրվում, թե ինչպիսին չպիտի լինի մարդը»։ Մենք սույն հոգևորականի մտավարժանքներին, որի ապրիլի 24-ին արած Ցեղասպանության «ուրացման» թեմայով արված հայտարարություններին հրապարակավ իր «ադաբրյամս»-ն  էր տվել Ռոբերտ Քոչարյանը,  դեռ կանդրադառնանք, իսկ մինչ այդ արձանագրենք՝ նախկին ռեժիմը ոչ միայն տավուշյան «թրենդի» մեջ է՝ իր անվերապահ սատարումը հայտնելով սահմանազատումը ձախողելու օպերացիային, այլև  դիրքավորված մայրաքաղաքի կենտրոնում՝ սպասում է, թե երբ է Կիրանցում բխած բողոքի «խոխոջուն աղբյուրը» «ահեղ սելավի» վերածվելու և հոսելու դեպի Երևան, կառավարության շենքի դիմաց, որպեսզի ստանձնի  հեղեղի   արտակարգ և օպերատիվ կառավարումը։  Բայց աղբյուրը, դատելով իրադարձությունների զարգացման տեմպից, կարծես  ավելի շատ ցամաքելուն է միտված, քան թե  սելավի վերածվելու՝ Տավուշի բնապատկերների ֆոնին հրապարակվող ռազմահայրենասիրական սելֆիները վկա։  
  
Եվ ուրեմն արձանագրենք՝ Տավուշում տեղի ունեցողը ոչ այնքան տավուշցիների նախաձեռնությամբ իրականացվող միջոցառում է, որքան տավուշցիների  ներգրավմամբ ու մասնակցությամբ՝ շահարկելով նրանց մոտ ի հայտ եկած բնական անհանգստությունը. նրբությունը, կարծում ենք, ակնհայտ է։ Սույն  միջոցառման  կառավարման  գրասենյակներն էլ գտնվում են Երևանի և աթոռանիստ քաղաքի համապատասխան հասցեներում, իսկ այդ գրասենյակների  «արտակարգ և լիազոր» ինստրուկտաժով, երևի դժվար չէ կռահելը, զբաղվում է  Երևանի կենտրոնում  տեղակայված մեկ այլ գրասենյակ։  Ֆիքսենք հընթացս՝ Տավուշում  սահմանազատմանը դեմ են ՀՀ ընդդիմությունը, եկեղեցին ու դաշնակից երկիրը (թեեւ Մարիա Զախարովայի շուրթերով «ողջունել» է)։ Եվ ուրեմն,  ի տես Տավուշի ակցիաների, գործ ունենք ոչ թե  «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության, այլ «Տավուշը՝ հանուն իշխանափոխության» օպերացիայի հետ,  որի կազմակերպիչներն ու հովանավորները հանրությանը հայտնի նույն սուբյեկտներն են, բայց այս դեպքում՝  նոր սուբյեկտների կերպարանքով։ 

Հ.Գ. Տեսնելով, որ Տավուշում տեղի ունեցող ակցիաները դոփում են տեղում՝ վերածվելով ռազմահայրենասիրական պոեզիայի ցերեկույթի,   եւ «բողոքականների» կրիտիկական զանգված չի հավաքվում, «տավուշյան արծիվները» որոշեցին քայերթով շարժվել դեպի մայրաքաղաք Երեւան։ Տավուշը, փաստորեն, Երեան է եւ վերջ։


Հ. Մ.