Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խաղաղ ակցիա Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին՝ ադրբեջանական անցակետը հանելու պահանջով․ Azatutyun

Խաղաղ ակցիա Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին՝ ադրբեջանական անցակետը հանելու պահանջով․ Azatutyun
Հասարակություն
15:41, 02 май 2023
Արցախցի երիտասարդները Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին խաղաղ ակցիա են սկսում՝ ադրբեջանական անցակետը հանելու պահանջով։

«Բերձորի միջանցքում ապօրինի տեղադրված Ադրբեջանի կողմից անցակետը մեր համար կարմիր գիծ է և անթույլատրելի: Ակցիան շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև տվյալ անցակետը այնտեղից չհեռացվի», - ասաց ակցիան նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Բաղրյանը:

Բաղրյանն ասում է՝ իրենց շուրջ 100 կամավորներ են միացել, դեռ ապրիլի 28-ից են արցախցի երիտասարդներն սկսել ստորագրահավաք՝ «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» խորագրով, պահանջը Արցախի ապաշրջափակումն է, ավելի քան 20 հազար ստորագրություն են հավաքել, ու այդ գործը դեռ շարունակելու են: Ըստ Դավիթ Բաղրյանի, այդ փաթեթը պետք է հասնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ ու Հայաստանի իշխանությանը։

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ որպես Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրով Արցախի Հանրապետության հարցում իրավական և քաղաքական պատասխանատվության ստանձնած պետության կառավարության ղեկավարի», - նշեց Դավիթ Բաղրյանը:

Ստորագրահավաքին միացել էր նաև նախագահ Արայիկ Հարությունյանը. Արցախում տարբեր շարժումներ են ձևավորվում այն բանից հետո, երբ ադրբեջանական կողմը Արցախը ավելի քան 4 ամիս շրջափակման մեջ պահելուն զուգահեռ՝ անցակետ տեղակայեց Հակարիի կամրջի վրա։ Կիրակի օրը Ադրբեջանը արդեն տեսանյութով ներկայացրեց, թե ինչպես են մի քանի արցախցիներ, նրանց մեքենաները մանրամասն ստուգման ենթարկվում:

Շուշիի շրջանի 4 գյուղեր իններորդ օրն է կրկնակի բլոկադայի մեջ են՝ այդտեղ ապրողներից մի քանի հոգի էին որոշել ադրբեջանցիների միջով անցնել, Գորիսից գնումներ անել, վերադառնալ.... ադրբեջանական նկարահանվող ստուգումից հետո արդեն ոչ ոք դեպի կամուրջ չի գնում:

«Կարիքը կա, ոնց չկա, ես շուտվանից եմ ասել, մարդիկ հիմա մեկը մյուսին պարտքով տալիս են, յոլա են գնում», - նշեց Շուշիի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը:

Շուշիի վարչակազմի ղեկավարը շեշտում է 4 գյուղերի բնակիչներ՝ շուրջ 350 հոգի, ոչ ռուս խաղաղապահներից, ոչ էլ Կարմիր խաչից հումանիտար բեռ չեն ստացել, սննդի ու դեղորայքի ճգնաժամը խորանում է:

Ադրբեջանական անցակետը հանելու արցախից հնչող կոչերին զուգահեռ՝ Ադրբեջանը շարունակում է վերազինել անցակետը. այսօր էլ Բաքվի լրատվամիջոցները հաղորդում են՝ շարժական ռենտգեն սկաներ է տեղադրվել, ժամում 23 բեռնատար կստուգի։

Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի ճակատագիրը խոստացել է ճշգրտել ռուս խաղաղապահ զորակազմի նոր հրամանատարը, երեկ ասել է՝ առաջիկա օրերին ադրբեջանական կողմի հետ կհանդիպի ու շաբաթվա վերջում տեղյակ կպահի պաշտոնական Ստեփանակերտին։

Աղբյուր՝ azatutyun.am