Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչո՞ւ է Ժուռնալիստների միությունն անտեսել մարզերի ներկայացուցիչներին և դա պատճառաբանում՝ անդամավճարներ չվճարելով

Ինչո՞ւ է Ժուռնալիստների միությունն անտեսել մարզերի ներկայացուցիչներին և դա պատճառաբանում՝ անդամավճարներ չվճարելով
Հասարակություն
18:43, 02 февраль 2022
Հունվարի 29-ին տեղի ունեցած Ժուռնալիստների միության համագումարի վերաբերյալ օրերս մենք հարցազրույց էինք հրապարակել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի հետ, ինչից հետո  տեղի են ունեցել ուշագրավ հրապարակումներ մարզային ԶԼՄ-ների ղեկավարների կողմից, որոնց չեն տեղեկացրել համագումարի մասին։ Այդ առնչությամբ մենք զրուցել ենք Ժուռնալիստների միության անդամներ, մարզերում գործող երեք թերթերի խմբագիրների հետ։ 

Civic.am-ի հետ զրույցում «Սևան» թերթի խմբագիր, դեռևս 90-ական թվականներից Ժուռնալիստների միության անդամ Պապ Հայրապետյանը, որը նույնպես տեղյակ չի եղել համագումարի մասին, նախ մանրամասնեց համագումարի անցկացման կարգը:

«Սովորաբար համագումարի համար ընտրում են պատվիրակներ, Ժուռնալիստների միությունը մարզերում, քաղաքներում ունենում է սկզբնական կազմակերպություններ։ Մենք Սևանում ունեցել ենք Ժուռնալիստների միության Սևանի կազմակերպություն, այդ կազմակերպությունն ունեցել է իր անդամները։ Սևանում Ժուռնալիստների միության 7-8 անդամներ ենք ունեցել, և երբ համագումարներ պետք է լինեին, այդ 7-8 հոգին հավաքվում՝ պատվիրակներ էին ընդունում, Ժուռնալիստների միությունը տեղերը տալիս էր՝ 1 կամ 2 հոգի, և այդ պատվիրակները գնում և համագումարներին մասնակցում էին։ Նախկինում այդպես է եղել, իսկ Սաթիկ Սեյրանյանի գալուց հետո առաջին համագումարը, որ ինքն անցկացրեց, մեզնից շատերն էլի տեղյակ չեն եղել ու չեն մասնակցել։ Նույնը կատարվեց  նաև երկրորդի ժամանակ»,-ասաց Պապ Հայրապետյանը։

Այնուհետև նա նշեց, որ Միությունից պատճառաբանում են, թե Ժուռնալիստների միության կայքում հայտարարություն է եղել համագումարի վերաբերյալ, բայց համագումարում սովորաբար ոչ թե ով ուր ցանկանում գնում մասնակցում է, այլ պատվիրակներն են գնում մասնակցում, որոնք լիազորված են տվյալ մարզի ժուռնալիստների կողմից, հիմա նման բան չի եղել։ 
Խոսելով նաև Միության կողմից հնչած այն պարզաբանման մասին, որ իրենք Միությունից դուրս են մնացել այն պատճառով, որ անդամավճարներ չեն վճարել, Պապ Հայրապետյանն ասաց, որ իրենց որևէ մեկը տեղյակ չի պահել, որ գնան անդամավճար մուծեն, որպեսզի մնան այդ Միության կազմում, և անգամ ոչ մի ծանուցում չեն ստացել այդ մասին։

 «Այդ անդամավճարն էլ մի սիմվոլիկ գումար է, այնպես չի, որ մեր հնարավորության սահմաններում չի եղել, ու մենք չենք կարողացել վճարել։ Փաստորեն, ոնց որ նպատակադրված ձևով մարզային բոլոր լրագրողներին դուրս են թողել Միության կազմից։ Ես մի հարցազրույց երեկ տեսա, իրենք ասում են, որ երկու տարի անդամավճար չեն վճարել, դուրս են մնացել, բայց որևէ մեկի կողմից շահագրգռվածություն չկա՞ր, որ մարզերում թերթեր կան, մարզերում լրագրողներ կան, այդ լրագրողները բոլորն ընդգրկվեն Միության կազմում, ոչ թե դուրս մնան մեխանիկորեն։ Այսինքն՝ նպատակն այն է եղել, որ Սաթիկ Սեյրանյանն իր շուրջը հավաքել է միայն Երևան քաղաքի լրագրողներին։ Մարզայինները, իմ կոլեգաները, որոնց ես լավ ճանաչում եմ, և որոնք տարիներ շարունակ այդ Միության անդամ են եղել, դուրս են մնացել»,- ասաց Պապ Հայրապետյանը։

Նա ասաց, որ իրենք իրենց մտահոգությունն են հայտնում, թե ինչու են արժանացել նման անտարբերության, երբ որ իրենք ժամանակին  այդ Միության անդամ էին, Երևանից հատուկենտ լրագրողներ կային այդ Միության կազմում, և իրենք են պահել այդ կազմակերպությունը՝ Միության նախկին նախագահ Աստղիկ Գևորգյանի հետ, և կարողացել են շատ խնդիրների մասին բարձրաձայնել ու փորձել լուծումներ գտնել։

«Վարչության կազմում չեք տեսնի որևէ մեկի անունը, որը ներկայացնում է որևէ մարզ։ Առաջարկում ենք, որ այդ Միությունը կոչեն ոչ թե Հայաստանի ժուռնալիստների միություն, այլ Երևան քաղաքի ժուռնալիստների միություն. եթե մարզը ներկայացուցիչ չունի, ինչի համար ես ասում՝ Հայաստանի»,- ասաց Պապ Հայրապետյանը։

«Արագած աշխարհ» թերթի խմբագիր Վարդևան Գրիգորյանը նույնպես ասաց, որ իրենք բոլորովին անտեղյակ են եղել համագումարից ու վիրավորված են այդ վերաբերմունքից։

«Հենա, Երևանի մամուլի ակումբ ունենք, սա էլ դառնում է Երևանի Ժուռնալիստների միությո՞ւն։ Հինգ տարի շարունակ նա առհասարակ անտեսեց մարզային լրատվամիջոցներիս։ Ես նախորդ համագումարին առաջադրվել եմ նույնիսկ որպես նախագահության անդամ, ու լավ ենք մտաբերում, թե տիկին Սաթիկ Սեյրանյանն ինչպես չընտրվեց։ Նախորդ համագումարում ես չտեսա Նաիրա Զոհրաբյանին, բայց այս համագումարում չափազանց ակտիվ էր, չգիտես՝ լրագրողական հարցեր էր մեկնաբանում, թե ավելի շատ քաղաքական հարցադրումներ էր մեկնաբանում։ Տարիներ առաջ, երբ նա ԱԺ պատգամավոր էր, մարզերի թերթերի վերաբերյալ գրեթե ցինիզմով արտահայտվեց, որ մարզի թերթերը մարզպետների ուղերձներ տպագրող թերթեր են, դրանց ինչու պետք է ֆինանսավորել։ Մենք դրա համար հատուկ հոդված տպագրեցինք»,- ասաց Վարդևան Գրիգորյանը։

Խոսելով անդամավճարների մասին՝ Վարդևան Գրիգորյանն ասաց, որ իրենց նույնպես անդամավճարի համար ոչինչ չեն ասել, եթե դա են պատրվակ բերում։ Նա նշեց, որ վերջին հինգ տարվա մեջ Ժուռնալիստների միությունը որևէ հանդիպում իրենց մասնակցությամբ չի կազմակերպել։ 

«Արարատ» թերթի խմբագիր Նելլի Բեգլարյանն էլ ասաց, որ ինքը հեռուստատեսությունից է իմացել, որ Ժուռնալիստների միության համագումար է եղել, նման դեպքերում իրենց միշտ հրավիրել են։

«Ես նույնիսկ Աստղիկ Գևորգյանի ժամանակ վարչության անդամ եմ եղել։ Դրանից հետո մեր թերթի հետ կապ չի եղել։ Ընդհանրապես մարզային թերթերը մի տեսակ անտեսված են»,-ասաց Նելլի Բեգլարյանը։

Նշենք նաև, որ մեր զրուցակիցները դժգոհեցին, որ ԿԳՄՍ նախարարությունը դադարեցրել է պետական բյուջեից մարզային թերթերի աջակցությունը, քանի որ դա իրենց շատ ծախսեր կարողանում էր փակել։ Բացի դրանից, համայնքների խոշորացումը ևս խնդիրներ է առաջացրել նշված թերթերի համար։ Սակայն «Սևան» թերթի խմբագիրն ասաց, որ վստահ են՝ Սևան համայնքի ղեկավարն իրենց կօգնի, ինչը նախկինում ևս արել է, իսկ Նելլի Բեգլարյանը տեղեկացրեց, որ արդեն երեք ամիս է՝ թերթը չի գործում, և հենց երեկ այդ խնդրով եղել է Արարատի մարզպետի մոտ, որը տեղյակ է խնդրին, և փորձում են լուծումներ գտնել թերթի հետագա գործունեության համար։
Վարդևան Գրիգորյանը ևս նշեց, որ բյուջեից աջակցությունն իրենց շատ օգնում էր, և լավ կլիներ, եթե դա վերականգնվեր։     

Լիլիթ Թադևոսյան