Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանը իշխանության գալու փորացավով է տառապում, բայց դա անհնարին է. Անհավանական է, որ հանրահավաքին մեծ մասնակցություն լինի

Քոչարյանը իշխանության գալու փորացավով է տառապում, բայց դա անհնարին է. Անհավանական է, որ հանրահավաքին մեծ մասնակցություն լինի
Քաղաքականություն
18:43, 04 ноябрь 2021
Համազգային դիմադրությունը սկիզբ է առնում։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ կոչ անելով մասնակցել նոյեմբերի 8-ին սպասվող իրենց հանրահավաքին։ «Հարգելի քաղաքացի, սա արժանապատվության ու դիմադրության կազմակերպման հանրահավաք է։ Արի Ազատության հրապարակ ու քո մասնակցությամբ ցույց տուր, որ մերժում ես Հայաստանի թուրքացումը, Արցախի հայաթափումը, իշխանավորների գանձագողությունը, մեր երկրի հերթական պարտությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Իշխող ուժի պատգամավոր, ազատամարտիկ Գագիկ Մելքոնյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով ընդդիմության հանրահավաքին, նկատեց, որ այդ ուժը երբեք չի կարող հաջողության հասնել, քանի որ որևէ հստակ ձևակերպած պահանջ չունեն, որևէ խնդիր չեն առաջադրել, և իրենց միակ նպատակը իշխանության գալն է։ Իսկ այդ նպատակի շուրջը հասարակության աջակցությունը իրենք չունեն:
«Իրենք ձգտում են իշխանության, որը  ժողովուրդը երբեք չի տա իրենց։ Ժողովուրդը իշխանություն ունի, ինքն է ընտրել ու դա երբեք հենց այնպես չի վերցնի ու տա ինչ-որ մեկին։ Իսկ իրենք անիմաստ թող միտինգներ անեն։ Անգամ իրենք չեն կարող ձևակերպել, թե ինչի համար են միտինգ անում։ Երազ են տեսել, թե ինչ-որ բան է ստորագրվելու և այլն, բայց կտեսնենք, թե ինչ կլինի։ Այդ մարդիկ, այդ ուժերը պարզապես իշխանության փորացավ են կպել։ Իշխանություն են ուզում, բայց չի լինելու»,- ասաց Մելքոնյանը՝ հավելելով, որ ոչ էլ  հանրահավաքին մարդ է գնալու, միայն իրենց աջակիցները:

«Ով էլ գնա  հանրահավաքին, իրենց փողով աջակիցներն են լինելու, իրենց պիցցայակերները։ Հենց նրանք են նորից պիցցայի հետևից հրապարակ գալու։ Իսկ հիմնական ժողովուրդը երբեք չի գալու նրանց հանրահավաքին։ Ժողովուրդը դրա համար պատճառ չունի։ Ժողովուրդը իշխանափոխության պահանջ չունի։ Իսկ այդ ուժի ամբողջ նպատակը իշխանության գալն է, որը, կրկնում եմ, անհնարին է»,- եզրափակեց Գագիկ Մելքոնյանը։  
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ Քոչարյանի, «Հայաստան» դաշինքի հիմնական նպատակն այս փուլում քաղաքական դիվիդենդներ հավաքելն է, սեփական հնարավորությունները ճշգրտելը, մարդկանց մեջ պայքարի որոշակի իմիտացիա ստեղծելն է, որը որևէ լուրջ հետևանք չի կարող ունենալ քաղաքական գործընթացների առումով. «Քոչարյանի կողմից կոչ անել-չանելը հասարակության մեջ որևէ էական փոփոխություն  չի առաջացնելու։ Այսպես թե այնպես այդ հավաքին մասնակցելու են այն մարդիկ, ովքեր հետևում էին այդ քաղաքական ուժին, ովքեր քվեարկել են նրանց օգտին։ Այսինքն՝ հասարակության այն հատվածը, որը մինչև հիմա էլ Քոչարյանի հետևորդ էր։ Անհավանական է, որ կլինի ավելի մեծ մասնակցություն, կամ հասարակության ավելի մեծ հատված կդառնա նրանց հետևորդ ինչ-որ կոչերի կամ հավաքների հետևանքով։ Առավել ևս, երբ հայտնի չէ, թե նոյեմբերի 9-10-ին ինչ է տեղի ունենալու։ Այդ քաղաքական ուժն ընդամենը փորձում է, անկախ զարգացումներից, օգտագործել հնարավորությունը սեփական քաղաքական հավակնությունների մասին բարձրաձայնելու  և քաղաքական դաշտում մի փոքր ավելի մեծ տեղ գրավելու համար»,- ասաց Ղևոնդյանը։

Քաղաքագետի խոսքով՝ Քոչարյանի համակիրների բանակը չի մեծանում ոչ թե այն պատճառով, որ իրենք հստակ պահանջներ չեն ձևակերպում,  խնդիրներ առաջ չեն քաշում, այլ այն պատճառով, որ նրանց համակիրները հավաքագրվել են կոնկրետ նպատակի շուրջը։ Իսկ այդ նպատակը նախկին բարքերը վերադարձնելն է, Հայաստանում  անպատժելիության և հանցավոր մթնոլորտի գերակայություն սահմանելն է, որին ականատես եղել ենք արդեն իրենց ղեկավարման տարիներին: «Իրենց նպատակը դա է։ Նրանք, ովքեր այդ տարիներին կարողացել են անձնական, սոցիալական կամ շատ այլ ոլորտներում հաջողությունների հասնել, նրանք այդ տարիների նկատմամբ որոշակի նոստալգիա ունեն, և հենց նրանք են այդ քաղաքական ուժի հետևորդները։ Այս քաղաքական ուժի համար հասարակության այլ հատվածներից համալրումներ շատ դժվար է ակնկալել։ Իրենց համար խնդիր է նաև իրենց կոնտինգենտին համախմբելն ու քաղաքական գործընթացներում համախմբված հանդես գալը»,- եզրափակեց քաղաքագետը։