Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչու Բարձրաշեն գյուղի դպրոցում ջեռուցում չկա․ Պարզաբանում է Արարատի մարզպետարանի կրթության վարչության պետը

Ինչու Բարձրաշեն գյուղի դպրոցում ջեռուցում չկա․ Պարզաբանում է Արարատի մարզպետարանի կրթության վարչության պետը
Հասարակություն
16:10, 14 декабрь 2021
Արարատի մարզի Բարձրաշեն համայնքի դպրոցի աշակերտների ծնողներն ահազանգում են, որ դպրոցում ջեռուցման խնդիր կա, և իրենք երեխաներին չեն ուղարկի դպրոց, մինչև այդ խնդիրը չլուծվի։ Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է Արարատի մարզպետարանի կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանի հետ։

Նա ասաց, որ Բարձրաշենի դպրոցի շենքային պայմանները լավը չեն, անցյալ տարի էլ նույն խնդիրը կար, և այն ներառվել է ծրագրի մեջ, որով պետք է դպրոցի նոր մասնաշենք կառուցվի։ 

«Բայց մինչ այդ, որպեսզի անցյալ տարի խնդիրը լուծվեր, մոտ 1,5 միլիոն դրամի չափով ներդրում կատարվեց, որպեսզի հոսանքի լարերը փոխեն, և մինչև նոր դպրոցի կառուցումը կամ այդ գործընթացի ավարտը  կարողանային ջեռուցել։ Հիմա երեկ ծնողների և տնօրինության կողմից ահազանգ է եկել, որ դասարաններում ցուրտ է, և չեն կարողանում դասապրոցեսն անել։ Երեկ տնօրենի պաշտոնակատարը եկավ այստեղ, միասին իրավիճակը վերլուծեցինք և հանգեցինք այն եզրակացության, որ 1-4-րդ դասարաններում դասապրոցեսն իրականացնեն առկա ուսուցմամբ։ Այս որոշումը պայմանավորված է նրանով, որ դպրոցն ունի արևկող դասարաններ, որտեղ կարող են տեղավորվել 4 դասարաններ՝ պայմանով, որ այդ դասասենյակներում ապահովեն նորմալ ջերմային ռեժիմ, իսկ մյուս դասարաններում անցում կատարվի հեռավար ուսուցման»,- ասաց Ալբերտ Մկրտչյանը։ 

Վերջինս տեղեկացրեց՝ քանի որ նման նախաձեռնության հեղինակը պետք է լինի դպրոցը, ինքը տնօրենի պաշտոնակատարին հանձնարարել է, որ այսօր առավոտյան դպրոցում այդ հարցը քննարկեն մանկավարժների հետ, և եթե նմանատիպ որոշում կայացնեն, ապա դիմեն իրենց, որ իրենք էլ դիմեն նախարարությանը։ 

Նա ասաց, որ հոսանքի լարերը փոխվել են անցյալ տարի, բայց ըստ տնօրենի պաշտոնակատարի ներկայացրած տեղեկատվության՝ հնարավոր չի լինում մի քանի ջեռուցող սարքեր միացնել, երկուսն են միացնում, բայց երրորդը չի դիմանում։

Ալբերտ Մկրտչյանն ասաց, որ ինքը էլեկտրականության մասնագետ չէ և  չի կարող ասել՝ այդ փոխված լարերը ինչու չեն դիմանում, բայց հիմա իրենք արձանագրում են, որ կա խնդիր, և փորձում են խնդրին լուծում տալ՝ հեռավար ուսուցում կազմակերպելու միջոցով։   

Լիլիթ Թադևոսյան