Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայում պատերազմի հետևանքով զոհվել են հայազգի 3 զինվորական և 7 քաղաքացիական անձ. Ուկրաինայի հայերի միությունը առաջիկայում զոհերի վերաբերյալ մանրամասներ կհաղորդի

Ուկրաինայում պատերազմի հետևանքով զոհվել են հայազգի 3 զինվորական և 7 քաղաքացիական անձ. Ուկրաինայի հայերի միությունը առաջիկայում զոհերի վերաբերյալ մանրամասներ կհաղորդի
Հասարակություն
16:43, 16 март 2022
Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում ազգությամբ հայ 10 մարդ է զոհվել, որոնցից 3-ը զինվորական են, մնացած 7-ը՝ քաղաքացիական անձինք։ Տեղեկությունը Civic.am-ին հայտնեց Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը։ Նա նշեց, որ առաջիկայում հայտարարությամբ հանդես կգան և կհայտնեն զոհերի վերաբերյալ տվյալներ՝ անուն-ազգանուն, տարիք, ինչպես նաև այն բնակավայրերը, որտեղ զոհվել են։ 

Նշենք, որ ԶԼՄ-ները հաղորդել են Ուկրաինայում զոհված հայազգի երեք քաղաքացիների անձնական տվյալները՝ Վահիկ Սողոմոնյան, որը զոհվել էր Խերսոնում, Վահե Մամիկոնյան, որի զոհվելու մասին հանգամանքները դեռևս պարզված չեն (նրա լուսանկարը և զոհվելու մասին լուրը սոցցանցերում էր տարածվել), և Դավիթ Հարությունյան։ Վերջինս զոհվել է մարտի 1-ին, Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության ժամանակ։ Զոհված զինծառայողը ծնվել էր 2003 թվականի մարտի 8-ին Կյախտայում։ 

Կիևում ապրող հայ վերլուծաբան Մարատ Հակոբյանի փոխանցմամբ էլ՝ զոհվածները Չոնգար, Խերսոն, Մարիուպոլ, Խարկով, Կրիվոյ Ռոգ, Կիևի մարզի Իրպեն շրջաններից են։ Վերլուծաբանի տեղեկություններով՝ մահվան պատճառը ավիահարվածներն ու գնդակոծություններն են։