Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքի մարզպետի որդին կալանավորվեց, իսկ Սուրիկ Խաչատրյանի կրակոցներ արձակած որդին՝ ոչ

Սյունիքի մարզպետի որդին կալանավորվեց, իսկ Սուրիկ Խաչատրյանի կրակոցներ արձակած որդին՝ ոչ
Հասարակություն
11:25, 23 сентябрь 2021
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսանը կալանավորվել է։ Տեղեկությունը Civic.am-ի հետ զրույցում հաստատեցին Քննչական ծառայությունից՝ հավելելով, որ գործով այլ մեղադրյալներ այս պահին չկան։  

Հիշեցնենք, որ հուլիսին 13-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի եւ ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի միջեւ ծագած վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, այնուհետեւ հնչել էին կրակոցներ։ Միջադեպի գործով կան տուժողներ։ 

Դեմքի ձախ կեսի հրազենային շոշափող վիրավորում, փափուկ հյուսվածքների ջնջխումով, ձախ ուսահոդի շրջանի շոշափող հրազենային վերք, որովայնի ստորին կեսի շոշափող հրազենային վերք, հեմորագիկ տրավմատիկ շոկ 2-րդ, 3-րդ աստիճան ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել Կարեն Պողոսյանի ընկերը՝ 34-ամյա Հարութ Վարդանյանն ու ձախ նախաբազկի վերին երրորդականի ծալիչ մակերեսի կտրած վերք 15-8 սմ ծալիչ մկանների նյարդերի վնասումով, գոտկային շրջանի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ Տիգրան Խաչատրյանի քեռին՝ 54-ամյա Մելիք Բարսեղյանը։
 
Բացի դա, «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ ծնկահոդի առաջային մակերեսի կեղեւապատած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 39-ամյա Գագիկ Բաբայանը։ Պարզվել էր, որ Գագիկ Բաբայանը վնասվածքը ստացել է հուլիսի 13-ին ժամը 23.00-ի սահմաններում, Գորիսի Գետափնյա եւ Գ. Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում՝ Կարեն Պողոսյանի եւ Տիգրան Խաչատրյանի միջեւ առաջացած վիճաբանության ժամանակ։ Կարեն Պողոսյանի կողմից միջադեպին ներկա է գտնվել Գագիկ Բաբայանը։ Այդ ընթացքում Տիգրան Խաչատրյանը ձեռքին եղած ատրճանակով կրակել էր վերջինիս ձախ ոտքի ծնկահոդի շրջանին՝ պատճառելով նշված վնասվածքը: Բաբայանը նշված վայրից անմիջապես գնացել էր տուն եւ չէր դիմել հիվանդանոց:

Միջադեպի կողմ Կարեն Պողոսյանը այս տարվա հուլիսի 21-ից ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։ 

Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, Գորիս քաղաքի բնակիչ, 33-ամյա Կարեն Պողոսյանը ինքնակամ ներկայացել է Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն։ 

Մարզպետի որդին քննչական գլխավոր վարչությունից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։