Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շատ վիրավորական են մեր հասցեին հնչած խոսքերը. զոհվածների մայրերը հաղորդում ներկայացրին ոստիկանություն. տեսանյութ

Վարչապետի տիկնոջ՝  Աննա Հակոբյանի կողմից մարտի 26-ին կազմակերպված միջոցառումը, որը նվիրված էր կանանց մեկամսյակին, և որին ներկա էին  Արցախյան բոլոր պատերազմներում զոհվածների մայրերը, կանայք, քույրերը, տատիկները, մի քանի օր է՝ շահարկումների առիթ է հանդիսացել: Որոշ շրջանակներ, ոտնահարելով բոլոր մարդկային և բարոյական արժեքները, սոցիալական ցանցերի միջոցով պիտակավորում են հարազատ կորցրած կանանց, վիրավորական արտահայտություններ հնչեցնում։

Այսօր զոհվածների մի խումբ մայրեր ներկայացել էին Ոստիկանություն՝ հաղորդում ներկայացնելու Ֆեյսբուք սոցիալական ցանցում իրենց վիրավորելու դեպքի կապակցությամբ։  

Մեզ հետ զրույցում ծնողներն ասացին, որ միջոցառմանը մասնակցելուց հետո իրենց նկատմամբ վիրավորանքների տարափ է սկսվել։ Ծնողների խոսքով՝ միջոցառման նպատակը եղել է այն, որ ծնողները զգան, որ իրենք միայնակ չեն։  

Միջոցառումից հետո սոցհարթակներով սկսել են վիրավորանքներ տեղալ ծնողների հարազատների հասցեին, լուրեր են տարածել՝ իբր ծնողները պարել են միջոցառման ընթացքում, ծախել իրենց զավակների արյունը և այլն։ Ծնողները պահանջում էին պատժել իրենց հասցեին վիրավորանքներ գրողներին։

Ծնողներից մեկն ասաց, որ իրենց տղաները հանուն հայրենիքի են զոհվել՝ ի տարբերություն շատերի, ովքեր խուսափել են զինվորագրվել։ 

Ոստիկանության լրատվականից մեզ տեղեկացրին, որ ծնողների հաղորդման հիման վրա նյութեր կնախապատրաստվեն։
 
Աննա Հակոբյանը ևս ստիպված եղավ անդրադառնալ թեմային և տեսաուղերձ հրապարակել, որում ևս մեկ անգամ, ինչպես միջոցառման ընթացքում, խնդրեց զոհվածների հարազատներին, մայրերին լինել ուժեղ և ստիպել հարգել իրենց որդիներին։

Մանրամասն՝ տեսանյութում:

Վովա Հակոբյան