Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանը Ժուռնալիստների միության անդամ չէ՝ պարզաբանում են Կառավարության աշխատակազմից. Սաթիկ Սեյրանյանի նախագահած միության կայքում տեղեկատվական շիլաշփոթ է

Նիկոլ Փաշինյանը Ժուռնալիստների միության անդամ չէ՝ պարզաբանում են Կառավարության աշխատակազմից. Սաթիկ Սեյրանյանի նախագահած միության կայքում տեղեկատվական շիլաշփոթ է
Հասարակություն
16:49, 03 февраль 2022
Հայաստանի ժուռնալիստների միության կայքի «Մեդիադաշտ» բաժնում կա «Ով ով է» ենթաբաժին, որտեղ զետեղված են հայաստանյան լրագրողական համայնքի ներկայացուցիչների լուսանկարներն ու կենսագրականները, որոնցում նշումներ կան նաև այն մասին, թե նրանցից ով երբ է անդամագրվել Ժուռնալիստների միությանը։ Հիշյալ ենթաբաժնում առկա են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարն ու կենսագրականը, որը, ենթադրում ենք, զետեղվել է նրա՝ վարչապետ դառնալուց հետո, ինչի մասին վկայում են թե՛ Փաշինյանի լուսանկարը, թե՛ հետևայլ նշումը՝ «2018 թ. մինչև օրս՝ ՀՀ վարչապետ»։

Թեև կայքում զետեղված կենսագրականում նշված չէ ՀՀ վարչապետի՝ ՀԺՄ անդամ լինելը, սակայն լրացուցիչ պարզաբանում ստանալու համար Civic.am-ը դիմեց վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն՝ ճշտելու, թե արդյոք Փաշինյանը ՀԺՄ անդա՞մ է։  Մեր հարցմանն ի պատասխան հայտնել են՝ Նիկոլ Փաշինյանը Ժուռնալիստների միության անդամ չէ։ 

Վարչապետի աշխատակազմից մեր մյուս հարցին՝ ՀՀ կառավարության կողմից պետական աջակցություն տրամադրվո՞ւմ է  ՀԺՄ-ին, պատասխանել են՝ ոչ, չի տրամադրվում։ 

Ի դեպ, վերոհիշյալ ենթաբաժնում զետեղված են նաև ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանի և Սիսակ Գաբրիելյանի, ինչպես նաև նախկին պատգամավորներ Վահագն Թևոսյանի, Միքայել Զոլյանի, Գայանե Աբրահամյանի, Հայկ Գևորգյանի, Արման Բաբաջանյանի  լուսանկարներն ու կենսագրականները։ Եվ թեև բացի Գաբրիելյանից և Թունյանից, մյուսները վաղուց արդեն պատգամավոր չեն, սակայն նրանց կենսագրականում անհրաժեշտ շտկումներ մտցված չեն։ Նկատենք, որ կայքն ուսումնասիրելիս բացահայտեցինք, որ դրանում  զետեղված ինֆորմացիան որոշ դեպքերում հին է, կայքով զբաղվող պատասխանատուն հավանաբար ալարում է կամ ժամանակ չի գտնում անհրաժեշտ խմբագրումներ կամ շտկումներ կատարելու՝ թյուրիմացության մեջ գցելով ու ապակողմնորոշելով կայքի այցելուներին։

Մասնավորապես,  «Ով ով» է բաժնում զետեղված լրագրողներից ոմանք կյանքից հեռացել են, սակայն ՀԺՄ-ի «տվյալներով»՝ դեռևս ողջ են։ Մասնավորապես, 2021 թվականի նոյեմբերին կյանքից հեռացել է Արա Գալոյանը, որը 2004 թվականից աշխատում էր ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանի խմբագրած «168 Ժամ» թերթում՝ որպես տնտեսական մեկնաբան, սակայն ՀԺՄ կայքում նշված է, որ Գալոյանը 2002թ. մինչև օրս «Շողակաթ» հեռուստաընկերության ծրագրերի տնօրենն է, նրա մահվան մասին որևէ նշում առկա չէ։ 2021 թ. սեպտեմբերին  մահացել է «Իմպուլս-մայակ» ռադիոկայանի տնօրեն Կորյուն Խումարյանը, սակայն, ըստ ՀԺՄ կայքի, 1971թ. մինչև օրս նա Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է, նրա մահվան մասին ևս նշում առկա չէ։ Քաղաքական գործիչ, նախկին «ԱԼՄ» մեդիա-հոլդինգի հիմնադիր և ղեկավար Տիգրան Կարապետյանը մահացել է 2021 թ. հոկտեմբերին, սակայն, ըստ ՀԺՄ կայքի, վերջինս 2000 թվականից մինչ օրս Միության անդամ է։ Թաթուլ Հակոբյանն էլ, օրինակ, արդեն մեկ տարի է՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի մեկնաբան-վերլուծաբանը չէ, սակայն, ըստ կայքի, շարունակում է լինել հիշյալ կայքի մեկնաբան։ Տիգրան Ավետիսյանը դադարել է լինել «Ազատ Եվրոպա»/«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության թղթակից, սակայն, ըստ կայքի, շարունակում է լինել։ Արա Շիրինյանը 2019 թվականի ապրիլի 4-ից  նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ, սակայն ՀԺՄ կայքում նրա անվան դիմաց գրված է «Շողակաթ» հեռուստաընկերության ռեժիսոր։  

Կայքում  առկա «շիլաշփոթն» այսքանով չի սահմանափակվում։ Մասնավորապես, «Տպագիր մամուլ» բաժնում որպես «Ժողովուրդ» թերթի խմբագիր նշված է Թագուհի Թովմասյանի անունը, մինչդեռ նա դեռևս պատգամավոր դառնալուց առաջ դադարել է լինել խմբագիր, և նրան այդ պաշտոնում փոխարինում է Քնար Մանուկյանը։ «Հայ զինվոր» հանդեսի գլխավոր խմբագիրը 2017 թվականից  Սամվել Հարությունյանն է, սակայն որպես խմբագիր նշված է Մհեր Հրաչյանի անունը, «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր է նշված Նիկոլ Փաշինյանի անունը, սակայն վերջինս 2012-ից դադարել է լինել խմբագիր, և այդ մասին, ի դեպ, նրա վերոհիշյալ կենսագրականում նշված է։ 2018-ի դեկտեմբերից փակվել է «Հայոց  աշխարհ» թերթը, սակայն, ՀԺՄ կայքի տվյալներով, այն դեռևս շարունակում է տպագրվել, խմբագիրն էլ Գագիկ Մկրտչյանն է։ «Հայաստանի Հանրապետություն» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը մահացել է 2019-ի ապրիլի 24-ին, սակայն նա, ըստ ՀԺՄ կայքի, շարունակում է խմբագրել հիշյալ թերթը։ Հիշյալ թերթի գործող խմբագիրը, նշենք, Արթուր Ղարագյոզյանն է։ Կայքի տվյալների փնթի վիճակի մասին բավարարվենք այսքանը ներկայացնելով։ 

Ի դեպ, ՀԺՄ՝ Սաթիկ Սեյրանյանի նախագահության անցած տարիներն ամփոփող տեսանյութում, որը զետեղված է կայքում, նշվում է, որ  «ստեղծվել և անխափան աշխատում է նաև միության կայք էջը, որի գործունեությունն ամբողջովին դադարել էր և անհասանելի դարձել՝ համապատասխան վճարումներ չկատարելու պատճառով»։ Այսպես էլ պարզ չի դառնում՝ գործող կայքը նո՞ր է ստեղծվել, թե՞ խոսքը հին կայքի վերագործարկման մասին է։ 
 
ՀԺՄ կանոնադրությունն էլ, որն, ի դեպ, թեև նորացվել է, սակայն զերծ չէ վրիպակից։ Դրան չէինք անդրադառնա, եթե միևնույն վրիպակին հանդիպած չլինեինք հին՝ 2015 թ. կանոնադրության մեջ։ Մասնավորապես, կանոնադրության «կազմակերպության նպատակները» պարբերության մեջ գրված է. «Պաշտպանել Կազմակերպության անղամների մասնագիտական շահերը»։ Անղամ բառ, որքան գիտենք, հայերենում չկա։ Այս «անմեղ» վրիպակը լավագույն բնութագրումն է կազմակերպության՝ իր անդամների նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին։ 

Ինչևէ։ Ենթադրում ենք, որ հիշյալ վրիպակի առկայությունը նորացված կանոնադրության մեջ հին կանոնադրության որոշ հատվածների «քոփի փեյսթի» հետևանք է։ 
 
Հեղինե Մանուկյան