Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ո՞ւմ քարոզիչն է լրագրողներին «իշխանական»-ի և «ոչ իշխանական»-ի սորտավորող Սաթիկ Սեյրանյանը՝ նախկին իշխանությա՞ն, թե՞ գործող ընդդիմության

Ո՞ւմ քարոզիչն է լրագրողներին «իշխանական»-ի և «ոչ իշխանական»-ի սորտավորող Սաթիկ Սեյրանյանը՝ նախկին իշխանությա՞ն, թե՞ գործող ընդդիմության
Քաղաքականություն
15:47, 02 февраль 2022
Օրերս Ժուռնալիստների միության նախագահի պաշտոնում վերընտրված «168 ժամ» թերթի ու նույնանուն կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը կայքերից մեկի հետ զրույցում անդրադարձել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի՝ Civic.am-ին տված հարցազրույցին։ Տիկին Սեյրանյանի պատասխան խոսքում տեղ են գտել այնպիսի  ձևակերպումներ և մտահանգումներ, որոնք ստիպում են տխուր հետևություն անել՝  Միության նախագահը ոչ թե լրագրողական համայնքին միավորող առաքելությամբ է ստանձնել այդ պատասխանատու պաշտոնը, այլ՝ պառակտող։  «Հայաստանի ժուռնալիստների միությունը օրենքի ու էթիկայի շրջանակներում գործող բոլոր լրագրողներին միավորող կազմակերպություն է՝ անկախ լրագրողների քաղաքական կամ այլ ուղղվածությունից ու նախընտրություններից։ Մինչդեռ նշյալ սուբյեկտը (նկատի ունի Մելիքյանին-խմբ.) զբաղված է հատկապես ու առավելապես իշխանական լրագրողների իրավունքների պաշտպանությամբ ու այլակարծության ցանկացած դրսևորման դեմ կատաղի պայքարով»,- ասել է ՀԺՄ նախագահը։  

Տիկին Սեյրանյանն, ինչպես տեսնում ենք, իր խոսքի սկզբում խոսում է Միության՝ օրենքի ու էթիկայի շրջանակներում գործող լրագրողներին միավորելու առաքելության մասին, սակայն խոսքի երկրորդ մասում հակասում է ինքզինքը՝ ռասիստական, պառակտիչ մոտեցում է ցուցաբերում  լրագրողական համայնքի հանդեպ՝ սորտավորելով  լրագրողներին «իշխանական»-ի և, փաստորեն,  «ոչ իշխանական»-ի։  «Իշխանականներն» էլ, իր գնահատմամբ,  պաշտպանության տակ են առնված, իսկ «ոչ իշխանականները»՝ անտեսված։ Նման մոտեցումը, բացի նրանից, որ  ակնհայտորեն խախտում է  լրագրողական համերաշխությունը, նաև  օբյեկտիվորեն հարց է հարուցում՝  տիկին Սեյրանյանը, եթե առաջնորդվելու լինենք իր իսկ արշինով, լրագրողների ո՞ր «ռասայի» կամ «կաստայի»   ներկայացուցիչ է՝ իշխանակա՞ն, թե՞ նախկին իշխանական, ընդդիմադի՞ր, թե՞ նախկին ընդդիմադիր։  Վերադառնալով Սեյրանյանի՝ «էթիկայի  շրջանակներում գործող բոլոր լրագրողներ» ձևակերպմանը՝ արժեր ճշտել ՀԺՄ նախագահից, թե ինքը կոնկրետ ի՞նչ նկատի ունի «լրագրողական էթիկա» ասելով, քանի՞  ԶԼՄ-ի անուն կարող է տալ, որոնք  հետևում են էթիկայի կանոններին, արդյոք իր ղեկավարած ԶԼՄ-ն նո՞ւյնպես մտնում է էթիկան հարգող ԶԼՄ-ների ցանկում,  և վերջապես՝ այդ էթիկայի ո՞ր  կետին հղում անելով է ինքը այսպիսի միտք ձևակերպել․  «Լրագրության և խոսքի ազատության վեհ արժեքների մասին խոսող մարդը պետք է որ իրեն թույլ չտար մասնագիտական խնդիրների բարձրաձայնման փոխարեն դառնալ սոցցանցային ակտիվիստ՝ հեղափոխությունից հետո իրեն ազգական դարձած մեկ այլ իշխանական քարոզչի հետ իրենց էջերը ողողելով իմ լուսանկարներով, կոլաժներով, ինչ-որ «սքրինշոթերով», բայց ունենք այն, ինչ ունենք»։ 

Էթիկայի մասին դասեր  տվող  տիկին Սեյրանյանը, ինչպես տեսնում ենք,  հենց ինքը դասեր  առնելու կարիք ունի, քանի որ իր խոսքում  դուրս է գալիս  ոչ միայն մասնագիտական էթիկայի սահմաններից,  այլև մտնում է անձնական դաշտ։ Իսկ անձնական դաշտում տիկնոջ հետ բանավեճ ծավալելուց ձեռնպահ կմնանք, քանի որ դա հակասում է  լրագրողական էթիկայի մասին մեր պատկերացումներին։
 
Բայցևայնպես հարկ ենք համարում արձանագրել. տիկին Սեյրանյանը, փաստորեն,  կարծում է, որ ինքն ու իր գործունեությունը ՀԺՄ նախագահի պաշտոնում  անքննելի են ու անքննադատելի, և իր անունը որևէ ԶԼՄ-ում  պետք է հոլովվի «իմ մասին միայն լավը  ու ուրիշ ոչինչ» սկզբունքով։  Հետևապես՝ Միության համագումարի մասին լրագրողական  դաշտում երկար տարիներ  գործունեություն ծավալող ՀԿ-ի ղեկավարից  հարցազրույց վերցնելը, զրուցակցի խոսքը տպագրելը պարսավանքի արժանի երևույթ է և ոչ մի կերպ չի տեղավորվում տիկին Սաթիկի իմացած ու պատկերացրած լրագրողական էթիկայի սահմաններում։  Եվ մի բան էլ. ՀԺՄ ոչ լեգիտիմ նախագահից  ակնկալում ենք հոդաբաշխ բացատրություն այն մասին, թե ո՞ւմ նկատի  ունի  «իշխանական քարոզիչ» ասելով,  և հատկապես ո՞ւմ քարոզիչն է ինքը այժմ՝ որպես ՀԺՄ նախագահ և ԶԼՄ-ի խմբագիր, որպես այլակարծության կատաղի ջատագով։  

Հ.Գ. Հարկ ենք համարում իրազեկել ՀԺՄ-ին, որ Միության  գործունեությանն առնչվող  հարցերի վերաբերյալ  տեղեկատվություն ստանալու նպատակով  հարցում ենք ուղարկել Միության պաշտոնական փոստին։  Հարցման մասին լրացուցիչ իրազեկել ենք՝  Միության ֆեյսբուքյան էջին  հաղորդագրություն ուղարկելով։ Ակնկալում ենք  օրենքով սահմանված ժամկետում ստանալ մեր հարցման պատասխանը։ 

Հեղինե Մանուկյան