Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքական հետքի մասին հրապարակումները անհեթեթություն են. իմ ձեռքի տակ են դեպքի լուսանկարները, երեխան ու մայրը չեն մորթվել. ՔԿ խոսնակ

Թուրքական հետքի մասին հրապարակումները անհեթեթություն են. իմ ձեռքի տակ են դեպքի լուսանկարները, երեխան ու մայրը չեն մորթվել. ՔԿ խոսնակ
Հասարակություն
15:30, 10 ноябрь 2022
Երեկ Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն բնակավայրում սահմռկեցուցիչ հանցագործություն էր տեղի ունեցել. 31-ամյա կնոջը և իր երկու անչափահաս երեխաներին՝ 8-ամյա որդուն  և 12-ամյա աղջկան, դանակահարելով սպանել էին իրենց բնակարանում: Առանձնակի դաժանությամբ սպանությունը ցնցեց հայ հասարակությանը և հատկապես գյուղի բնակիչներին, որոնց  համար անընկալելի է՝ ինչպես կարող է նման սարսափելի ողբերգություն տեղի ունենալ մի ընտանիքում, որ ապրում էր հանգիստ, սովորական կյանքով, իսկ տան հայրը արտագնա աշխատանքի է:

Դեպքի հետ կապված անորոշությունները շատ են, ծայրահեղական են նաև վարկածները, խոսակցությունները: Ընդդիմադիր մամուլում, մասնավորապես «Հրապարակում» շրջանառվեց վարկած, թե թելերով կապկպված մոր ու որդուն մորթել են, կտրել են նրանց երակները, որ թուրք դիվերսանտներ են ներխուժել գյուղ:   

Մեր լրատվականը կապ հաստատեց Պեմզաշեն բնակավայրի վարչական ղեկավար Աղասի Վարդանյանի հետ՝ պարզելու, թե իրականում ինչ են մտածում գյուղում: «Հավատացե՛ք, գյուղում չկան կասկածներ, որ թուրքը արած կլինի, ոչ մի գյուղացուց նման բան չեմ լսել: Ես էլ չեմ հավատում ու անհավանական եմ համարում, որովհետև այդպիսի տեղեկատվություն չկա: Չեմ հասկանում՝ որտեղից այդպիսի խոսակցություններ»,- հայտնեց համայնքի վարչական ղեկավարը:  

Հարցին՝ կնոջ գործընկերները, հարևանները նախորդ օրերին որևէ կասկածելի, անհանգստացնող խնդիր չե՞ն նկատել, ղեկավարն ասաց, որ ամբողջ  հարցը հենց այն է, որ չկա որևէ կասկածելի բան, որից հնարավոր լինի կառչել. «Ո՛չ գյուղացիները, ո՛չ հարևաններն ու բարեկամները, ո՛չ կոլեկտիվը այս ամեն ինչի հետ կապող բան չեն տեսնում»:  

Ինչ վերաբերում է լուրերին, թե երեխաները մորթվել են, նա տարակուսեց՝ ինչպե՞ս կարող են նման բաներ վստահ հայտարարել, եթե իրավապահները չեն թողել մոտենանք դեպքի վայրին, բացի դրանից՝ քննիչներն էլ հարազատներին չեն ասել նման բան: Նրանց միայն հայտնի է, որ թելով կապված է եղել կնոջ ձեռքերը, իսկ որդու՝ ձեռքերն ու ոտքերը:  

Վարչական ղեկավարն ասաց, որ նկատի ունենալով ժամանակին 102-րդ ռազմաբազայի սպայի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանությունը՝ որոշակի նմանություններ երբեմն տեսնում են, սակայն որևէ հիմք չունեն նման բան կասկածելու:

Վարդանյանը նաև հերքեց լուրերը, թե Պեմզաշենի քարհանքերում թուրքական ներդրումներ կան:

Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանը մեզ հետ զրույցում ևս կտրականապես հերքեց լուրերը, որ մորթվել են մայրն ու որդին, կամ կտրվել են նրանց երակները:  «Ես ձեռքիս տակ ունեմ դեպքի լուսանկարները, նման բան չկա: Ո՞վ է տարածում գլուխը կտրելու մասին հիմարությունները: Գլուխները պատին են տալիս»,- վրդովված նշեց խոսնակը:

Անդրադառնալով  հրապարակումներին, թե դաժան սպանության հեղինակները Թուրքիայի քաղաքացիներ են, ՔԿ-ի խոսնակն ասաց, որ նման բան չկա, իսկ ոչ մասնագիտական վարկածները չեն կարող հիմք լինել. «Ես Քննչականից ստացել եմ առայժմ տեղեկություն, որը դեպքի վայրի նկարագիրն է: Իսկ վարկածները կարող են հազար հատ լինել. քնից արթնացողը կարող է վարկած հորինել: Մեկն ասում է՝ թուրք է եղել, մեկը՝ ռուս սպա, մեկը՝ հանցագործ, մեկը անձնական պատճառներ է նշում»: 

Իսկ խոսակցությունը, թե դաժան սպանության հեղինակները կարող են թուրք դիվերսանտներ լինել, նա անհեթեթություն որակեց:

Թամարա Ղազարյան