Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արդարադատության նախարարությունն առաջարկում է չեղարկել պատվավոր կոչումները. նախագիծ

Արդարադատության նախարարությունն առաջարկում է չեղարկել պատվավոր կոչումները. նախագիծ
Հասարակություն
13:35, 27 март 2023
ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված՝ «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծով առաջարկվում է օրենքից հանել պատվավոր կոչումները և շնորհելու կարգը՝ «հաշվի առնելով թիրախային անձանց այլընտրանքային պարգևատրման կամ խրախուսման առավել արդիական եղանակների կիրառման հնարավորությունը»։ Այս մասին Civic.am-ը տեղեկացավ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։ 

Ներկայումս գործող կարգավորումների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմում է վարչապետը՝ սեփական նախաձեռնությամբ կամ Սահմանադրությամբ նախատեսված մարմինների, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց առաջարկությունների հիման վրա:

«Չնայած այն հանգամանքին, որ օրենքով պատվավոր կոչումների նախատեսման նպատակն ի սկզբանե եղել է առանձին ոլորտում առանձնակի հաջողություններ և ներդրում ունեցած անձանց խրախուսելը, պատվավոր կոչումներն իրավակիրառ պրակտիկայում չեն ապահովում հետապնդած նպատակների իրականացումը: Ավելին, պատվավոր կոչումների շնորհումը հաճախ դրական հետևանքներ ունենալու փոխարեն բացասական ազդեցություն է ունենում առանձին մասնագիտական հանրույթի ներսում առաջացող հարաբերությունների և առանձին մասնագիտությունների և կոլեկտիվների համարժեք հանրային ընկալման ձևավորման վրա: Վերոգրյալի հիման վրա առկա է անհրաժեշտություն՝ չեղարկելու Օրենքով նախատեսված պատվավոր կոչումները։   ...Օրենքով նախատեսված պատվավոր կոչումների շնորհումը ներկայումս բացասական ազդեցություն է ունենում ինչպես առանձին մասնագիտական ոլորտներում առողջ մրցակցության ձևավորման, արժանիքահեն առաջընթացի, այնպես էլ մասնագիտական տիրույթներում ներքին բարոյահոգեբանական մթնոլորտի վրա՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ գործող կարգավորումների պայմաններում առանձին անձանց ու կոլեկտիվներին պատվավոր կոչումների շնորհման առնչությամբ մասնագիտական հանրույթներում կոնսենսուսի ապահովման գործիքակազմ առկա չէ:

Ավելին, միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրինակելի փորձ ունեցող երկրներում, որպես կանոն, չեն գործում առանձին մասնագիտությունների տեր անձանց արժևորման նման ձևաչափեր՝ նախապատվությունը տալով առանձին մասնագիտական հանրույթի ներսում խրախուսման մեխանիզմների կամ մրցանակաբաշխությունների իրականացման պրակտիկային, որոնց հիմքում, սովորաբար, մրցութային հիմունքներով մասնակցությունն է և բաց մրցակցությունը կամ մասնագիտական հանրույթի կոնսենսուսը»,- մասնավորապես նշված է նախագծին կից հիմնավորման մեջ:

Մասնավորապես մշակույթի և արվեստի ոլորտում նախատեսված պատվավոր կոչումների չեղարկման անհրաժեշտությունը, ըստ հիմնավորման,  «պայմանավորված է այն հանգամանքով, որ որևէ արվեստագետի կամ մշակութային գործչի ժողովրդական լինելը չի կարող գնահատվել կամ որոշվել այս կամ այն փորձագիտական խմբի հայեցողությամբ: «Ժողովրդականություն» հասկացությունը չափելի և որևէ կոնկրետ չափանիշով գնահատելի չէ, ինչպիսի պայմաններում հնարավոր չէ նախատեսել այնպիսի օբյեկտիվ չափանիշներ, որոնք հնարավորություն կտան տվյալ ոլորտի գործիչների գործունեությանը և արժանիքներին տալ այնպիսի չափելի գնահատական, որը հնարավորություն կտա առանձնացնել առավել ժողովրդականներին կամ ամենաժողովրդականներին: Ակնհայտ է, որ «ժողովրդական» կոչումն ունի զուտ բարոյական նշանակություն, արտացոլում է ստեղծագործողի ժողովրդականությունը, հանրային ճանաչելիությունը, նրա կերպարի և գործունեության հանրային ընկալումը, ինչը չի կարող ո՛չ ստուգվել կամ չափվել, ո՛չ էլ, առավել ևս, վավերացվել կամ մերժվել որևէ իրավասու պետական մարմնի կողմից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է մշակութային հաստատությունների կառավարման արդիականացումը, ստեղծագործողի գործունեության արդյունավետության հարաբերականորեն չափելի ցուցիչների սահմանումը, անորոշ սկզբունքներով վաստակավոր և ժողովրդական արտիստների պատվավոր կոչումների շնորհումը ուղղակիորեն խոչընդոտում է կադրային քաղաքականության վերափոխմանը: Տիտղոսները վարկանիշային անձեռնմխելիության դեր են կատարում, որ կանխում է տվյալ կառույցի տնօրենի անկաշկանդ, կադրային քաղաքականության և ստեղծագործական սերնդափոխություն իրականացնելու իրավունքն ու հնարավորությունը»:

Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է օրենքով սահմանված բնագավառներում գործող մասնագետների համար ապահովել հավասար պայմաններ ինքնադրսևորվելու ու գործելու, այդ թվում՝ ստեղծագործելու համար, ապահովել առանձին մասնագիտական հանրությունների ներսում առողջ մրցակցության ու բարոյահոգեբանական պատշաճ մթնոլորտի ձևավորման, առանձին ոլորտներում օբյեկտիվ չափանիշներով աչքի ընկած մասնագետներին խրախուսելու արժանիքահեն, չափելի ցուցանիշների և մրցութային համակարգի վրա հենված գործիքակազմի ներդրում:   

Նախագծով առաջարկվում է չեղարկել հանրակրթության և գիտության, սպորտի, առողջապահության, տնտեսության, ճարտարապետության և շինարարության, իրավաբանության ոլորտներում շնորհվող պատվավոր կոչումները։