Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Տվյալների գիտությունը բիզնեսում» և «Նյութագիտություն» ծրագրերով ֆինանսավորում ստացած 23 ուսանողներ ստացան իրենց հավաստագրերը

«Տվյալների գիտությունը բիզնեսում» և «Նյութագիտություն» ծրագրերով ֆինանսավորում ստացած 23 ուսանողներ ստացան իրենց հավաստագրերը
Հասարակություն
22:25, 21 ноябрь 2022
Երևանի պետական համալսարանում գործող «Տվյալների գիտությունը բիզնեսում» և «Նյութագիտություն» մագիստրոսական ծրագրերի շրջանակներում ֆինանսավորում ստացած 23 ուսանողներ ստացան իրենց հավաստագրերը։

«Արմենպրես»-ի հաղորմամբ՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհանիսյանը նշեց՝ մագիստրոսական երկու ծրագրերն էլ պահանջված են ուսանողների կողմից, իսկ տվյալ մասնագիտությունների պահանջարկը աշխատաշուկայում մեծ է։

«Երկու մագիստրոսական ծրագրերն էլ պահանջված ու հաջողված են։ Ուսանողների մեծ մասն արդեն աշխատում է։ Ծրագրերը հիանալի հնարավորություն են ուսանողների համար՝ բարձրացնելու իրենց որակավորումը և բարձր վարձատրությամբ աշխատանք ունենալու համար»,- նշեց ԵՊՀ ռեկտորը։

2017 թվականից Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում գործում է «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը, որի նպատակն է նախապատրաստել բարձրակարգ մասնագետների տվյալագիտության բարդ, հետաքրքիր և հեռանկարային ոլորտում: Ծրագիրը ուսանողներին հնարավորություն է տալիս դառնալու աշխարհում տեղի ունեցող «տվյալների հեղափոխության» մասնակիցը՝ տվյալագիտության մեջ առկա տեսական գիտելիքները փոխկապակցելով բիզնեսի պահանջներին:

ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրն իրականացվում է Սան Խոսեի պետական համալսարանի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ու Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) հետ համատեղ և PMI Science գիտահետազոտական կենտրոնի աջակցությամբ։ Դասավանդումն իրականացնում են կրթական ոլորտի, ՏՏ ընկերություններում աշխատող, հրավիրյալ լավագույն մասնագետներ, որոնք ուսանողներին տալիս են ոչ միայն տեսական, այլև գործնական գիտելիքներ։
Լավագույն ուսանողները նաև հնարավորություն ունեն 2-րդ կուրսից ուսումը շարունակելու ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանում` ստանալով կրկնակի դիպլոմ և անցնելով պրակտիկա Սիլիկոնյան հովտի կազմակերպություններում:

Մագիստրոսական այս ծրագրի մեկնարկից ի վեր ֆինանսավորում է տրամադրվել 63 ուսանողների: Այս տարի ֆինանսական աջակցություն կստանան ևս 20-ը՝ ընդհանուր 12 մլն 245 հազար 240 ՀՀ դրամի չափով:

ԵՊՀ ռեկտորի խոսքով՝ համալսարանում մագիստրոսական նոր ծրագրերը 5-6-ն են։ Նպատակ ունեն մագիստրատուրայում ունենալ փայլուն կրթական ծրագեր, որոնք կտարբերվեն բակալավրական ծրագրից։

«Նյութագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիրը մշակվել է ԱՄՆ-ի Նոթր Դամի համալսարանի, Տեխասի Ռիո Գրանդե Վելի համալսարանի, «Հուավեյ թեքնոլոջիս» ընկերության և գործընկեր այլ կազմակերպությունների առաջատար մասնագետների գործուն աջակցությամբ: Շուկայի պահանջներին համահունչ և միջազգային արդիական չափորոշիչներին համապատասխան մշակված այս ծրագիրը նախապատրաստում է նյութագետների, որոնք կարող են արդյունավետ գործունեություն ծավալել մեքենաշինության, մետաղամշակման, միկրոէլեկտրոնիկայի, հանքարդյունաբերության, քիմիական, սննդի, կենսաբժշկական նյութերի, դեղերի և կոսմետիկական միջոցների արտադրության, բնապահպանության, գյուղատնտեսության և հարակից այլ ոլորտներում։

Դասընթացների մի մասն անցկացվում է գործընկեր կազմակերպություններում՝ հնարավորություն ընձեռելով ուսանողներին լուծելու կիրառական խնդիրներ և ծանոթանալու աշխատաշուկայի պահանջներին։ «Նյութագիտություն» մագիստրոսական ծրագրի 1-ին կուրսի ուսանողներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով անցկացվել է մրցույթ՝ հիմնվելով ուսանողների կողմից իրականացված փոքր նախագծերի արդյունքների վրա։ Ուսանողներն արժանացել են բարձր գնահատականի և բոլորն այս տարի կստանան ֆինանսական աջակցություն՝ ընդհանուր 1 մլն 837 հազար 786 ՀՀ դրամի չափով։ Երկու ծրագրերի մրցույթի արդյունքներով ընտրված լավագույն 23 ուսանողներն այս տարի ստանում են ֆինանսավորում՝ յուրաքանչյուրը շուրջ 613,000 ՀՀ դրամի չափով, Հայաստանում գիտական էկոհամակարգի զարգացման ուղղությամբ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից և գիտահետազոտական կենտրոնի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում: Այսպիսով՝ այս տարվա ֆինանսական ընդհանուր աջակցությունը կազմում է 14 միլիոն ՀՀ դրամ:

ԵՊՀ ռեկտորը նշեց՝ Կենտրոնական բանկը հետաքրքրվածություն է ցուցաբերել «Տվյալների գիտությունը բիզնեսում» ծրագրի նկատմամբ։ Մագիստրոսական ծրագրի շրջանակներում Կենտրոնական բանկի հետ կստեղծվի նոր համագործակցություն։