Ֆիրդուսում այսօր առավոտից լարված իրավիճակ է. տեղում են Հարկադիր կատարման ծառայողները, ինչպես նաև ոստիկաններ: Սեփականատերերը նշում են, որ եկել են իրենց գույքը գնահատելու՝ հակառակ իրենց կամքին։
Քաղաքացիներից մեկի խոսքով՝ շինությունները պատկանում են իրենց, իսկ դատարանը միակողմանի որոշում է կայացրել, ինչից հետո եկել են հարկադիր կատարողները և փորձում են իրենց կամքին հակառակ գործողություններ կատարել: Ֆիրդուսի պահեստների սեփականատերերի և հարկադիր կատարողների միջև քաշքշուկ տեղի ունեցավ, որից հետո միջամտեց ոստիկանությունը։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղի ունեցածի վերաբերյալ տարածել է պարզաբանում՝ տեղեկացնելով, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 06.12.2022թ.-ին տրամադրվել է կատարողական թերթ, որի համաձայն՝ անհրաժեշտ է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով ապահովել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ փորձագետի/փորձագետների մուտքը Հանրապետության 8ա հասցե՝ ԵԴ/56674/02/2021 քաղաքացիական գործով 2022 թվականի հոկտեմբերի 13-ին նշանակված դատաապրանքագիտական փորձաքննության կատարման ընթացքն ապահովելու համար։
«Հարկադիր կատարողների կողմից այսօր Հանրապետության 8ա հասցեում իրականացվել են կատարողական գործողություններ՝ ապահովելու նշված կատարողական թերթի կատարումը։ Կատարողական թերթի հիման վրա կատարման ենթակա գործողություններն արդեն ավարտվել են»,- նշվում է կառույցի հայտարարության մեջ։
Անդրադառնալով տեսանյութերին, որոնցում ոստիկանները և Հարկադիր կատարողները ֆիզիկական ուժ են գործադրում բնակիչների նկատմամբ, ծառայությունը նշում է, որ «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 47-49-րդ հոդվածների համաձայն՝ իրեն ցույց տրված դիմադրությունը կամ ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ իր վրա կատարված հարձակումը կանխելու դեպքում հարկադիր կատարողն ունի ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելու, իսկ նրա կյանքին կամ առողջությանը սպառնացող իրական վտանգի առկայության դեպքում՝ հրազեն գործադրելու իրավունք։